Պատմություն
1920 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր Յու. Ղամբարյանը զեկուցագիր է ներկայացնում հանրային կրթության նախարարին՝ բժշկության ֆակուլտետ բացելու անհրաժեշտության մասին:
1920 թ. Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1921 թ. նոյեմբերի 3-ին, Երևանում բացվում է բժշկական կադրերի պատրաստման դպրոց։ Իսկ 1922 թ. մարտի 15-ին, ուսումնական կանոնավոր գործընթացի ապահովման համար, Երևանի բժշկական դպրոցի բազայի վրա հիմնվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։
Ծրագրերն ու ուսումնական աշխատանքների պլանները համապատասխանում էին բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների պահանջներին:
1922 թվականին բժշկական ֆակուլտետ ընդունվեց 122 ուսանող:
Հիմնադրվում են ընդհանուր և կենսաօրգանական քիմիայի, հյուսվածաբանության և նորմալ անատոմիայի ամբիոնները: Բժշկական ֆակուլտետի առաջին դեկան է նշանակվում առողջապահության հմուտ կազմակերպիչ, բժիշկ Սպանդարատ Կամսարականը, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը բաղկացած էր սկզբնական փուլի համար՝ 6 պրոֆեսորից, 3 դոցենտից, 8 ասիստենտից:
Բժշկական ֆակուլտետում աշխատելու հրավեր են ստանում եվրոպական և ռուսական համալսարանների շրջանավարտներ, անվանի բժիշկներ Վահան Արծրունին, Գրիգոր Արեշյանը, Համբարձում Քեչեկը, Գրիգոր Մեդնիկյանը, Խաչատուր Արխիպյանցը, Արտաշես Մելիք-Ադամյանը և այլոք:
Հայտնի է, որ Վ. Արծրունին եղել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմակերպիչներից մեկը և այդ ֆակուլտետի բացումը տեղի է ունեցել նրա կողմից առաջին անգամ մայրենի լեզվով նորմալ անատոմիա առարկայի անդրանիկ դասախոսությունով:
Հայաստանում բժշկական կադրերի պատրաստման պատմության մեջ նոր էջ գրվեց 1927 թվականին:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրագույն բժշկական հաստատությունը տվեց իր շրջանավարտները: Պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը ավարտեցին 32 բժիշկներ, ովքեր նվիրվեցին ժողովրդի առողջության պահպանման և բժշկագիտության զարգացման հայրենանվեր գործին: 1930 թվականին շրջանավարտների թիվն ընդամենը 136 էր, որն այդ տարիների համար կարելի է համարել առաջադիմություն:
Հարկ է նշել, որ բժշկական ֆակուլտետի գործունեության տարիներին պետության կողմից ընդունելության որևէ պլան չի նախանշվել, և, փաստորեն, ընդունելությունը այդ տարիներին կատարվել է տարերայնորեն: Միայն 1930-31 ուսումնական տարվանից բժշկական ինստիտուտի համար արդեն ինքնուրույն սահմանվել է 150 հոգու ընդունելություն: Ֆակուլտետի դեկանը (մինչև 1937թ.) եղել է Ս.Խ. Բաղդասարյանը:
1940 թվականին ուսանողների ընդհանուր թիվը հասել է 1010-ի։ 1951-55թթ. շրջանավարտների թիվը եղել է 744։ 1957-ին հնարավորություն է տրվում սփյուռքահայ երիտասարդությանը բժշկական բարձրագույն կրթություն ստանալ մայր հայրենիքում:
1999-2000 ուսումնական տարում բուժական, մանկաբուժական և բժշկական կանխարգելման ֆակուլտետները միավորվում են մեկ` ընդհանուր բժշկության ֆակուլտետի կազմում:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի պաշտոնը տարբեր տարիներին վարել են դոցենտ Ռ. Ա. Աղասարյանը, պրոֆեսորներ Գ. Ա. Մինասյանը, Վ. Գ. Մխիթարյանը, Ա. Հ. Բեգլարյանը, Վ. Զ. Գրիգորյանը, դոցենտ Լ. Ա. Ֆրանգուլյանը, պրոֆեսորներ Ռ. Ս. Մամիկոնյանը, Վ. Պ. Հակոբյանը, Վ. Ա. Շեկոյանը, Ս. Խ. Գրիգորյանը, Ա. Գ. Հարությունյանը, Մ. Մ. Միրիջանյանը, Ս. Ա. Ավետիսյանը, դոց. Ն. Բ. Շահվերդյանը և պրոֆ. Ա. Թ. Փափազյանը:
Ներկայումս ֆակուլտետի դեկանն է պրոֆեսոր Կ. Մ. Բարոյանը:
Ուսուցում
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի բազային կրթությունը ներկայումս կազմակերպվում է 6 տարի տևողությամբ անընդհատ ինտեգրված ծրագրով: Դրան հաջորդում է կրթության հետդիպլոմային փուլը՝ մինչև 4 տարի տևողությամբ կլինիկական օրդինատուրայի ձևով: Ուսուցումը կազմակերպվում է հայերենով, ռուսերենով և անգլերենով: Ֆակուլտետում սովորում են շուրջ 4000 ուսանող, որոնցից 1200՝ օտարերկրացի: Վերջիններիս ուսուցման աշխատանքների համակարգումը իրականացվում է օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի կողմից: Գործնական պարապմունքների ընթացքում լայնորեն կիրառվում են ուսումնական ֆանտոմներ, սիմուլյատորներ, մուլյաժներ, դիդակտիկ նյութեր և այլն: 2022-2023 ուստարում ամփոփիչ ատեստավորման գործնական ունակությունների ստուգման փուլն իրականացվեց ՕԿԿՔ (OSCE) ձևաչափով: Այդ նպատակով «Միքայելյան վիրաբուժության ինստւտուտ»-ում վերանորոգվեց և կահավորվեց 25 սենյակ:
2023-2024 ուստարվանից I կուրսում ուսումնառությունը իրականացվում է մոդուլային ձևաչափով առարկաների տարբեր համամասնություններով:
«Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագիր
«Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագրի նպատակը «Բժիշկ» որակավորմամբ որակյալ, մրցունակ և արհեստավարժ մասնագետներ պատրաստելն է, ովքեր ունեն համակողմանի, համակարգված և խոր մասնագիտական գիտելիք, հմտություններ, կարողունակություններ (կոմպետենցիաներ) և վարվելակերպ: «Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագրով բազային կրթությունն իրականացվում է 6-ամյա անընդհատ և ինտեգրված ծրագրով: Սահմանված 12 կիսամյակներից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարեկան ծանրաբեռնվածությունը 60 ECTS կրեդիտ է, 1 կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և կլինիկական հարակից առարկաներ: Ծրագրի ավարտին շրջանավարտը ստանում է «Բուժական գործ» մասնագիտությամբ բժշկի որակավորում:
Տեսական դասընթացների ուսուցման գործընթացն իրականացվում է համալսարանական մասնաշենքերում /կենսաքիմիական, վարչական, լաբորատոր, անատոմիկական/, կլինիկական դասընթացների ուսուցման գործընթացը՝ համալսարանական հիվանդանոցային համալիրներում /«Մուրացան», «Միքայելյան վիրաբուժության ինստւտուտ», Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, համալսարանի սիմուլյացիոն կենտրոն/, նշված համալիրներին կից կլինիկական ախտորոշիչ, ախտաբանական լաբորատորիաներում և հանրապետության բուժկանխարգելիչ այլ հաստատություններում տեղակայված համալսարանական կլինիկական բազաներում: Ուսուցման գործընթացն իրականացնում է ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Կլինիկական ամբիոններում դասավանդվող դասախոսները պրակտիկ բժիշկներ են:
Մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է հետևյալ ամբիոններում՝
- ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիայի, պուլմոնոլոգիայի և նեֆրոլոգիայի, գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի) ամբիոններ
