Պատմություն
Ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնը հիմնադրվել է 2018 թվականին՝ Ներքին հիվանդությունների ամբիոնների վերակազմակերպման արդյունքում։
Ռևմատոլոգիա առարկան մինչ այդ դասավանդվել է որպես թերապիայի բաղկացուցիչ մաս: Ամբիոնի ստեղծումը պայմանավորված էր ռևմատոլոգիական հիվանդություններով տառապող պացիենտների ախտորոշման և բուժման առանձնահատկություններով, այս հիվանդությունների տարածվածության համաշխարհային աճով, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող բժշկական օգնության և մասնագիտացված կրթության աճող պահանջարկով։
Ամբիոնի հիմնադրումը նպատակ ուներ նաև արձագանքել ժամանակակից գիտական մարտահրավերներին և նպաստել ոլորտի ակադեմիական ու կլինիկական զարգացմանը։
Կրթություն և ուսուցում
Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է ցիկլային ծրագրով՝ ներառելով թե՛ դասախոսություններ, թե՛ գործնական պարապմունքներ։ Ռևմատոլոգիան բազմաբաղադրիչ առարկա է, և ուսումնական գործընթացը կառուցված է այնպես, որ ապահովի ինչպես տեսական գիտելիքների, այնպես էլ գործնական կլինիկական հմտությունների զարգացումը։
Յուրաքանչյուր ուսումնական ցիկլի ավարտին, թեստային քննությունից բացի, ստուգվում է ուսանողների գործնական հմտությունները (mini clinical examination), որը գնահատում է ձեռք բերված գործնական կարողությունները։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս առավել օբյեկտիվ գնահատել ուսանողների պատրաստվածությունը կլինիկական գործունեության համար։
Ամբիոնում ակտիվորեն ներդրվում են ժամանակակից կրթական գործիքներ։ Մասնավորապես, օգտագործվում է Doctor-Lex բջջային հավելվածը՝ կլինիկական դեպքերի քննարկման համար, ինչը նպաստում է ուսանողների կլինիկական մտածողության և որոշումների կայացման հմտությունների զարգացմանը։
Ամբիոնի կարևոր ձեռքբերումներից է 2020 թվականին հայերեն առաջին ռևմատոլոգիայի դասագրքի հրատարակումը, որի հեղինակն է ամբիոնի վարիչ՝ դոց․ Քնարիկ Գինոսյանը, Այս աշխատությունը նշանակալի ներդրում է բժշկական կրթության զարգացման մեջ Հայաստանում։
Ներկայումս ամբիոնը մասնակցում է նաև Վիրտուալ օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության (VOSCE) ներդրմանը՝ բարձրացնելով կրթության և գնահատման որակը։
Առարկան դասավանդվում է 5-րդ կուրսում՝ ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետներում, և ներառված է մոդուլում՝ մաշկաբանության և ալերգոլոգիայի հետ միասին։ Դասավանդումը իրականացվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Բացի նախադիպլոմային կրթությունից, ամբիոնն առաջարկում է նաև հետդիպլոմային ծրագրեր՝ ներառյալ երկամյա կլինիկական օրդինատուրա ռևմատոլոգիայի գծով, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ ռևմատոլոգների, ընտանեկան բժիշկների և թերապևտների համար։
Գիտական գործունեություն
Հիմնադրման պահից ամբիոնը ակտիվորեն զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ։ Ամբիոնի աշխատակիցները հրապարակել են բազմաթիվ գիտական հոդվածներ, թեզիսներ և կլինիկական դեպքերի նկարագրություններ՝ ինչպես հայկական, այնպես էլ միջազգային գիտական հանդեսներում, որոնք ներառված են խոշոր տվյալների բազաներում, այդ թվում՝ PubMed։
Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են բարձր ազդեցության միջազգային հանդեսներում, ինչպիսիք են Annals of the Rheumatic Diseases, BMJ Case Reports, Lupus Science and Medicine և International Journal of Clinical Rheumatology։
Ամբիոնի աշխատակիցները ամեն տարի մասնակցում են միջազգային գիտաժողովների և կոնգրեսների՝ ներկայացնելով իրենց հետազոտությունները եվրոպական և ամերիկյան մասնագիտական հարթակներում։
Համագործակցություն
Ամբիոնը պահպանում է ակտիվ համագործակցություն միջազգային և տեղական առաջատար հաստատությունների հետ և կարևոր դեր ունի համաշխարհային ռևմատոլոգիական համայնքում։
Աշխատակիցները համագործակցում են European Alliance of Associations for Rheumatology կազմակերպության հետ՝ մասնակցելով դրա գիտական և կրթական նախաձեռնություններին։
Ամբիոնը ներգրավված է նաև Group for Research and Assessment of Psoriasis and Psoriatic Arthritis գործունեության մեջ՝ նպաստելով փսորիազի և փսորիատիկ արթրիտի ուսումնասիրմանը։
Համալսարանի կլինիկական բազաները՝ «Հերացի» և «Միքայելյան» հիվանդանոցները, մասնակցում են միջազգային հետազոտական ծրագրերին, ներառյալ EUSTAR ռեգիստրին և համահայկական NAREG ռեգիստրին՝ տրամադրելով արժեքավոր կլինիկական տվյալներ։
Բացի այդ, ամբիոնը համագործակցում է Վ. Նասոնովայի անվան ռևմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի, ֆրանս-հայկական «Santé Arménie» կենտրոնի և Ռուհրի գերազանցության ռևմատոլոգիական կենտրոնի հետ՝ ամրապնդելով միջազգային գիտական կապերը և խթանելով համատեղ հետազոտությունները։
Կլինիկական գործունեություն
Ամբիոնի կլինիկական բազաներն են համալսարանական «Հերացի» և «Միքայելյան» հիվանդանոցները, որտեղ ուսանողները և օրդինատորները ձեռք են բերում գործնական հմտություններ և մասնակցում ռևմատոլոգիական հիվանդություններով պացիենտների ախտորոշման և բուժմանը։
Անձնակազմ
Ամբիոնի վարիչ՝
- Քնարիկ Գինոսյան , բ.գ.թ., դոց
Դասախոսական կազմը՝
- Թամարա Բայրամյան – բ.գ.թ., դոց
- Շուշաննա Արիստակեսյան
- ՆԻկոլայ Եղիազարյան
- Սյուզաննա Բազեյան
- Մագդա Օսիպյան
Ասիստենտներ՝
- Սվետլանա Հարությունյան
- Լիլիթ Վարդանյան
- Լուսինե Եդոյան