Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոն

Պատմություն

ԵՊԲՀ կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնը 1990թ.-ին հիմնադրել և անփոփոխ մինչև իր վախճանը 2019թ. որպես ամբիոնի վարիչ ղեկավարել է բ.գ.դ., պրոֆեսոր Սպարտակ Սեմյոնի Գամբարովը: 2019թ.-ից ամբիոնի վարիչն է բ.գ.թ., դոցենտ Արմինե Վիլենի Հակոբյանը:

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումն իրականացվում է ԵՊԲՀ բոլոր ֆակուլտետների ուսանողների համար՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով: Գործնական պարապմունքներն անց են կացվում ցիկլային դասընթացների ձևով, որոնց ընթացքում լայնորեն կիրառվում են ուսուցման տարբեր մոտեցումներ՝ այցելություններ հիվանդանոցային բուժում ստացող բուժառուներին, հիվանդությունների քննարկում կլինիկական դեպքերի ձևով, տեսանյութերի դիտումներ, մուլյաժների վրա փորձեր։

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով` 2 տարի և ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ։ Անցկացվում են նաև բժիշկների վերապատրաստման դասընթացներ՝ 1-8 շաբաթ տևողությամբ։

Ամբիոնի կլինիկական բազաներն են համալսարանական կլինիկաները՝ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրը, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը: «Հերացի» համալսարանական կլինիկայում գործում է նաև ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնը: Բոլոր համալսարանական կլինիկաներում ամբիոնի աշխատակիցները իրականացնում են բուժական գործունեություն՝ հիվանդների վարում, հերթապահություններ, շրջայցեր և խորհրդատվություն:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական թեմաներից է «Ժառանգական անոթայտուցի բուժման նոր մոտեցումները» ծրագիրը: Բացի այդ, միջազգային ստանդարտ մեթոդաբանությամբ կատարվել են Երևան քաղաքի երեխաների շրջանում բրոնխային ասթմայի և բուհերում սովորող ուսանողների շրջանում սննդային ալերգիայի և դրանց հետ կապակցված մյուս ատոպիկ հիվանդությունների տարածվածության ուսումնասիրություններ: Իրականացվում են «Դեղորայքային ալերգիան Հայաստանում. խնդիրները և դրանց լուծման ուղիները» և «Բրադիկինինային անոթայտուցի տարբերակիչ ախտորոշման նոր մոտեցումները. հավանական բիոմարկերների ուսումնասիրություն» գիտական ծրագրերը:

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի բազայում կատարվել է «Ստերիմար» քթային սպրեյի կլինիկական փորձարկումը։ Ամբիոնի կլինիկական բազաներում իրականացվում է C1-INH-ի բնածին անբավարարությամբ մասնակիցների սուր ժառանգական անոթայտուցի գրոհների բուժման և նախամիջամտական կանխարգելման մարդու պլազմայից ստացված C1-էսթերազի արգելակիչի (C1-INH) ներերակային խտանյութի 3-րդ փուլի կլինիկական փորձարկումը, և այլ կլինիկական հետազոտություններ:

Ամբիոնում պաշտպանվել է դոկտորական 3 և թեկնածուական 20 ատենախոսություն:

Համագործակցություն

Ամբիոնի աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբի կողմից մշակվել, ադապտացվել և ներդրվել են ալերգիկ տարբեր հիվանդություններով բուժառուների վարման մի շարք կլինիկական ուղեցույցեր և գործելակարգեր:

Ամբիոնի աշխատակիցները մշտապես մասնակցում են միջազգային, մասնավորապես եվրոպական, ամերկյան, համաշխարային ալերգոլոգիական գիտաժողովներին և համագումարներին, հանդես գալիս զեկուցումներով: Բացի այդ, նրանք մասնագիտական ասոցիացիայի շրջանակներում, ինչպես նաև այլ ասոցիացիաների հետ համատեղ Հայաստանում կազմակերպում են տարեկան 2-4 գիտաժողովներ, աշխատանքային քննարկումներ։

Ամբիոնը սերտորեն համագործակցում է Վիեննայի բժշկական համալսարանի և INUNIMAI մոլոկուլային ալերգոլոգիայի կենտրոնի, Լոս-Անջելեսի Կալիֆորնիա համալսարանի ալերգոլոգիայի բաժանմունքի (University of California, Los-Angeles, UCLA), Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի (Tehran University of Medical Sciences), Փարիզի Սորբոնի համալսարանի Սան-Անտուան հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժանմունքի հետ (Sorbonne University, Saint Antoine Hospital, Department of Internal Medicine, Paris) և արտերկրների մի շարք այլ հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կենտրոնների հետ:

Ամբիոնի կազմը

Հակոբյան Արմինե Վիլենի Ամբիոնի վարիչ, բ.գ.թ, դոցենտ
Հարությունյան Սոնա Սերգեյի դոցենտ, բ.գ.թ.
Կալիկյան Զարուհի Գևորգի դոցենտ, բ.գ.թ.
Գաբրիելյան Արսեն Ռոբերտի ավագ դասախոս, բ.գ.թ.
Բաղդասարյան Աստղիկ Արմենի դասախոս, բ.գ.թ.
Զաքարյան Ալեքսանդրա Սպարտակի դասախոս
Հովհաննիսյան Նունե Ռուբենի դասախոս
Մովսիսյան Մարիամ Ռուբիկի ասիստենտ, բ.գ.թ.
Խաչատրյան Մերի Ռուբենի ասիստենտ
Աբգարյան Անգելինա Տիգրանի ասիստենտ