- Որովայնային վիրաբուժության, անհետաձգելի և որովայնային վիրաբուժության, կրծքային վիրաբուժության, էնդոկրին վիրաբուժության, սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոններ,
- մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1, թիվ 2 ամբիոններ,
- մանկաբուժության թիվ 1, թիվ 2 ամբիոններ:
Տարեկան ուսման վճարը կազմում է 1.300.000 դրամ։
Դասավանդվող դասընթացների ցանկն ըստ կուրսերի
I կուրս
Տեսական դասընթացներ՝ բժշկական քիմիա, բժշկական կենսաբանություն, բժշկական ֆիզիկա, մարդու անատոմիա ռադիոլոգիայի հիմունքներով, կլինիկական անատոմիա, հյուսվածաբանություն, լատիներեն լեզու, ԸԶՊ /ՊՈՒ ուսանողների համար/, հայ քաղաքակրթության պատմություն, բժշկության պատմություն, ակադեմիական հայերեն, ակադեմիական անգլերեն, ֆիզիկական դաստիարակություն:
Կլինիկական դասընթացներ՝ Առաջին օգնություն կլինիկական հմտությունների հետ, Գործնական հմտություններ 1 Ծանոթացում բուժհիմնարկությունների հետ, պարզ մանիպուլյացիաներ,
Կամընտրական առարկաներ` Ներկայացուցչական հմտությունները բժշկությունում, Հանրային հաղորդակցման հմտությունը բժշկությունում
II կուրս
Տեսական դասընթացներ՝ մարդու անատոմիա, հյուսվածաբանություն, նորմալ ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, մանրէաբանություն, Կլինիկական անատոմիա, վիրաբուժություն, բժշկական հոգեբանություն, փիլիսոփայություն, բիոէթիկա, քաղպաշտպանություն, հետազոտության հիմունքներ, այլընտրանքային առարկաներ սեքսոլոգիայի հիմունքներ, կոմունիկացիոն հմտությունները բժշկությունում, հիվանդի անվտանգություն), ֆիզիկական դաստիարակություն /ՊՈՒ ուսանողների համար/, ԲԾԿՄ /ՊՈՒ ուսանողների համար/:
Կլինիկական դասընթացներ՝ պրակտիկա (ծանոթացում հիվանդանոցի ու պոլիկլինիկայի կառուցվածքին, տարբեր ստորաբաժանումների գործունեություններին):
III կուրս
Տեսական դասընթացներ՝ ախտաբանական անատոմիա, ախտաֆիզիոլոգիա, մանրէաբանություն, ֆարմակոլոգիա, առողջապահական իրավունք, ԸԶՊ /ՊՈՒ ուսանողների համար/:
Կլինիկական դասընթացներ՝ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա, ընդհանուր վիրաբուժություն, պրակտիկա (բուժքրոջ օգնական):
Կամընտրական առարկաներ` Բուսաբուժությունը բժշկությունում, Առաջնորդություն բժշկությունում, Առաջադեմ հետազոտական հմտություններ,
Կոնֆլիկների կառավարում բժշկությունում, Նեյրոգիտության հիմունքներ, Արհեստական բանականությունը բժշկությունում, Զարգացման հոգեբանություն
IV կուրս
Տեսական դասընթացներ՝ հանրային առողջություն, հիգիենա, էկոլոգիա
Կլինիկական դասընթացներ՝ ներքին հիվանդություններ (կարդիոլոգիա), , ներքին հիվանդություններ (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա),ներքին հիվանդություններ (գաստրոէնտերոլոգիա), վիրաբուժական հիվանդություններ-աբդոմինալ, ռազմական թունաբանություն /ՊՈՒ ուսանողների համար/, մանկաբարձություն, գինեկոլոգիա, , ճառագայթային ախտորոշում, նյարդաբանություն, նյարդավիրաբուժություն, հեմատոլոգիա, բժշկական գենետիկա, մանկաբուժություն, ուրոլոգիա և անդրոլոգիա, պրակտիկա (մանկաբարձ գինեկոլոգի օգնական, վիրաբույժի օգնական, թերապևտի օգնական): Կամընտրական առարկաներ` Մանկան առողջություն, Կլինիկական սեքսոլոգիա
V կուրս
