Նյարդավիրաբուժության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվելէ 2010թին:

Ամբիոնի վարիչ` Ռուբեն Վիկտորի Ֆանարջյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


Երևանի բժշկական ինստիտուտում նյարդավիրաբուժությունն առաջին անգամ դասավանդվել է 1962թ-ին, օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի բազայում, որն այդ ժամանակ ղեկավարել է Հայաստանում մասնագիտության հիմնադիրներից մեկը՝ Սոկրատ Ստեփանի Հովհաննիսյանը:

1964թ-ից այս գիտահետազոտական ինստիտուտի նյարդավիրաբուժության կլինիկան հանդիսանում էր ԵՊԲԻ-ի բազան: 1966թ-ին հիմնվել և մինչև 1971թ-ը գործել է միավորված ամբիոն` ընդգրկելով վնասվածքաբանությունը, ռազմադաշտային բժշկությունը և նյարդավիրաբուժությունը: 1971թ-ից մինչև 2002թ-ը «Նյարդավիրաբուժություն» առարկան ինստիտուտում դասավանդվում էր նյարդային հիվանդությունների հետ համատեղ՝ հանդիսանալով նյարդային հիվանդությունների ամբիոնին կից նյարդավիրաբուժության կուրս: 2002թ-ից կուրսն առանձնացվել է նյարդային հիվանդությունների ամբիոնից` դառնալով նյարդավիրաբուժության կուրս, իսկ 2010թ-ից ստացել է ամբիոնի կարգավիճակ: 2011թ-ի սեպտեմբերից կատարվել է ԵՊԲՀ և ՀՀ ԱՆ Ս.Խ.Ավդալբեկյանի անվան ԱԱԻ-ի նյարդավիրաբուժության ամբիոնների միացում

Նյարդավիրաբուժության կուրսի հիմնադիրն ու ավիլի քան 30 տարիների ընթացքում անփոփոխ ղեկավարն է եղել դոցենտ Սոկրատ Հովհաննիսյանը: Ժամանակի պահանջներին համապատասխան` նյարդավիրաբուժական համալիրի ստեղծմանը զուգընթաց Ս. Հովհաննիսյանը պատրաստել է բազմաթիվ բարձր որակավորում ունեցող մասնագետ-նյարդավիրաբույժների, որոնցից շատերն այսօր ղեկավարում են բարձրակարգ նյարդավիրաբուժական բաժանմունքներ ինչպես Հայաստանում, այնպես էլ` Ռուսասատանում: Ս. Հովհաննիսյանը 1952-1957թթ.-ին եղել է տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1962-1966թթ.` ԵՊԲՀ-ի ռեկտոր, ունի Հայաստանի վաստակավոր բժշկի կոչում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, պարգևատրվել «Կարմիր աստղի» շքանշանով և 5 մեդալներով: Նա մեծ ներդրում ունի Հայաստանում նյարդավիրաբուժության զարգացման գործում, հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների: 1994թ.-ից կառույցը ղեկավարում է Ռ.Վ. Ֆանարջյանը:

Ուսուցում

Նյարդավիրաբուժության ամբիոնում սովորում են ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողները: 2005թ-ից օտարազգի ուսանողների համար սկսվել է նաև անգլերենով ուսուցման գործընթաց: Նյարդավիրաբուժություն առարկան դասավանդվում է 4-րդ կուրսում և ընդգրկված է մոդուլ 19 ձևաչափի մեջ: Ուսուցման ընթացքում կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ՝ անհատական համակարգիչներ, գրաֆոպրոյեկտորներ, մուլյաժներ, աուդիովիզուալիզացնող տեխնիկա: Վերջին տարիներին ամբիոնի աշխատակիցների կողմից կազմվել և հրատարակվել են առարկայական տարբեր հայերեն, ռուսերեն, անգլերեն ուսումնամեթոդական ձեռնարկներ: Դրանցից են «Գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների ժամանակ անեսթեզիան և ռեանիմացիան» (2002թ. Երևան), «Նյարդավիրաբուժություն» (2010թ. Երևան, հայերեն, ռուսերեն, անգլերեն), «Գլխուղեղի կաթվածներ» (2010թ. Երևան) ձեռնարկները, «Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողային սկավառակների ճողվածքների ախտորոշումը և էնդոմիկրոնեյրովիրաբուժական բուժումը» (2011թ. Երևան):

Ներկա պահին ամբիոնում ուսում են ստանում 19 կլինիկական օրդինատորներ և ավելի քան 1000 ուսանողներ:

Ամբիոնի կլինիկական բազաներն են`

  • ԵՊԲՀ-ի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը,
  • «Արմենիա» ՀԲԿ – ավագ դասախոս` Կ.Մ. Նահապետյան, դասախոս` Ա.Վ. Կոչկանյան,
  • «Էրեբունի» ԲԿ – բ.գ.դ. պրոֆեսոր Մ.Ա. Եղունյան,
  • «Սուրբ Աստվածամայր» ԲԿ – պրոֆեսոր Մ.Մ. Մարտիրոսյան, որտեղ ստեղծվել են առարկայի ուսուցման համար նախատեսված համապատասխան կահավորմամբ ուսումնական սենյակներ, լսարաններ:
  • Արթմեդ ԲԿ – դոցենտ Ա.Ն. Զաքարյան
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ – դասախոս` Ս.Հ. Բադալյան, դասախոս` Ռ.Ա. Վարոսյան
  • Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ – դոցենտ Դ.Ա. Պատրիկյան

Յուրաքանչյուր բազայում տարեկան կատարվում է մոտ 200-400 վիրահատություն, հիմնականում` ամբիոնի աշխատակիցների կողմից:

