Պատմություն
Ընտանեկան բժշկության ամբիոնը հիմնադրվել է 1997թ-ին: 1996թ-ին ՀՀ-ում սկիզբ առած Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումների ծրագիրը նախատեսում էր առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) համակարգում ընտանեկան բժշկության/ընդհանուր պրակտիկայի բժշկության (ԸԲ/ԸՊԲ) համակարգի ներդրում: Դրա համար կարևոր նախադրյալ էր ակադեմիական կառույցների՝ ամբիոնների ձևավորումը: 1997թ-ին նախադիպլոմային և հետդիպլոմային բժշկական կրթական ծրագրերում «Ընտանեկան բժշկություն» առարկայի ստեղծման նպատակով ԵՊԲՀ կազմում հիմնադրվեց ընտանեկան բժշկության ամբիոնը, որը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը:
2001թ-ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ ԵՊԲՀ-ի և առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) ընտանեկան բժշկության ամբիոնների աշխատակիցների ջանքերով ստեղծվեց ընտանեկան բժշկության միօրինակացված կրթական ծրագիրը (ԸԲՄԿԾ), որը սահմանում է մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և մոտեցումների ամբողջությունը, ուսուցման մեթոդներն ու անհրաժեշտ ռեսուրսները: Վերոնշյալ 2 ամբիոնները ստանձնեցին առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների (տեղամասային թերապևտներ, մանկաբույժներ, գյուղական ամբուլատորիաների բժիշկներ)` ընտանեկան բժշկության վերամասնագիտացման մեկամյա ծրագրի իրականացումը: 1999թ-ին ՀՀ ԱՆ հրամանով հաստատվեցին «Ընտանեկան բժշկություն» մասնագիտությունը և մասնագիտության ձեռքբերմանն ուղղված կլինիկական օրդինատուրայի ծրագիրը: Նույն թվականին ԵՊԲՀ ամբիոնն ընդունեց «ընտանեկան բժշկություն» մասնագիտությամբ առաջին կլինիկական օրդինատորներին:
2000թ-ին ԵՊԲՀ ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների նախադիպլոմային կրթության ծրագրում ներդրվեց ընտանեկան բժշկության ներածության 5-օրյա դասընթաց, որը հետագայում ընդհանուր բժշկության ֆակուլտետի համար դարձավ 10-օրյա:
2001-2011թթ-ին ԵՊԲՀ և ԱԱԻ ընտանեկան բժշկության ամբիոններում վերապատրաստվել են առողջության առողջության պահպանման օղակի ավելի քան 1300 բժիշկ:
2007-2011թթ-ին ամբիոնում ԵՊԲՀ բոլոր ֆակուլտետների առաջին կուրսերի ուսանողներին ուսուցանվել են նաև «Առողջ ապրելակերպ» և «Առաջին օգնություն» դասընթացները: 2015-2017թթ-ին վերականգնվեց «Առաջին օգնություն» առարկայի դասավանդումը:
2011թ-ին ԱԱԻ կրթական բաղադրիչի ԵՊԲՀ-ին միավորվելու արդյունքում ԱԱԻ և ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնները միավորվեցին: Նորաստեղծ ամբիոնի վարիչի պաշտոնը վստահվեց պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյանին, ով ղեկավարեց մինչև 2012թ-ը: 2012-2017թթ. ամբիոնը ղեկավարել է դոցենտ Կարինե Մալայանը: 2017-ից ամբիոնը կրկին ղեկավարում է պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը:
Ուսուցում
