Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոն

Պատմություն

Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնը հիմնադրվել է 1974թ.-ին: Ամբիոնում ընդգրկվել են դեղագիտական և թունաբանական քիմիայի, ինչպես նաև ֆարմակագնոզիայի դասընթացները: Նորաստեղծ ամբիոնում զգալի աշխատանք է կատարվել ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտամանկավարժական կազմի ձևավորման ուղղությամբ:

1980թ.-ին ամբիոնից առանձնացվել է ‎ֆարմակագնոզիայի դասընթացը:

Մինչև 1990թ.-ն ամբիոնում միավորվել են դեղագիտության ֆակուլտետում դասավանդվող քիմիական բոլոր դասընթացները՝ անօրգանական, օրգանական, ֆիզկոլոիդ, անալիտիկ, դեղագիտական և թունաբանական քիմիաները:

1996թ.-ին ամբիոնին են միացվել նաև համալսարանի քոլեջում դասավանդվող ընդհանուր և օրգանական քիմիաների դասընթացները:

Այսպիսով, ստեղծվել է բազմապրոֆ‎իլ մի ամբիոն, որը մեծ ներդրում ունի ՀՀ-ում դեղագետ մասնագետների և գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում:

1996թ.-ից ամբիոնում տարվել են գիտահետազոտական աշխատանքներ ուսուցման հարացույցի փոփոխության և ավանդական, այսպես կոչված` ադապտիվ առարկայական ուսուցման մոդելից զարգացնող կրթական տեխնոլոգիաների անցման ուղղությամբ: 1996-2006թթ.-ին ամբիոնը ղեկավարել է մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիդա Արշակի Սահակյանը 2006թ.-ին ամբիոնը բաժանվել է երեք ամբիոնների` անալիտիկ, օրգանական քիմիայի և ֆարմացիայի: Օրգանական քիմիայի ամբիոնին է միացվել նաև նախապատրաստական բաժանմունքը և ամբիոնի վարիչ է նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիդա Սահակյանը, իսկ անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ` կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Թամարա Դավիթի Կարապետյանը, 2011թ.-ին օրգանական քիմիայի ամբիոնին միացավ նաև անալիտիկ քիմիայի ամբիոնը: Նորաստեղծ ամբիոնը կոչվեց դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոն, որն առ այսօր ղեկավարում է Լիդա Սահակյանը:

Ուսուցում

Ուսուցումը կազմակերպվում է ԵՊԲՀ-ի Քոլեջի, նախապատրաստական ֆակուլտետի և դեղագիտության ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսի ուսանողների համար։ Դեղագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներն ուսումնասիրում են՝ առաջին կիսամյակում. ընդհանուր քիմիա, իսկ երկրորդ կիսամյակում օրգանական քիմիա: Երկրորդ կուրսի ուսանողներն ուսումնասիրում են առաջին կիսամյակում` «Հետերոցիկլիկ միացությունների քիմիա» և «Օրգանական սինթեզ», «Ֆիզիկական քիմիա», «Անալիտիկ քիմիա (որակական անալիզ)», իսկ երկրորդ կիսամյակում` «Կոլոիդային քիմիա», «Անալիտիկ քիմիա (քանակական անալիզ)» առարկաները:

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութերն ուսանողներին մատուցվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով:

Դասախոսություններն ուղեկցվում են համակարգչային PowerPoint ծրագրով: Ուսուցման ընթացքում կիրառվում են էվրիստիկ և պրոբլեմային ուսուցման մեթոդները: Գործնական պարապմունքների ժամանակ կատարվում է դասախոսությունների քննարկում` ինտելեկտուալ խաղերի անցկացմամբ, խաչբառերի, գլուխկոտրուկների, խնդիրների կիրառմամբ, որոնք նպաստում են ուսանողների տրամաբանական մտածողության զարգացմանը: Գործնական պարապմունքներից բացի ուսանողները կատարում են նաև անհատական լաբորատոր աշխատանքներ: Ամբիոնում դասավանդվող յուրաքանչյուր թեմա ավարտվում է յուրացման մակարդակի ստուգումով: Գնահատումը կատարվում է ըստ Համալսարանում ընդունված կարգի:

ԵՊԲՀ-ի նախապատրաստական ֆակուլտետում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ուսուցանվում է «Քիմիա» առարկան` իր ենթաբաժիններով (ընդհանուր, անօրգանական և օրգանական): Որոշ թեմաների առավել լավ յուրացման համար կազմակերպվում են համակարգչային անիմացիոն սլայդերի ցուցադրություններ։ Կատարվում են լաբորատոր աշխատանքներ` սովորողներին քիմիական լաբորատորիայում աշխատելու տարրական կանոններին, ընդհանուր սկզբունքներին և պարզագույն չափումներին ծանոթացնելու նպատակով։

2017 թ. ամբիոնին է միացվել քոլեջի դեղագիտական ֆակուլտետը, որտեղ ուսուցանվում է «Քիմիա» առարկան` իր ենթաբաժիններով (ընդհանուր, անօրգանական և օրգանական):

Վերջին տարիներին ամբիոնի աշխատակիցները հրատարակել են ուսումնամեթոդական հետևյալ ձեռնարկները`

  • «Անօրգանական քիմիա: Ընդհանուր քիմիա», Երևան, 2005թ.,2015թ
  • «Օրգանական քիմիա» Երևան, Տիգրան Մեծ, 2015թ․
  • «Oրգանական քիմիա: Հետերոցիկլիկ միացություններ», Երևան, 2009թ.,2015
  • «Ընդհանուր և օրգանական քիմիա», Երևան, 2010թ., (անգլերեն),2014
  • «Ֆիզիկական և Կոլոիդային քիմիա», Երևան, 2008թ.,
  • «Որակական անալիզ (անիոններ)», Երևան, 2008թ.,2018
  • «Անալիտիկ քիմիա (քանակական անալիզ)», Երևան, 2009թ.,2023
  • «Ֆիզիկական քիմիայի լաբորատոր պարապմունքների ձեռնարկ դեղագիտական ֆակուլտետի ուսանողների համար», Երևան, 2008թ.,
    (ռուսերեն):

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվել և կատարվում են գիտահետազոտական հետևյալ աշխատանքները.