Հետդիպլոմային կրթություն

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է 4 տարի տևողության կլինիկական օրդինատուրայով, ասպիրանտուրայով և դոկտորանտուրայով՝ յուրաքանչյուրի տևողությունը 3 տարի: Ամեն տարի ամբիոնում անցնում են   իրենց վերապատրաստումը և մասնագիտացումը բժիշկներ և միջին բուժ. անձնակազմը:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվում են մի շարք գիտահետազոտական աշխատանքներ, այդ թվում`

  • Գլխուղեղի տարբեր անոթային և տրավմատիկ ախտահարումների ժամանակ ցերեբրալ հեմոդինամիկայի հետազոտություն,
  • Գլխուղեղի տարբեր հիվանդությունների ժամանակ կոլլատերալ ցերեբրալ արյան շրջանառության հնարավորությունների ուսումնասիրություն,
  • Ներգանգային հեմատոմաների էթիո-պաթոգենետիկ առանձնահատկությունների հետազոտություն,
  • Գլխուղեղի սպոնտան արյունազեղումների վիրահատական բուժում,
  • Ծանր ողնաշար-ողնուղեղային վնասվածքների և դրանց բարդությունների բուժում:
  • Սկսած 2010թ.-ից ամբիոնում ակտիվորեն հետազոտվում են սպոնտան սուբարախնոիդալ արյունազեղման (ՍԱԱ) սուր փուլում ներգանգային անևրիզմաների էնդովասկուլյար բուժման առանձնահատկությունները
  • Իշեմիկ կաթվածի ինվազիվ բուժում:
  • Ներուղեղային և թաղանթային աբսցեսների բուժում:

Ամբիոնի հիմնական գիտական ձեռքբերումներից են դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունները’ «Գլխուղեղի արյան շրջանառության կլինիկո-ֆիզիոլոգիական հետազոտությունը տարբեր նյարդավիրաբուժական պաթոլոգիաների ժամանակ» (2010թ.) և թեկնածուական դիսերտացիաներ՝ «Խրոնիկական սուբդուրալ հեմատոմաների վիրաբուժական բուժման եղանակների համեմատական գնահատականը» (2001թ.), «Գլխուղեղի արյան շրջանառության քանակական բնութագիրը ծանր գանգուղեղային վնասվածքների ժամանակ» (2002թ.), «Ներգանգային ճնշման ոչ ինվազիվ չափման նոր մեթոդ նյարդավիրաբուժական պրակտիկայում» (2003թ.), «Գլխուղեղի թարախա-օջախային ախտահարումների վիրաբուժական բուժումը» (2007թ.), «Ողնաշարի գոտկային հատվածի միջողնային աճառների ճողվածքների կլինիկական ընթացքի առանձնահատկություները և դրանց վիրաբուժական մոտեցումը» (2010թ.), «Ողնաշարի պարանոցային հատվածի կոտրվածքներին ուղեկցող քնային և ողնաշարային զարկերակների վնասվածքների ախտորոշման և բուժման առանձնահատկությունները» (2011թ.), «Հետվնասվածքային բազալ լիկվորեայի ախտորոշման և բուժման նոր մոտեցումները» (2014թ.) «Մեկուսացված գանգուղեղային վնասվածքներ ունեցող հիվանդների համար բժշկական օգնության կազմակերպման գիտական և գործնական հիմունքները», (2016թ.) թեմաներով:

Ներկայացվել են բազմաթիվ զեկույցներ, պոստեր-շնորհանդեսներ հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովներում և կոնգրեսներում:

Հեռանկարային պլաններում նախատեսվում են՝

  • Գլխուղեղի հեմոդինամիկայի հետազոտություն հեմոռագիկ ինսուլտների և սուբարախնոիդալ արյունազեղումների ժամանակ,
  • Հիպերտոնիկ էթիոլոգիայի ներուղեղային հեմատոմաների դիֆերենցված բուժում,
  • Ժամանակակից մեթոդների ներդրում նյարդավիրաբուժական բուժման ու հետազոտման պրակտիկայում,
  • Գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում:
  • Իշեմիկ կաթվածների բուժման ժամանակակից եղանակների կիրառում և դրանց արդյունքների գնահատական:

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում է մոտ 4-6 գիտական աշխատանք:

Համագործակցություն

ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնը սերտորեն համագործակցում է և մշտապես կապվում է ԱՄՆ-ում Ջորջիա նահանգի, Ատլանտայի Վելսսթար հիվանդանոցային համալիրի, Բոստոնի բժշկական դպրոցի, Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի հետ (Մոսկվա, Ռուսաստան), Հաննովերի համալսարան (Գերմանիա), Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական ակադեմիայի հետ: Դասընթացների մի մասը կլինիկական օրդինատորները անցկացնում են վերը նշված բարձրակարգ կլինիկաներում:

Ամբիոնի աշխատակազմ

Ֆանարջյան Ռուբեն Վիկտորի     բ.գ.դ., պրոֆեսոր, ամբիոնի վարիչ

Եղունյան Մամիկոն Աղասիի       բ.գ.դ., պրոֆեսոր

Մարտիրոսյան Մարգար Մարտիրոսի       բ.գ.դ., պրոֆեսոր

Պատրիկյան Դավիթ Արտաշեսի       բ.գ.թ., դոցենտ

Զաքարյան Արման Նիկոլայի       բ.գ.թ., դոցենտ

Նահապետյան Կարեն Մարտինի      բ.գ.թ., ավագ դասախոս

Վարոսյան Ռուդիկ Ալեքսանդրի       դասախոս

Միրզոյան Հայկ Հովհաննեսի        բ.գ.դ. , դասախոս,

Կոչկանյան Աղասի Վարդանի     բ.գ.թ., դասախոս,

Բադալյան Սևակ Հրանտի դասախոս