Կլինիկական դասընթացներ՝ ներքին հիվանդություններ (գաստրոէնտերոլոգիա), , վիրաբուժական հիվանդություններ, մանկաբուժություն, մանկաբարձություն, գինեկոլոգիա, էնդոկրինոլոգիա, համաճարակաբանություն, հոգեբուժություն, ուռուցքաբանություն, ֆթիզիատրիա, վարակիչ հիվանդություններ, կլինիկական իմունոլոգիա և ալերգոլոգիա, դիմածնոտային վիրաբուժություն, ԼՕՌ հիվանդություններ, աչքի հիվանդություններ, վնասվածքաբանություն, օրթոպեդիա, մաշկավեներաբանություն, կլինիկական ֆարմակոլոգիա, ռեաբիլիտոլոգիա, սպորտ բժշկություն, պրակտիկա (շտապօգնության բժշկի օգնական, վիրաբույժի օգնական, մանկաբույժի օգնական):
Կամընտրական առարկաներ – Սպորտային բժշկություն, Հերոնտոլոգիա, Բժշկական Էկոլոգիա, Նուտրիցիոլոգիա, Էմոցիոնալ ինտելեկտ
VI կուրս
Կլինիկական դասընթացներ՝ ներքին հիվանդություններ (գաստրոէնտերոլոգիա), ներքին հիվանդություններ (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա), ներքին հիվանդություններ (կարդիոլոգիա), վիրաբուժական հիվանդություններ, մանկաբարձություն, գինեկոլոգիա, աղետների բժշկություն, մանկական վիրաբուժություն, ռազմադաշտային թերապիա, ռազմադաշտային վիրաբուժություն, կլինիկական պաթոմորֆոլոգիա, սպորտային բժշկություն, ռեաբիլիտոլոգիա, պրոկտոլոգիա, վարակիչ հիվանդություններ, դատական բժշկություն, հեմատոլոգիա, տրանսֆուզիոլոգիա, ընտանեկան բժշկություն, պոլիկլինիկ թերապիա, ռեանիմացիա, ինտենսիվ թերապիա:
Դեկանատ
Ֆակուլտետը ղեկավարում է դեկանը: Դեկանի ղեկավարությամբ դեկանատը համակարգում և վերահսկում է ուսումնառություն իրականացնող ամբիոններում ուսումնական գործընթացները, կազմակերպում է խորհրդավություններ և հանդիպումներ առանձին ուսանողների և ուսանողական խմբերի հետ, հսկողություն է իրականացնում ուսանողների բացակայությունների նկատմամբ, բացահայտում դրանց պատճառները և այլն:
Դեկանատին կից գործում է ֆակուլտետի ուսումնագիտական խորհուրդը:
Ֆակուլտետի դեկանատի կազմը
| N | Ազգանուն, անուն, հայրանուն | Զբաղեցրած պաշտոն |
| 1. | Բարոյան Կարինե Մինասի | դեկան, նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. դոցենտ |
| 2. | Ասլանյան Արմինե Հրաչիկի | ֆակուլտետային խորհրդի գիտական քարտուղար, հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. |
| 3. | Բադալյան Բենիամին Յուրիի | փոխդեկան, նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, կ.գ.թ. |
| 4. | Թանանյան Անուշ Գրիգորի | փոխդեկան, ֆարմակոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, դեղ.գ.թ. |
| 5. | Հունանյան Լիլիթ Սերոբի | փոխդեկան, բժշկական քիմիայի ամբիոնի ավագ դասախոս, կ.գ.թ. դոցենտ |
| 6. | Մեսրոպյան Ռաֆայել Նորիկի | փոխդեկան, վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. |
| 7. | Նահապետյան Նելլի Արամի | փոխդեկան, մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. |
| 8. | Պողոսյան Վարդուհի Հարությունի | փոխդեկան, ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. |
| 9. | Իսախանյան Լիանա Էդիկի | առաջատար մասնագետ |
| 10. | Մուղնեցյան Մարուսյա Յուրենտինի | առաջատար մասնագետ |
| 11. | Մաթևոսյան Անի Էդվարդի | առաջատար մասնագետ |
| 12. | Շահբազյան Լուսինե Լևոնի | առաջատար մասնագետ |
| 13. | Մովսիսյան Անի Դարվինի | ավագ մասնագետ |
| 14. | Վարդանյան Լուսինե Խաչիկի | ավագ մասնագետ |