  • ջրալույծ, կատիոնային մեզո-տետրա-3, 4-պիրիդիլ-արիլպորֆիրինների և մետաղապորֆիրինների սինթեզը և հակաուռուցքային,
    հակամանրէային ակտիվության ուսումնասիրումը (կատարվել է),
  • ծիրանենու տերևների և պտուղների հանուկներում տարբեր գործոնների ազդեցության ներքո հակաօքսիդանտային և հակամիկրոբային
    ակտիվության ուսումնասիրումը և ՀՀ-ում տերևների օգտագործման հնարավորության ուսումնասիրումը (կատարվել է),
  • ուսուցման ինտերակտիվ մեթոդների ներդրումը քիմիայի դասավանդման գործընթացում (խնդրահարույց և նխագծային ուսուցում),
  • Անօրգանական և օրգանական նյութերի որակական և քանակական որոշումը «Գանգուր ավելուկ» բույսի տարբեր օրգանների հանուկներում,
    ակտիվ բաղադրիչների անջատումը, դրանց կենսաբանական ակտիվության որոշումը:
    Ամբիոնում պաշտպանվել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ հետևյալ թեմաներով.
  • «Քիմիա» առարկայի նկատմամբ սովորողների անձնական դրական վերաբերմունքի ձևավորման դիդակտիկական համակարգը», Երևան, 2004թ., դոկտորական,
  • «Էկոլոգիական կրթության կազմակերպման առանձնահատկությունները բուհում` քիմիայի դասավանդման գործընթացում», Երևան, 2005թ.,թեկնածուական,
  • «Բնական և սինթետիկ ծագման նոր պորֆիրինների ստացումը և հակաքաղցկեղային, հակամանրէային ակտիվության ուսումնասիրումը», Երևան, 2007թ. թեկնածուական,
  • «Բնական և սինթետիկ ծագման նոր պորֆիրինների ստացումը, հակամանրէային ակտիվության ուսումնասիրումը», Երևան, 2014թ. թեկնածուական,

Ծրագրով նախատեսվում է թեկնածուական թեզերի պաշտպանություն: Հեռանկարային պլաններում նախատեսվում է`

  • ամբիոնի թեմայի զարգացում,
  • թեկնածուական թեզերի պաշտպանություն,
    ա) Անօրգանական և օրգանական նյութերի որակական և քանակական որոշումը «գանգուր ավելուկ» բույսի տարբեր օրգանների հանուկներում,
    ակտիվ բաղադրիչների անջատումը, դրանց կենսաբանական ակտիվության որոշումը

բ) «Սելեն» միկրոտարրի գեոքիմիան: Օրգանիզմի օքսիդացիոն հավասարակշռության խախտումով պայմանավորված հիվանդությունների հաճախության կախվածությունը սելենի պարունակությունից՝ ՀՀ տարբեր մարզերի ընդերքում և սննդամթերքում:

  • Ուսուցման ժամանակակից մեթոդների ներդրում:

Համագործակցություն

ԵՊԲՀ-ի դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնը սերտորեն համագործակցում է`

  • Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և կենսաբանական ֆակուլտետներ,
  • Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի քիմիայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի,
  • Կենսաքիմիայի ինստիտուտի,
  • Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի,
  • ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի որակի հսկման լաբորատորիայի,
  • ՀԱՊՀ «Քիմիական տեխնոլոգիաներ»-ի ամբիոն
  • Դյուկ համալսարանի բժշկական կենտրոնի (Դյուրան, ԱՄՆ` The Department of Radiation Oncology, Duke University Medical
    Center US) հետ:

Պրոֆեսորադասախոսական անձնակազմ

N Ազգանուն, անուն, հայրանուն Պաշտոն
1. Սահակյան Լիդա Արշակի Ամբիոնի վարիչ
2. Կարապետյան Թամարա Դավթի Դոցենտ
3. Մանուկյան Շուշանիկ Մանվելի Դոցենտ
4. Սահակյան Նարինե Վոլոդյայի Դոցենտ
5. Բարսեղյան Ժաննա Բարսեղի Ավ.դաս.
6. Արիստակեսյան Արտաշես Հարությունի Դասախոս
7. Սահակյան Արուսյակ Սամվելի Դասախոս
8. Խաչատրյան Հրաչյա Հենրիկի Ասիստենտ
9. Վարդանյան Լիլիանա Արմենի Ասիստենտ
10. Հովհաննիսյան Աննա Վարուժանի Ասիստենտ
11. Մկրտչյան Արմինե Ռոբերտի Դասախոս հրավիրված
12. Ավետիսյան Խաչատուր Ռազմիկի Դասախոս հրավիրված