Պատմություն
Հիմադրվել է 1923թ․-ին:
Ամբիոնը ղեկավարել են Ե.Թ. Շեկ-Հովհաննիսյանը (1937-39թ.թ.), Վ.Թ. Գաբրիելյանը (1946-63թ.թ.), պրոֆ. Ա.Հ. Բեգլարյանը (1963-85թ.թ.), պրոֆ. Ն.Դ. Վարդազարյանը (1986-2006թ.թ.), պրոֆ. Ն.Գ. Խոստիկյանը (2006-2020 թթ․), պրոֆ․ Կ․Մ․ Բարոյանը (որպես ժ/պ 2021-2024թթ․): 2024թ-ից՝ դոց․ Ն․Յու․ Կարալյանը։
1923թ.-ին պրոֆ. Փ. Հակոբյանի նախաձեռնությամբ, ԵՊՀ-ի բժշկական ֆակուլտետում ստեղծվում է ախտաբանական անատոմիայի ամբիոնը: Մինչ 1946թ.-ը ամբիոնը ղեկավարվել է մի շարք գիտնականների կողմից, որոնցից հետո երկար ժամանակահատված, ամբիոնի վարիչ է եղել խոշոր գիտնական, ախտաբան-անատոմ Վ.Թ. Գաբրիելյանը:
1963թ.-ին ամբիոնի ղեկավար է դառնում ռուսական ախտաբանական անատոմիայի սան, հայտնի ախտաբաններ Ա.Ի. Աբիրիկոսովի, Ա.Ի. Ստրուկովի աշակերտ՝ պրոֆ. Ա. Բեգլարյանը, որը նոր շունչ է հաղորդում գիտական ուղղություններին և հետազոտություններին: Նրա կողմից ստեղծվում է ամբիոնին կից պրոբլեմային գիտական լաբորատորիա, որտեղ երիտասարդ գիտնականները 20 տարիների ընթացքում ուսումնասիրում են ռևմատիկ հիվանդություւնների, շարակցական հյուսվածքի հարաճող համակարգային ախտահարումների ձևաբանությունը, ստրեպտոկոկային, ինչպես նաև այլ մանրէային վարակների դերը այդ հիվանդությունների զարգացման գործում:
Ախտաբանական անատոմիայի ամբիոնում աճել և կայացել են հայտնի գիտանականներ ԲԳԱ ակադեմիոս, ակադեմիայի նախագահ, պրոֆ. Լ.Ն. Մկրտչյանը, հյուսվածքաբանության ամբիոնի վարիչ, պրոֆ. Ա.Վ.Ազնաուրյանը, պրոֆ. Ն.Դ. Վարդազարյանը, պրոֆ. Ա.Ս. Կանայանը, պրոֆ. Ա.Վ. Զիլֆյանը, պրոֆ. Ն.Գ. Խոստիկյանը: Մանկական ախտաբանական անատոմիայում, ինչպես նաև գործնական ախտաբանությունում իր մեծ ներդրումն է ունեցել պրոֆ. Ջ.Ղ. Գևորգյանը:
Ուսուցում
Ախտաբանական անատոմիա առարկան դասավանդվում է 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և ռազմաբժշկական ֆակուլտետներում: Կլինիկական մորֆոլոգիայի դասընթացը (սեկցիոն բիոպսիոն կուրս) VI կուրսի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների հետ իրականացվում է 1 շաբաթ տևողությամբ ցիկլային պարապմունքների ձևով, որը անց է կացվում ամբիոնի կլինիկական բազաներում: Առարկայի ծրագիրը 3-րդ կուրսի ուսանողների համար բաժանված է ընդհանուր և մասնավոր բաժինների, որը ուսանողները անցնում են V-VI կիսամյակներում՝ մոդուլային ձևաչափով: Դասասենյակները հագեցած են մոնիտորներով, մանրադիտակներով, գործնական դասերին օգտագործվում են միկրո- և մակրոպրեպարատներ, դասախոսների կողմից ստեղծված մեթոդական ձեռնարկներ և թեմատիկ սլայդներ: Ամբիոնի աշխատակիցների կողմից ստեղծված են մեթոդական ձեռնարկներ, թարգմանված է դասագիրք հայերեն լեզվով: Պրոֆ․ Ն․Գ․ Խոստիկյանի խմբագրությամբ և համահեղինակությամբ տպագրվել են «Ախտաբանական անատոմիա․ ընդհանուր ախտաբանություն» դասագիրքը, «Ատլաս․ ընդհանուր ախտաբանական անատոմիա», «Կլինիկական մորֆոլոգիա» ուսումնամեթոդական ձեռնարկը, «Բերանի խոռոչի ախտաբանություն» անգլալեզու ձեռնարկը։
Ամբիոնի կազմում ձևավորվել է «ՊաթոԳենիուս» ուսանողական գիտական խմբակ, որի նպատակն է հետաքրքրված ուսանողներին առավել խորությամբ ներկայացնել ախտաբանական գործընթացները, նրանց մասնակցությամբ իրականացնել հետազոտական աշխատանքներ, պատրաստել գիտական զեկույցներ, տպագրել հոդվածներ։
Հեդիպլոմային ուսուցում
Ամբիոնում հետդիպլոմային ուսուցումը իրականացվում է ասպիրանտուրայի և կլինիկական օրդունատուրայի ձևով՝ հետբուհական Պաթոլոգիայի ամբիոնի հետ համատեղ:
Գիտահետազոտական աշխատանքները
