Պատմություն
Հիմնադրվել է 1923թ.-ին:
Հիմնադրվել է 1923թ.-ին, Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում` որպես ֆիզիոլոգիական քիմիայի ամբիոն: Ամբիոնի առաջին վարիչը եղել է ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Հակոբ Գարեգինի Հովհաննիսյանը:
1930թ.-ին ԵՊՀ-ից բժշկական ֆակուլտետի անջատման, և Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստեղծման արդյունքում ֆիզիոլոգիական քիմիայի ամբիոնը տեղափոխվել է նորաստեղծ ինստիտուտ, և անվանվել կենսաբանական քիմիայի ամբիոն: Ամբիոնի վարիչը Երևանի պետական բժշկական ինստիտուտի հիմնադիր ռեկտոր, պրոֆեսոր Հակոբ Գարեգինի Հովհաննիսյանն էր: Նրա ղեկավարությամբ կատարվել են կիսաացետալային սինթեզի կատալիզատորների որոնման, որոշ վիտամինների և օքսիպուրինների հակաօքսիդանտային հատկությունների ուսումնասիրության աշխատանքներ:
1937թ.-ին ամբիոնը ղեկավարել է Հրաչյա Խաչատուրի Բունիաթյանը, ով 1943թ.-ին Հայաստանի այլ ականավոր գիտնականների հետ հիմնադրել է ՀՍՍՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱ): Նրա ղեկավարության տարիներին ամբիոնում իրականացվել են նեյրոքիմիական լայնածավալ հետազոտություններ նվիրված`
- գլխուղեղի դրդման և արգելակման, ինչպես նաև պայմանական ռեֆլեքսների հիմքում ընկած կենսաքիմիական պրոցեսներին (Համամիութենական նեյրոխորհրդի անդամ Գաբրիել Սամսոնի Խաչատրյան և ուրիշներ),
- սիմպաթոադրենալային համակարգի ադապտացիոն տրոֆիկական ազդեցության կենսաքիմիական հիմունքների (Էմիլ Երեմի Մխեյան և ուրիշներ) բացահայտմանը:
Ամբիոնի գիտական նվաճումների զարգացմանը նպաստել են նաև պրոֆեսոր Գաբրիել Սամսոնի Խաչատրյանի գիտական աշխատանքները: Նրա ղեկավարությամբ ամբիոնում ստեղծվել է «Ուղեղի բիոսինթետիկ ռեակցիաների» լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվել են ածխաջրերի փոխանակության այլընտրանքային ուղիների առանձնահատկություններն ուղեղում, ինչպես նաև տարբեր նուկլեինաթթուների դերը ուղեղում և հիշողության մեխանիզմներում պայմանական ռեֆլեքսների առաջացման գործում:
1961թ.-ից ամբիոնը ղեկավարել է ՀՍՍՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վահան Գրիգորի Մխիթարյանը, ում ղեկավարությամբ ուսումնասիրվել են քլորոպրենային թունավորման մեխանիզմները: Հետագայում դրանք հիմք են ծառայել լիպիդային գերօքսիդացման ազատ ռադիկալային շղթայական ռեակցիաների, ինչպես նաև այդ պրոցեսը կարգավորող հակաօքսիդանտային համակարգի ուսումնասիրության համար: Այդ ուղղությունը, որը կոչվել է «Օքսիդացիոն սթրես», հետագա զարգացում է ստացել կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Իոսիֆի Աղաջանովի կողմից, ում դոկտորական թեզը նվիրված է այրվածքային հիվանդության պայմաններում վերոնշյալ պրոցեսների ուսումնասիրությանը:
Նույն ուղղության շրջանակներում իրենց դոկտորական թեզերն են պաշտպանել պրոֆեսորներ Էլեոնորա Միքայելի Միքայելյանը, Դիանա Մկրտչի Գևորգյանը և Մագդալինա Մհերի Մելքոնյանը:
1986-2008թթ ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը, ում գլխավորությամբ շարունակվել են լիպիդային գերօքսիդացման մեխանիզմների ուսումնասիրությունները տարբեր պաթոլոգիաների ժամանակ: Միաժամանակ, պրոֆ. Մ.Ի. Աղաջանովի կողմից ղեկավարվել է «Ալցհեյմերի հիվանդության և այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների պաթոգենեզի կենսաքիմիական մեխանիզմների հետազոտությունը և դրանց կանխարգելման ու բուժման նոր եղանակների բացահայտումները» գիտահետազոտական թեման, որի արդյունքներն ամփոփված են մի քանի թեկնածուական և դոկտորական ատենախոսություններում:
2002 թ.-ին պրոֆեսոր Մ.Ի. Աղաջանովի ղեկավարությամբ ստեղծվել է Ալցհեյմերի հիվանդության հայկական ասոցիացիան:
2008-2011թթ.-ին ամբիոնի վարիչ նշանակվել է պրոֆեսոր՝ Հասմիկ Գուրգենի Վահրադյանը:
2011-2024թթ ամբիոնը նորից ղեկավարել է ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Իոսիֆի Աղաջանովը:
2024թ-ից ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կենսաբանական գիտությունների թեկնածու՝ Արտաշես Գևորգի Գևորգյանը:
Ուսուցում
Ամբիոնում ուսուցումն անցկացվում է բոլոր ֆակուլտետների երկրորդ կուրսի ուսանողների համար` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, իսկ 2025-2026 ուս. տարուց ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար դասընթացը կազմակերպվել է 1-ին կուրսի 2-րդ կիսամյակից: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսուցանվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների և սեմինարների ձևով: Բոլոր դասախոսությունները ներկայացվում են պրեզենտացիաների ձևով՝ բժշկագիտական պրոցեսների կենսաքիմիական մեկնաբանությամբ ու ժամանակակից կենսաքիմիական հետազոտություններով կլինիկական դիագնոստիկայի հիմնավորմամբ:
Ուսանողների գիտելիքները ստուգվում են համակցված՝ բանավոր, միջանկյալ հարցումների, իրավիճակային խնդիրների քննարկման ձևաչափով: Ամբիոնում ստեղծված է քննական թեստային բանկ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, որն ընդգրկում է մի քանի հազար անընդհատ թարմացվող թեստեր: 2024թ-ից ամբիոնում ներդրվել է գիտելիքի գնահատման բազմաբաղադրիչ համակարգ, որն ուսանողին հնարավորություն է տալիս կիսամյակի ընթացքում միջանկյալ հարցումների և բանավոր պատասխանների միջոցով ձևավորել վերջնական քննական գնահատականի 20%-ը: Առարկայի ավարտական գիտելիքները ստուգվում են համակարգչային եղանակով:
Ամբիոնում հրատարակվել է 6 դասագիրք՝
- Գ.Ս. Խաչատրյան, Մ.Ի. Աղաջանով – «Կենսաքիմիա», Երևան, 2001թ.,
- Մ.Ի. Աղաջանով և Ա.Լ. Շալջյան- «Բերանի խոռոչի կենսաքիմիա» դասագիրք, Երևան, 2015թ.
