Պատմություն
Հիմնադրվել է 1922թ -ին:
Ամբիոնի վարիչ՝ Մագդալինա Մհերի Մելքոնյան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
1922թ -ին Երևանի Պետական Համալսարանի անօրգանական քիմիայի ամբիոնի հիման վրա նորաստեղծ բժշկական ֆակուլտետի համար ստեղծվեց ընդհանուր քիմիայի ինքնուրույն ամբիոն, որում միավորվեցին ընդհանուր և անալիտիկ քիմիայի դասընթացները: Ամբիոնի հետագա զարգացման համար կարևոր փուլ հանդիսացավ բժշկական ֆակուլտետի անջատումն իբրև ինքնուրույն ինստիտուտ, իսկ այժմ բժշկական համալսարան: Այնուհետև ամբիոնը վերանվանվել է. 1967թ.՝ անօրգանական, անալիտիկ և կլինիկական քիմիայի, 1982թ.՝ ընդհանուր քիմիայի, 1993թ.՝ ընդհանուր և կենսաօրգանական քիմիայի, 2008թ.`բժշկական քիմիայի ամբիոն:
Ամբիոնի վարիչներ
1922-1923թթ. – Ս.Պ. Ղամբարյանը
1924-1937թթ. – Հ.Հ. Ակունյանը
1937-1939թթ. – Ա.Լ. Մնջոյանը
1939-1966թթ, – Ա.Ք. Հարությունյանը
1967-1981թթ. – Է.Ե. Մխեյանը
1982թ.-1992թ. – Գ.Ա. Չուխաջյանը
1993թ.ից մինչ օրս- Մ.Մ. Մելքոնյանը
Ամբիոնի 1922թ.-ին հիմնադիրն է Ս.Պ Ղամբարյանը (1879-1948), գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, օրգանական քիմիայի հիմնադիրը ՀՍՍՀ-ում: Նրա ջանքերով են կազմակերպվել և նրա կողմից ղեկավարվել օրգանական քիմիայի ամբիոնները նաև համալսարանում, գյուղատնտեսական, պոլիտեխնիկական և անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտներում:
Հ.Հ. Ակունյանը (1924-37թթ.), 1900 – 1901 թվականներին Բեռլինում գրել է յուրօրինակ ձեռնարկ անօրգանական քիմիայից, որի համար պարգևատրվել է: 1938 թվականին պաշտպանել է թեզ և ստացել ք.գ.դ. –ի կոչում:
Պրոֆ. Ա.Լ. Մնջոյանի ղեկավարությամբ (1937-39թթ.) ամբիոնը միանում է օրգանական քիմիայի ամբիոնի հետ:
1939-66թթ. ամբիոնը ղեկավարել է ք.գ.դ., պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Ա.Ք. Հարությունյանը: Ա.Ք. Հարությունյանի կողմից առաջին անգամ գրվել է ձեռնարկ ուսումնական գործնական աշխատանքների համար անալիտիկ քիմիայից (որակական և քանակական անալիզ) հայերեն և ռուսերեն լեզուներով:
Անցած տարիների ընթացքում նախապատրաստական ֆակուլտետի և առաջին կուրսի ուսանողներին ամբիոնում դասավանդվել են անօրգանական, ընդհանուր, անալիտիկ, կոլոիդ, օրգանական, կենսաֆիզիկական, կենսաօրգանական քիմիա առարկաները: 1990թ.-ն ֆիզկոլոիդ և անալիտիկ քիմիաների, իսկ 2006թ.-ին նաև նախապատրաստական բաժանմունքում անօրգանական և օրգանական քիմիա առարկաների դասավանդումը տեղափոխվել է դեղագիտական քիմիայի ամբիոն:
Ամբիոնի աշխատակազմը դասավանդմանը զուգահեռ կատարել է նաև բազմաբնույթ գիտական հետազոտություններ: Ուսումնասիրվել են Հանրապետության տարածքի հողերում և բույսերում առկա միկրոտարրերի քանակական բաղադրությունը, բուժիչ ցեխերի և տորֆերի ֆիզիկաքիմիական հատկությունները, Երևանի սինթետիկ կաուչուկի գործարանի արտահոսող ջրերի կազմը և մշակվել դրանց մաքրման եղանակները, մշակվել են սպիտակուցների քանակական որոշման մի շարք մեթոդներ: Պրոֆեսոր Է.