Երկար տարիների ընթացքում ամբիոնում իրականացվել են գիտական ուսումնասիրություններ՝ նվիրված ռևմատիկ հիվանդությունների պատճառագիտությանը, ախտաբանական և ձևաբանական հարցերին: Բազամաթիվ աշխատանքներ են կատարվել հեմոլիտիկ ստրեպտոկոկի և նրանց “L” ձևերի առողջ վարակակրության իմունաձևաբանական վերլուծության վերաբերյալ քրոնիկական նշիկաբորբի ժամանակ: Ամբիոնում բազմապրոֆիլ գիտական ուղղություններում ընդգրկվել են նեյրոէնդոկրին համակարգի, սրտամկանի, հոդերի, պարազիտային վարակների, կանանց սեռական համակարգի բորբոքային հիվանդությունների ձևաբանական ուսումնասիրությունները ժամանակակից տարբեր մակարդակներով: Հետագայում հետազոտությունների շրջանակը ընդգրկել է միզապարկի, շագանակագեղձի բորբոքային և ուռուցքային ախտաբանությունները, ինչպես նաև հաստ աղիքի ֆունկցիոնալ խանգարումների ձևաբանական ուսումնասիրությունները։ Ամբիոնում աշխատակիցների կողմից ղեկարվարվել և պաշտպանվել են դոկտորական ու թեկնածուական ատենախոսություններ: Ամբիոնում կատարված աշխատանքները լայն ճանաչում են ունեցել միջազգային ասպարեզում: Կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով ամբիոնի աշխատակիցները հանդես են եկել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Տաշկենդում, Փարիզում, Սան Ֆրանցիսկոյում, Ավստրալիայում, Ամստերդամում, Վաշինգտոնում, Նոր Օռլեանում, Ավստրիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նորվեգիայում: Պրոֆեսոր Ն․Գ․ Խոստիկյանը եղել է «Архив Патологии» խմբագրական կազմի անդամ, հայկական պաթոլոգանատոմների գիտական ասոցիացիայի նախագահ։
Ամեն տարի շարունակաբար ամբիոնի աշխատակիցների կողմից տպագրվում են գիտական հոդվածներ՝ այդ թվում ազդեցության գործակցով միջազգային ամսագրերում։ Ներկայումս գիտահետազոտական ուղղությունները ամբիոնում մի քանիսն են՝ «Անհայտ ծագման վիրուսային ախտահարումներից մահերի ձևաբանական առանձնահատկությունները և հնարավոր միջտեսակային փոխանցման ուղիները», «Միզասեռական համակարգի ուռուցքների վաղ հայտնաբերում և կանխորոշում ժամանակակից հիստոգնետիկ եղանակներով», «Արհեստական բանականությունը ախտաբանությունում»։
Համագործակցություն
Ամբիոնի գիտամանկավարժական աշխատակազմը, որպես գործնական պաթոլոգ անատոմներ, ապահովում են հիվանդանոցների պաթոլոգանատոմիական ծառայությունը ինչպես Հերացի համալսարանական հիվանդանոցում, Մուրացան համալսարանական կլինիկայում և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ում, այնպես էլ Երևան քաղաքի այլ բժշկական կենտրոններում, ակտիվ մասնակցություն են ունենում հանրապետության առողջապահության կազմակերպման, հիվանդությունների ախտորոշման և կադրերի պատրաստման գործում ։
Ստեղծված է համագործակցություն ԵՊԲՀ-ի հետբուհական «Պաթոլոգիայի», «Որովայնային անհետաձգելի վիրաբուժության» և «Ֆարմակոլոգիայի» ամբիոնների հետ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի» Վիրուսաբանության և բջջի կենսաբանության լաբորատորիայի և «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնի հետ։
Պրոֆեսորադասախոսական կազմ
| Ազգանուն անուն հայրանուն | Պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
| Կարալյան Նաիրա Յուրիի | ամբիոնի վարիչ | բ.գ.թ. | դոցենտ |
| Պապյան Անդրեյ Վլադիմիրի | դոցենտ | բ.գ.թ. | դոցենտ |
| Աղաբեկյան Լուսինե Էդուարդի | դոցենտ | բ.գ.թ. | — |
| Հակոբյան Գայանե Արշավիրի | դոցենտ | բ.գ.թ. | — |
| Դաբաղյան Վարդան Ռազմիկի | ավագ դասախոս | բ.գ.թ. | — |
| Պետրոսյան Աննա Ռուբենի | դասախոս | — | — |
| Պողոսյան Նելլի Սուրենի | դասախոս | — | — |
| Քամալյան Շողեր Միքայելի | դասախոս | — | — |
| Բադալյան Շահեն Սեյրանի | ասիստենտ | — | — |
| Պետունց Հասմիկ Յուրիկի | ասիստենտ | — | — |
| Մանասյան Սերգեյ Ավթանդիլի | ասիստենտ | — | — |