- Կ.Բ. Ենկոյան – «Նեյրոքիմիայի հիմունքները» դասագիրքը, Երևան, 2015 թ.
- Մ.Ի. Աղաջանով և Ա.Լ. Շալջյան- «Բերանի խոռոչի կենսաքիմիա» դասագիրք , ռուսերեն լեզվով Երևան, 2019թ.
- Մ.Ի. Աղաջանովի խմբագրությամբ «Կենսաքիմիա» դասագիրք, Երևան, 2022թ.
- Ն.Ա. Զաքարյան, Ռ. Խ. Սահակյան, Մ. Ի. Աղաջանով – Կենսաքիմիա, ձեռնարկ, I և II մասեր (ռուսերեն լեզվով), Երևան, 2025թ.:
Գիտահետազոտական աշխատանքներ
2015 թվականից ամբիոնի գիտական աշխատանքները իրականացվում են ԵՊԲՀ Նեյրոգիտության, իսկ 2022 թվականից արդեն ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի առաջնորդությամբ: Այս շրջանակներում իրականացվում են «Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների պաթոգենեզի մորֆոֆունկցիոնալ առանձնահատկությունները» և «Նյարդային համակարգի զարգացման խանգարումների պաթոգենեզը կենդանական մոդելներում» աշխատանքներում որոնք ղեկավարվում են ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի գլխավոր գիտաշխատող, Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, կենսաքիմիայի ամբոնի պրոֆեսոր Կոնստանտին Բորիսի Ենկոյանի գլխավորությամբ:
Եվս մեկ ուղղություն ամբիոնը իրականացնում է ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի հետ համատեղ՝ «Օպիոիդ ռեցեպտորային համակարգի դերը ճարպակալման նեյրոքիմիական մեխանիզմներում» է, որի ղեկավարն է պրոֆեսոր Գայանե Սարգսի Վարդանյանը:
Համագործակցություն
Կենսաքիմիայի ամբիոնը համագործակցում է`
- ԵՊԲՀ-ի պաթոֆիզիոլոգիայի, պաթանատոմիայի ամբիոնների հետ,
- ԵՊԲՀ-ի գիտական կենտրոնի հետ,
- «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն հետ,
- «Մուրացան» համալսարանական կլինիկայի հետ,
- ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտի հետ,
- ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ,
- «Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոնների հետ,
- ՀՀ ԱՆ Պրիոնային հիվանդությունների լաբորատորիայի հետ,
- Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի (Շվեդիա) հետ,
- Ալցհեյմերի միջազգային ասոցիացիայի (Լոնդոն) հետ:
Պրոֆեսորադասախոսական կազմը
| Անուն Ազգանուն Հայրանուն | Ամբիոնում զբաղեցրած պաշտոն
|
Գիտական աստիճան | Գիտական կոչում |
| Արտաշես Գևորգյան Գևորգի | ամբիոնի վարիչի ժ/պ | թեկնածու | դոցենտ |
| Գայանե Վարդանյան Սարգսի | դոկտոր | պրոֆեսոր | |
| Կոնստանտին Ենկոյան Բորիսի | դոկտոր | պրոֆեսոր | |
| Անահիտ Սահարյան Վլադիմիրի | թեկնածու | դոցենտ | |
| Ալլա Շալջյան Լևոնի | թեկնածու | դոցենտ | |
| Վերգինե Գրիգորյան Սուրենի | թեկնածու | դոցենտ | |
| Ռայիսա Սահակյան Խաչատուրի | ավագ դասախոս | թեկնածու | |
| Նաիրա Զաքարյան Ալեքսանդրի | ավագ դասախոս | թեկնածու | |
| Հրանուշ Խաչատրյան Ֆրունզիկի | ավագ դասախոս | թեկնածու | |
| Կատարինե Ֆերեշետյան Սերոբի | դասախոս | թեկնածու | |
| Հասմիկ Հարությունյան Սամվելի | դասախոս | ||
| Արմինե Իսոյան Սամվելի | դասախոս | թեկնածու | |
| Մարգարիտա Միրումյան Լենիկի | դասախոս | ||
| Դիանա Սելիպանովա Գրիգորիի | ասիստենտ | ||
| Լիլիթ Պետրոսյան Լևոնի | ասիստենտ | ||
| Ռոզա Արծրունյան Ռուբենի | լաբորանտ | ||
| Սեդա Կոստանյան Ապավենի | պրեպարատոր |