Ամբիոնում ընթանում են «ընտանեկան բժշկություն» առարկայի ցիկլային երկշաբաթյա դասընթացներ ընդհանուր բժշկության, և մեկշաբաթյա՝ ռազմաբժշկական ֆակուլտետների 6-րդ կուրսի ուսանողների համար: Ուսուցումն իրականացվում է եռալեզու: Ուսուցումը կազմակերպվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով, ինտերակտիվ և դիդակտիկ մեթոդների զուգակցությամբ: Դասերի ընթացքում ուսանողները հանձնում են հմտությունների տիրապետման ստուգարք: Բոլոր դասախոսությունները ներկայացվում են պրեզենտացիաներով, որոշ թեմաների վերաբերյալ ցուցադրվում են նաև տեսաֆիլմեր: Ամբիոնի հմտությունների լաբորատորիայում գործնական պարապմունքների ժամանակ կիրառվում են խնդրի վրա հիմնված ուսուցման (problem based learning PBL) մեթոդաբանություն, բազմազան սիմուլյացիոն մեթոդներ՝ դերախաղեր, կլինիկական սիմուլյացիաներ:
Ուսուցման ընթացքում ուսանողներին, կլինիկական օրդինատորներին և բժիշկներին հնարավորություն է տրվում օգտվելու ամբիոնի հարուստ գրադարանից: Ամբիոնում գործում է նաև ժամանակակից մանեկեններով և մուլյաժներով հագեցած հմտությունների լաբորատորիա և ընտանեկան բժշկի «մոդելային» գրասենյակ: Հմտությունների լաբորատորիայում ուսանողները հնարավորություն ունեն զարգացնելու կլինիկական հետևյալ հմտությունները` հիվանդի ընդհանուր բժշկական զննում, օթոսկոպիա, աչքի հատակի զննում, միզապարկի կաթետերիզացիա, սիրտ-թոքային վերակենդանացում և այլն:
Հատուկ ուշադրություն է դարձվում հիվանդին տրվող խորհրդատվության հմտությունների զարգացմանը թե՛ լսարանային, և թե՛ կլինիկական պայմաններում: Ամբիոնի ուսուցման ծրագրի հիմնաքարերից են կանխարգելիչ աշխատանքների կազմակերպման և առավել տարածված հիվանդությունների ու առողջական խնդիրների վարումն առողջության առաջնային պահպանման օղակում: «Հերացի» և «Մուրացան» համալսարանական պոլիկլինիկաներում ուսանողները դիտարկում են հիվանդների վարումը ամբուլատոր պայմաններում: Գիտելիքների գնահատումն իրականացվում է ԵՊԲՀ-ում սահմանված կարգով:
«Հերացի» քոլեջի ուսանողների համար ամբիոնում կազմակերպվում է «գերիատրիա», «պալիատիվ խնամք» դասընթացները:
Ամբիոնն իրականացնում է հետդիպլոմային ուսուցում՝ «Ընտանեկան բժշկություն»/«ընդհանուր բժշկական պրակտիկա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա 2 տարի տևողությամբ: Ծրագրի հիմքում ընկած է ընտանեկան բժշկության միօրինակացված կրթական ծրագիրը (ԸԲՄԿԾ), որը համապատասխանում է աշխարհում ընտանեկան բժշկության/ընդհանուր բժշկական պրակտիկայի միջազգային ավելի քան 30-ամյա փորձին ու լավագույն ավանդույթներին:
Առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների և բուժքույրերի շարունակական կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպվում են վերապատրաստման և մասնագիտացման կրեդիտավորված դասընթացներ:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են` ԱԱՊ օղակի բարեփոխումների կլինիկական հարցերը, շնչառական համակարգի հիվանդությունները, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների վաղ ախտորոշումն ու շարունակական վարումը, քրոնիկ ցավային համախտանիշի կառավարումը ԱԱՊ օղակում և այլն:
Ամբիոնի աշխատակիցների կողմից տպագրվել են 100-ից ավելի գիտական հոդվածներ, սեղմագրեր, որոնք ներկայացվել են հայկական ու միջազգային գիտաժողովներին, ինչպես նաև մի շարք ուսումնական ձեռնարկներ:
Համագործակցություն
1999թ-ից միջազգային տարբեր կառույցների աջակցությամբ ամբիոնի աշխատակիցները բազմաթիվ վերապատրաստումներ են անցել արևմտյան համալսարաններում (Նորվեգիա, Էստոնիա, Ավստրիա, Գերմանիա, Անգլիա, ԱՄՆ)` դասավանդման ժամանակակից մեթոդների, կլինիկական ուսուցման ծրագրերի նախագծման, կլինիկական աշխատանքի ժամանակակից չափորոշիչների վերաբերյալ: Արտերկրից ժամանած առաջատար մասնագետներն ամբիոնում զանազան կլինիկական դասընթացներ են կազմակերպել` ամբիոնի աշխատակիցների և առողջության առաջնային պահպանման բժիշկների համար` ապահովելով նաև հետագա շարունակական մեթոդաբանական խորհրդատվություն:
Ընտանեկան բժշկություն/ընդհանուր բժշկական պրակտիկա մասնագիտությունը պահանջում է կլինիկական այլ մասնագետների հետ սերտ համագործակցություն. ԵՊԲՀ մյուս կլինիկական ամբիոնների համագործակցությամբ և Հայաստանում 2001-2012թթ.-ին աշխատող միջազգային կազմակերպությունների աջակցությամբ (WB PIU, GlobalFund, USAID Projects PRIME II, NOVA, PHCR) ամբիոնի աշխատողներն առողջության առաջնային պահպանման բժիշկների համար մշակել են մի շարք ուսումնական փաթեթներ և կլինիկական ուղեցույցներ:
Ներկայումս ամբիոնի աշխատակիցները համագործակցում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) HS-STAR (Հայաստանի առողջապահական համակարգի հզորացման) ծրագրի հետ, մասնակցում բուժօգնության որակի վերահսկման, համառոտ կլինիկական գործելակարգերի, հանրակրթական նյութերի մշակման և դասընթացների իրականացման աշխատանքներին:
Ընտանեկան բժշկության ամբիոնը համագործակցում է «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» առողջապահական հասարակական կազմակերպության հետ, որը որպես շարունակական բժշկական կրթության ծրագրի բաղադրիչ, առողջության առաջնային պահպանման բժիշկների համար ամեն տարի կազմակերպում է մեթոդական սեմինարներ և գիտաժողովներ: Նույն համագործակցության շրջանակներում ամբիոնում պարբերաբար կազմակերպվում են գործնական դասընթացներ Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից ընտանեկան բժիշկների մասնակցությամբ:
Ընտանեկան բժշկության ամբիոնի կազմ
| ԱԱՀ | Գիտական կոչում | Պաշտոն |
| Միքայել Նարիմանյան Զախարի | բ․գ․դ. պրոֆեսոր | ամբիոնի վարիչ |
| Կարինե Մալայան Լևոնի | բ․գ․թ. դոցենտ | դոցենտ |
| Իրինա Դանիելյան Էդուարդի | բ․գ․թ. դոցենտ | դոցենտ |
| Ալեքսանդրա Կարապետյան Արմենի | բ․գ․թ. | ավագ դասախոս, ուսումնական մասի պատասխանատու |
| Արմինե Դանիելյան Արմիկի | բ․գ․թ. | ավագ դասախոս |
| Վարդուհի Խաչատրյան Ռաֆիկի | բ․գ․թ. | ավագ դասախոս |
| Զարուհի Բաբլումյան Միշայի | դասախոս | |
| Լիլիա Մուրադյան Երջանիկի | դասախոս | |
| Սոնա Հայրապետյան Նվերի | դասախոս | |
| Գայանե Մանասյան Ավթանդիլի | ասիստենտ | |
| Նատալյա Պռոշյան Վանուշի | առաջատար մասնագետ | |
| Գոհարիկ Սարգսյան Տիգրանի | գործավար | |
| Անգելինա Հարությունյան Ալեքսանդրի | լաբորանտ |