Ե. Մխեյանի (1967-81թթ.) ղեկավարությամբ ուսումնասիրվել է սրտանոթային հիվանդությունների ժամանակ գլիկոսֆինգոլիպիդների դերը և սիմպաթիկ նյարդային համակարգի տրոֆիկ ադապտացիոն ազդեցության մեխանիզները: 1982թ. ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Գ.Ա. Չուխաջյանի ղեկավարությամբ աշխատանքներ են կատարվել պոլիմերային թաղանթների և այլ օժանդակ միջոցների ստեղծման ուղղությամբ բժշկական պրակտիկայում կիրառելու համար: Մասնավորապես, մշակվել է երկշերտ ինքնասոսնձվող կիսահամատեղելի,դիպլեն կոչված թաղանթը, որը ԽՍՀՄ ֆարմակոլոգիական կոմիտեի թույլտվությունից հետո հաջողությամբ փորձարկվել է գործնական բժշկական տարբեր բնագավառներում (աչքի հիվանդություններ, վիրաբուժություն, ստոմատոլոգիա):
1993թ-ից ամբիոնը ղեկավարում է կ.գ.դ., պրոֆեսոր Մ.Մ.Մելքոնյանը: Նա բազմաթիվ գիտական ընկերությունների և խորհուրդների անդամ է: Զեկուցումներով հանդես է եկել մի շարք տեղական և միջազգային գիտաժողովներում (Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Բելգիա, Թուրքիա, Հունաստան, Ֆրանսիա): Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, ԵՊԲՀ-ի ոսկե և վարչապետի հուշամեդալներով: Նրա ղեկավարությամբ ամբիոնի ուսումնական և գիտական գործունեությունը թևակոխեց նոր ժամանակաշրջան:
Վերջին տասնամյակներում ամբիոնի գիտական գործունեությունը նվիրված է մի շարք նեյրոդեգեներատիվ հիվանդությունների և մարդկության համար չարիք հանդիսացող ակուստիկ սթրեսի զարգացման կենսաքիմիական մեխանիզմների պարզաբանմանը և դրանց կարգավորմանը՝ հակաօքսիդանտային ակտիվությամբ օժտված բնական և սինթետիկ ծագման միացությունների օգնությամբ:
Ուսուցում
Ամբիոնում առարկաների ուսուցումն անցկացվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, ռազմաբուժական ֆակուլտետների առաջին կուրսի և հայերենով քոլեջի ուսանողների համար:
Դասավանդվում է երկու առարկա՝ կենսաֆիզիկական քիմիա և կենսաօրգանական քիմիա առաջին կուրսի ուսանողներին (տարբեր Մոդուլների ձևաչափով), որոնք նախատեսված են ուսանողներին ծանոթացնելու կենսաբանական համակարգերում տեղի ունեցող ֆիզիկաքիմիական պրոցեսներին, նրանց դերին և նշանակությանը և որպես լրացուցիչ առարկաներ քոլեջի երկրորդ կուրսի որոշ ֆակուլտետների ուսանողներին:
Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական աշխատանքների և լաբորատոր փորձերի տեսքով: Համաձայն ծրագրային պահանջների կիրառվում է ինքնուրույն աշխատանքի եղանակը: Լայնորեն կիրառվում են բազմապիսի դիդակտիկ նյութեր, դասախոսությունների նյութը ներկայացվում է POWER POINT եղանակով, ընթացքում ցուցադրվում են համապատասխան ֆիլմեր, համակարգչային մոդելներ: Գործնական պարապմունքների մի մասն են կազմում լաբորատոր աշխատանքները, որոնց ընթացքում ուսանողները ձեռք են բերում քիմիական լաբորատորիայում աշխատելու փորձ, սովորում են ինքնուրույն կատարել պարզ գործողություններ: Ամբիոնի կողմից դասավանդվող առարկաներից մշակվել է հարուստ թեստային բանկ երեք լեզուներով: Ամբիոնում դասավանդվող յուրաքանչյուր առարկայից անց է կացվում թեստային հարցում, որը կատարվում է հարցաթերթիկներով՝ կազմված Համալսարանում ընդունված կարգի համաձայն: Գիտելիքների վերջնական գնահատումը կատարվում է բազմաբաղադրիչ եղանակով, ընդգրկելով բանավոր և գրավոր պատասխանների և համակարգչային կամ գրավոր թեստային քննության արդյունքները: Գործունեության ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով դասագրքեր և ձեռնարկներ՝ «Կենսաօրգանական Քիմիա», «Կենսաօրգանական Քիմիա, թեստային հարցաշար», «General Chemistry, Biophysical Chemistry», «General Chemistry, Biophysical Chemistry» multiple choice questions, «Ընդհանուր Քիմիա, Կենսաֆիզիկական Քիմիա», «Ընդհանուր Քիմիա, Կենսաֆիզիկական Քիմիա, թեստային հարցաշար», «Обшая Химия, Биофизическая Химия», «Обшая Химия, Биофизическая Химия» сборник тестовых заданий, «Selected Lectures in Organic and Bioorganic Chemistry», «Bioorganic Chemistry» multiple choice questions, և մի շարք մեթոդական ձեռնարկներ լաբորատոր աշխատանքները կատարելու համար:
Ամբիոնում մշտապես գործում է ուսանողական գիտական խմբակ, որի անդամները մասնակցում են նաև փորձարարական հետազոտությունների անցկացմանը: Ամբիոնը ապահովում է ուսանողների ներգրավվածությունն գիտական խմբակի աշխատանքներին: Պարբերաբար ուսանողական աշխատանքները հրապարակավ զեկուցվում են ուսանողական կոնֆերանսների շրջանակներում, իսկ լավագույն զեկուցողներն արժանանում են պատվոգրերի:
Գիտահետազոտական աշխատանքներ
Վերջին տարիների ընթացքում ամբիոնը զբաղվում է «Նոր սինթեզված որոշ օրգանական միացությունների հակասթրեսային եվ անտիօքսիդանտային հատկությունները եվ դրանց կիրառման էֆեկտիվությունը ակուստիկ սթրեսի, էքսպերիմենտալ հիպօքսիայի, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մոդելների պայմաններում» (բազային ֆինանսավորման ծրագրում) գիտական թեմայի կատարմամբ:
Ամբիոնը զբաղվում է ՀՀ-ում սինթեզված օրգանական միացությունների հակասթրեսային, հակաօքսիդանտային, հակահիպօքսիկ հատկությունների և դրանց կիրառման արդյունավետության ուսումնասիրությամբ աղմկային սթրեսի պայմաններում և մի շարք նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մոդելների վրա:
Նորմայում և ակուստիկ սթրեսի պայմաններում գլխուղեղի և լյարդի միտոքոնդրիումային ֆրակցիաներում, արյան պլազմայում և էրիթրոցիտար թաղանթներում in vivo և in vitro փորձերում ուսումնասիրվել են ազատ-ռադիկալային օքսիդացման պրոցեսների ինտենսիվության փոփոխությունները, ֆոսֆոլիպիդների քանակական և որակական տեղաշարժերը, տոկոֆերոլի և ցիտոկինների պարունակությունը, արյան սպիտակուցների օքսիդացումը, իմունոգենեզի օրգանների մորֆոլոգիական կազմը, սրտի օրնիտինդեկարբօքսիլազի ակտիվությունը, թաղանթների ֆիզիկա-քիմիական հատկությունները, փորձարարական կենդանիների կոգնիտիվ ցուցանիշները, ինչպես նաև բեդիտին և մեսեդին α2-սելեկտիվ ադրենոբլոկատորների կիրառման պայմաններում:
Ստացված արդյունքների հիման վրա պաշտպանվել են չորս թեկնածուական ատենախոսություն:
Համատեղ Թյուբինգենի համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի (Գերմանիա) լաբորատորիայի հետ հաշվի առնելով նախկինում ստացված և սեփական տվյալները, այժմ ուսումնասիրվում են տվյալ միացությունների ազդեցությունը գլխուղեղի հյուսվածքային կուլտուրայում բջիջների (նեյրոնների և աստրոգլիայի) գոյատևման վրա նորմայում և հիպօքսիայի պայմաններում, ինչպես նաև Ալցհեյմերի հիվանդության մոդել հանդիսացող տրանսգենային մկների գլխուղեղի կեղևում և հիպոկամպում նեյրոնների գոյատևման և բետա-ամիլոիդի առաջացման վրա: Հետազոտվել է STHdh Q111/Q111 բջջային կուլտուրայում (Հանտիգտոնի հիվանդության մոդել) մեսեդինի ազդեցությունը ցիտոտոքսիկության, նեյրոգենեզի, սինապտիկ գրգիռների փոխանցման, հանտիգտին սպիտակուցի քանակական տեղաշարժերի վրա:
Նախատեսվում է շարունակել ուսումնասիրել α2-սելեկտիվ ադրենոբլոկատորներ բեդիտինի և մեսեդինի տարբեր չափաբաժինների ազդեցությունը բոլոր նշված մոդելների վրա (in vitro և in vivo):
Մեսեդինի կառուցվածքային առանձնահատկությունները լիովին հասկանալու համար իրականացվում է Մեսեդինի համեմատական դոկինգային վերլուծություն՝ α2 և β ադրեներգիկ ընկալիչների վիրտուալ եռաչափ մոդելների ակտիվ կենտրոնների հետ դրա կապումը և փոխազդեցությունը պատկերացնելու և գրականությունից հայտնի անալոգների հետ դրա փոխազդեցությունները համեմատելու համար։
Համագործակցություն
ԵՊԲՀ-ի Բժշկական քիմիայի ամբիոնը գիտական սերտ կապերի մեջ է
- ԵՊԲՀ-ի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի,
- ՀՀ Գիտությունների ակադեմիայի Նուրբ Օրգանական քիմիայի և ակադեմիկոս Բունիատյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտների,
- Թյուբինգենի համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի լաբորատորիայի հետ:
Ամբիոնի դասախոսական կազմը
| Ազգանուն Անուն Հայրանուն | Զբաղեցրած պաշտոն | |
| 1. | Մելքոնյան Մագդալինա Մհերի | ամբ. վարիչ 1h. |
| 2. | Կարապետյան Սուսաննա Աղասու | դոցենտ 0.5h. |
| 3. | Հովեյան Գագիկ Ավետիքի | դոցենտ 0.5 h. |
| 4. | Քոչարյան Կարինե Մուսայելի | դոցենտ 0.5h. |
| 5. | Զաքարյան Գայանե Վլադիմիրի | դոցենտ 0.5h. |
| 6. | Մաշինյան Հասմիկ Խաչիկի | ավագ դասախոս 0,5հ. |
| 7. | Հունանյան Լիլիթ Սերոբի | ավագ դասախոս 0,5հ. |
| 8. | Մանուկյան Աշխեն Լյովայի | ավագ դասախոս 1հ. |
| 9. | Թովմասյան Նազիկ Վանիկի | ավագ դասախոս 1հ. |
| 10. | Սեփխանյան Անահիտ Արտակի | ասիստենտ 0,5հ |
| 11. | Բեկնազարյան Լիանա Սամվելի | դասախոս 0,5հ |
| 12. | Մկրտչյան Ռուզաննա Արմենակի | ասիստենտ |
| 13. | Բաղդասարյան Արմինե Հայկի | լաբորանտ |
| 14. | Ենգիբարյան Մելանյա Ժիրայրի | լաբորանտ |
| 15. | Հախվերդյան Անահիտ Ստեփանի | պրեպարատոր |
Address: RA, Yerevan, 0025, Koryun 2, YSMU, Department of Medical Chemistry
Tel.: 010301000-326; 010301000-327
E-mail: chemistry@ysmu.am