Պատմություն
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում դեղագործական կրթության զարգացման կարևոր փուլերից մեկը հանդիսացավ 1972 թվականին դեղագիտական ֆակուլտետի ստեղծումը։ Դրան հաջորդեց 1974 թվականին «Դեղերի տեխնոլոգիայի, դեղագործության էկոնոմիկայի և կազմակերպման» ամբիոնի հիմնադրումը, որտեղ դասավանդվում էին «Դեղերի տեխնոլոգիա», «Բժշկական ապրանքագիտություն» և «Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա» առարկաները։
Դեղագործական գիտությունների և պրակտիկայի զարգացմանը համընթաց՝ «Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա» առարկան, որպես «Դեղագործություն» մասնագիտության կարևորագույն ուղղություններից մեկը, 2006 թվականին առանձնացվեց և ձևավորվեց նոր՝ «Դեղագործության կառավարման» ամբիոնը։ Ամբիոնի հիմնադրման հիմնական նպատակը ապագա դեղագետներին դեղագործական գործունեության կառավարման, դեղագործական մարկեթինգի, էկոնոմիկայի և սոցիալական ֆարմացիայի ոլորտներում ժամանակակից տեսական գիտելիքներով և գործնական հմտություններով ապահովելն է։
2016 թվականի սեպտեմբերից ամբիոնում վերսկսվել է նաև «Բժշկական և դեղագործական ապրանքագիտություն» առարկայի դասավանդումը, ինչը նպաստել է ուսումնական ծրագրի ընդլայնմանը և մասնագիտական պատրաստվածության առավել ամբողջական կազմակերպմանը։
Ուսուցում
Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է դասախոսությունների, գործնական և ցիկլային պարապմունքների ձևաչափերով՝ դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերում, ինչպես նաև մագիստրատուրայում։
Ուսումնական գործընթացի հիմքում դրված են դեղագործական կառավարման և մարկեթինգի, դեղատնային կազմակերպությունների գործունեության կազմակերպման, ֆինանսական կառավարման, դեղագործական ծառայությունների մատուցման, ինքնաբուժման կառավարման և դեղագործական հոգածության պատշաճ իրականացման հիմնարար հարցերը։ Ամբիոնը հրատարակել է մեթոդական ձեռնարկներ հայերեն և անգլերեն լեզուներով։
Ամբիոնում դեղը դիտարկվում է ոչ միայն որպես բուժական միջոց, այլև որպես առանձնահատուկ ապրանք, որն ունի գովազդի, վաճառքի, բրենդինգի, լոգիստիկայի, գրանցման, պետական գնումների և կեղծման կանխարգելման յուրահատուկ առանձնահատկություններ։ Դասընթացների ընթացքում ուսանողները ձեռք են բերում ժամանակակից դեղագործական համակարգում արդյունավետ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և գործնական կարողություններ։
Ամբիոնի գիտահետազոտական գործունեությունը
Ընդհանուր ռազմավարությունը և նպատակները
Ամբիոնի գիտահետազոտական գործունեությունն ուղղված է միջազգային դեղագործական շուկայի ժամանակակից միտումների ուսումնասիրմանը և դրանց ներդրմանը ՀՀ առողջապահական համակարգում: Հետազոտությունների առանցքում է սոցիալական ֆարմացիան՝ որպես դեղագործական գործունեության հանրային և կլինիկական արդյունավետության ապահովման հիմնասյուն:
Հիմնական գիտահետազոտական ուղղությունները և արդյունքները․
- Դեղագործական խորհրդատվություն և հոգածություն։ Մշակվել են մասնագիտական ալգորիթմներ և գործնական առաջարկություններ՝ դեղագործական խորհրդատվությունը որպես առողջապահական ծառայության անբաժանելի բաղադրիչ ամրապնդելու համար:
- Ռացիոնալ դեղաթերապիա և ինքնաբուժում։ Վերլուծվել են ինքնաբուժման տարածվածության և դեղերի ոչ ռացիոնալ կիրառման ռիսկերը: Մշակվել են առաջարկներ բնակչության իրազեկվածության բարձրացման և դեղատան աշխատակցի կողմից պատասխանատու ինքնաբուժման կառավարման վերաբերյալ:
- Օրենսդրական և մակրոտնտեսական կարգավորումներ։ Ուսումնասիրվել են բժշկական սարքերի ներմուծման ու գրանցման ընթացակարգերը, բացահայտվել են օրենսդրական հիմնախնդիրները և առաջարկվել կարգավորման ուղիներ:
Գիտական արդյունավետություն։ Հետազոտությունների արդյունքներն ամփոփված և տպագրված են բազմաթիվ հոդվածների տեսքով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան առաջատար գիտական և ազդեցության գործակցով (Impact Factor) պարբերականներում:
Միջազգային համագործակցություն և կապեր
| Հաստատություն / Կազմակերպություն | Քաղաք, երկիր | Համագործակցության ձևը և նկարագրությունը |
| ISPOR (International Society for Pharmacoeconomics and Outcomes Research) | ԱՄՆ / Եվրոպական մասնաճյուղ | Գիտական աշխատանքների համատեղ տպագրություն և ակտիվ մասնակցություն ընկերության եվրոպական համաժողովներին: |
| Թբիլիսիի պետական բժշկական համալսարան | Թբիլիսի, Վրաստան | ՀՀ և Վրաստանի դեղագործական շուկայի մասնագետների և ուսանողների գործունեության, կարիերայի աճի և մասնագիտական զարգացման վրա ազդող գործոնների համատեղ հետազոտություն: |
| Ակակի Ծերեթելի պետական համալսարան | Քութաիսի, Վրաստան | Դեղագործական շուկայի մասնագետների և ֆակուլտետի ուսանողների աշխատանքային գործունեության վրա ազդող առանցքային գործոնների հետազոտություն: |
| «Դեղերի օգտագործման գիտական խումբ» ՀԿ | Հայաստան | Համատեղ ծրագրերի իրականացում, կապերի հաստատում և փոխգործակցության ընդլայնում այլ միջազգային կրթական կառույցների ու կազմակերպությունների հետ: |
Ամբիոնի աշխատակազմը
| № | ԱԱՀ | Զբաղեցրած պաշտոն | Գիտական աստիճան | Գիտական կոչում |
| 1. | Սիմոնյան Մարթա Հեկտորի | Ամբիոնի վարիչ | դեղագործական գիտությունների թեկնածու | դոցենտ |
| 2. | Բեգլարյան Մարգարիտա Հրանտի | պրոֆեսոր | դեղագործական գիտությունների դոկտոր | պրոֆեսոր |
| 3. | Հանիսյան Ռուզաննա Մարտունի | դոցենտ | դեղագործական գիտությունների թեկնածու | դոցենտ |
| 4. | Ղազարյան Իրինա Աղասու | դոցենտ | դեղագործական գիտությունների թեկնածու | |
| 5. | Սևիկյան Անահիտ Լևոնի | դոցենտ | դեղագործական գիտությունների թեկնածու | |
| 6. | Վարդանյան Լուսինե Նվերի | դոցենտ | դեղագործական գիտությունների թեկնածու | |
| 7. | Բարսեղյան Անուշ Բարսեղի | դասախոս | դեղագործական գիտությունների թեկնածու | |
| 8. | Նազարյան Լուսինե Գագիկի | դասախոս | դեղագործական գիտությունների թեկնածու | |
| 9. | Ամիրխանյան Անահիտ Հարությունի | դասախոս | ||
| 10. | Միքայելյան Նոնա Հմայակի | ասիստենտ | ||
| 11. | Մայիլյան Անահիտ Գարեգինի | ասիստենտ | ||
| 12. | Սահակյան Վիրգինյա Արշավիրի | լաբորանտ | ||
| 13. | Մինասյան Մերի Արտաշեսի | լաբորանտ |