Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական ֆիզիկայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1932թ.-ին։

Ամբիոնը հիմնադրվել է որպես ֆիզիկայի ամբիոն, որի առաջին վարիչը եղել է Զ. Միքայելյանը: 1933-35թթ.-ին այն ղեկավարել է անվանի ֆիզիկոս Հ.Անժուրը, ով միաժամանակ Երևանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի ղեկավարն էր:

1935-1947թթ.-ին ամբիոնի վարիչ Ե.Ս. Ադամյանի կողմից մշակվել են առաջին ուսումնական ծրագրերը, ձեռք բերվել ուսումնական որոշ սարքավորումներ:

1947-1967թթ.-ին ամբիոնը ղեկավարել է Ա.Ա. Ալեքսանդրյանը, ում շնորհիվ ամբիոնում սկսել են զբաղվել գիտական հետազոտություններով: Դրանք վերաբերում էին Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և որոշակի հիվանդությունների տարածվածության միջև կապի բացահայտման խնդիրներին:

Ամբիոնի հաջորդ ղեկավարի` Վ.Հ. Վարդանյանի (1967-1981թթ.) նախաձեռնությամբ ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության մեթոդական հանձնաժողովում ստեղծվել են բժշկական բուհերի ֆիզիկայի դասավանդման նոր ուսումնական ծրագրեր: 1971-ին ամբիոնին կից բացվել է արդի փորձարարական մեթոդներով գիտահետազոտական լաբորատորիա: Հետագայում այստեղ ստացված գիտական արդյունքները հաշվի առնելով` ԽՍՀՄ առողջապահության նախարարությունն ամբիոնի բազայի վրա կազմակերպել է միջազգային սիմպոզիում` «Բժշկական մագնիսակենսաբանության և մագնիսաբուժման հրատապ խնդիրները» թեմայով:

1981-1991թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Ռ.Ս. Հովհաննիսյանը, 1991-1996 թթ.-ին` պրոֆեսոր Գ.Մ.Հարությունյանը:

1996-2005թթ.-ին, երբ ամբիոնը ղեկավարում էր պրոֆեսոր Հ.Հ. Աբգարյանը, ձեռք են բերվել համակարգչային ուսուցողական նյութեր, որոնք նպաստել են հատկապես անգլալեզու ուսանողների ուսուցմանը: Անգլերենով հրատարակվել են «Բժշկական և կենսաբանական ֆիզիկա» (Հ. Աբգարյան, Վ.Մուսախանյան), «Բարձրագույն մաթեմատիկա» (Ս. Հարությունյան) դասագրքերը, լաբորատոր և «Բժշկական ինֆորմատիկա» առարկայի մեթոդական ցուցումներին նվիրված աշխատանքներ: Էապես ընդլայնվել են ուսանողների համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված ուսումնական աշխատանքները:

1998-2000թթ. Կանադայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում Դոցենտ Ս. Քոչարյանի ղեկավարությամբ կատարելագործվել է «Բժշկական ինֆորմատիկա» առարկան, հրատարակվել է 7 մոդուլներց բաղկացած եռալեզու դասագիրք և կահավորվել համակարգչային լսարան:

2006-ին որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար աշխատել է դոցենտ Գ.Ա. Տոնոյանը, 2006-2011 թթ.-ին` պրոֆեսոր Յու.Ս. Բաբայանը: Վերջինիս ղեկավարման տարիներին հրատարակվել են «Բարձրագույն մաթեմատիկա» և «Բժշկական ֆիզիկա» ուսումնական ձեռնարկները:

2011թ-ի օգոստոսից մինչը 2016թ. ամբիոնը ղեկավարել է ֆ.մ.գ.թ. դոցենտ Լ.Ս. Պետրոսյանը:

2016թ. սեպտեմբեր ամսից ամբիոնի վարիչն է կ.գ.թ., դոցենտ Ս. Պ. Քոչարյանը:

Ամբիոնի բազայի վրա դոցենտ Ս.Քոչարյանի ղեկավարությամբ, ամբիոնի դասախոսներ Բելլա Բալասանյանի, Արծվիկ Հովհաննիսյանի մասնակցությամբ գործում է գիտական աստիճանաշնորհման համակարգի «Ինֆորմատիկա» առարկայի որակավորման հանձնաժողովը:

Ուսուցում

Ամբիոնում դասավանդվում են բարձրագույն մաթեմատիկա, ինֆորմատիկա և բժշկական ֆիզիկա, որոնք ավարտվում են համապատասխանաբար ստուգարքով և քննությամբ ու թեստային հարցմամբ՝ համաձայն ԵՊԲՀ-ում ընդունված կարգի: Դասախոսություններն իրականացվում են դիտակտիկ նյութերի կիրառմամբ (տեսագրություններ և ձայնագրություններ), իսկ գործնական պարապմունքներին զուգահեռ, ամբիոնում շաբաթական 3 անգամ կազմակերպվում են կոնսուլտացիաներ ուսանողների հարցերին պատասխանելու համար:

Բացի առաջին կուրսեցիներից ամբիոնը դասավանդում է նաև քոլեջի առաջին և երկրորդ կուրսի ուսանողներին հանրահաշիվ, երկրաչափություն, ինֆորմատիկա և ֆիզիկա առարկաները: Ֆիզիկա առարկան նաև դասավանդվում է նախապատրաստական կուրսում սովորող արտասահմանցի ուսանողների համար:
Ամբիոնի աշխատակազմը պատրաստակամ է ուսանողների հետ համատեղ քննարկել նրանց հետաքրքրող հետազոտական աշխատանքները և ուղղորդել նրանց այդ բնագավառում ինքնուրույն զարգանալու համար:

Ամբիոնը հագեցած է անհրաժեշտ գրականությամբ:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով`

  • «Ջրաաղային փոխանակության ցուցանիշների և էնդոկրին տեղաշարժերի ֆունկիոնալ փոխկապվածության մաթեմատիկական մոդելավորումը և քրոնոկենսաբանական տեսանկյունները» /թեմայի ղեկավար՝ Ս. Քոչարյան/
  • «ԴՆԹ-cis DDPt և ԴՆԹ-cis DDPd կոմպլեքսների համեմատական հետազոտություն» /թեմայի ղեկավար՝ Շ. Սարգսյան/
  • «Նուկլեինաթթուների հակաուռուցքային միացությունների հետ կոմպլեքսների կոոպերատիվ փոխակերպումներ» /թեմայի ղեկավար՝ Հ. Սնգրյան/
  • «Ներդրված գրավիտացվող համակարգերի հավասարակշռության և կայունության հարցեր » /թեմայի ղեկավար՝ Ս. Հարությունյան/
  • «Միջգոտիական անցումները և էլեկտրոնային վիճակները գլանային համաչափությամբ քվանտային նանոհամակարգերում արտաքին դաշտերի առկայությամբ» /թեմայի ղեկավար՝ Ա. Աթայան/
  • «Կիսահաղորդչային նանոկառուցվածքների էլեկտրոնային և օպտիկական հատկությունների վրա փոխադարձ դիֆուզիայի և արտաքին դաշտերի ազդեցության տեսական ուսումնասիրություն» /թեմայի ղեկավար՝ Վ. Մուղնեցյան/
  • «Ուրցադաղձ վայրի ռեհանաուրցանմանի (Ziziphora Clinopodioides Lam.) ստանդարտավորման ֆիզիկաքիմիական մեթոդների մշակում» /թեմայի ղեկավար՝ Գ. Ուլիխանյան/