Ֆարմակոգնոզիայի ամբիոն

Կապ մեզ հետ

(+37460) 621 353
n.chichoyan@mail.ru

Պատմություն

Հիմնադրվել է 2006թ.-ին:

Ամբիոնի վարիչ` դ.գ.դ. պրոֆեսոր Նաիրա Բաբկենի Չիչոյան


Ֆարմակոգնոզիա դասընթացը 1974 թ-ից 1987թ.-ը կազմակերպվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետի դեղագործական քիմիայի ամբիոնում, «ֆարմակոգնոզիա` բուսաբանության հետ» կուրսի շրջանակում, որը ղեկավարել է բազմաթիվ գիտական աշխատությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լ.Վ. Ռևազովան:

1987թ.-ից ֆարմակոգնոզիան որպես մասնագիտական առարկա դասավանդվում է «Կլինիկական ֆարմակոլոգիայի, ֆարմակոգնոզիայի` բուսաբանության հետ» ամբիոնի շրջանակում` ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆ. Ռ.Ղ. Բորոյանը: Պրոֆ. Ռ.Ղ. Բորոյանի և դոցենտ Լ.Վ. Ռևազովայի գիտական ղեկավարությամբ պատրաստվել և պաշտպանվել են թեկնածուական ատենախոսություններ «Դեղագիտություն» մասնագիտությամբ:

90-ականներին ամբիոնում իրականացվող բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքները նպաստում են ֆարմակոգնոզիայի՝ որպես գիտության առանձին ճյուղի զարգացմանը: Այդ ժամանակաշրջանում պրոֆ. Ռ.Ղ.Բորոյանի, դոցենտներ Լ.Վ. Ռևազովայի, Ա.Ս. Կարագյոզյանի ղեկավարությամբ, ամբիոնի գիտական ներուժի շնորհիվ հետազոտվում են Հայաստանի բուսաշխարհին բնորոշ մի շարք դեղատու տեսակներ: Մասնավորապես, ուսումնասիրվում են Հայաստանի ֆլորայի բարդածաղկավորների և վարդազգիների ընտանիքի դեղատու տեսակները (Լ.Վ. Ռևազովա, Ի.Հ. Սոխիկյան, 1988), Հայաստանի տարբեր կլիմայական գոտիներում աճող Hypericum L. ցեղին պատկանող տեսակները (Ե. Ա. Մելիքյան, 1998): Կատարվում է ՀՀ ֆլորայի վարդազգի ընտանիքի պտղատու մի շարք ծառատեսակների (ծիրանենի, դեղձենի, սալորենի, նշենի) կամեդների հումքաբանական և ֆիտոքիմիական ուսումնասիրությունը (Ն.Բ. Չիչոյան,2000): Ուսումնասիրվում են բուսական ծագման որոշ պատրաստուկների հակաօքսիդիչ հատկությունները (Լ.Ա. Ամիրյան, 2000), Հայաստանի տարբեր շրջաններում աճեցված, գալակտոմաննանի հումքային աղբյուր հանդիսացող ցիամոպսիսի (Cyamopsis tetragonoloba L.) սերմերի և կանաչ զանգվածի քիմիական կազմը և կիրառման հնարավորությունները՝ որպես սննդային հավելում (Կ.Հ. Դումանյան, 2002):

Ստեղծվում են ֆարմակոգնոզիայի առաջին ուսումնական ձեռնարկները դեղագիտական ֆակուլտետի հայալեզու (Լ.Վ. Ռևազովա, Ն.Բ. Չիչոյան, 2000) և անգլալեզու (L. A. Amiryan, 2007) ուսանողների համար:

2006թ.-ից ֆարմակոգնոզիայի ամբիոնը կազմավորվում է որպես ինքնուրույն ամբիոն: Ամբիոնը ղեկավարում է դեղագործական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ն. Բ. Չիչոյանը: Նա 100-ից ավելի գիտական հրապարակումերի (այդ թվում և` միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրված), ուսումնական ձեռնարկների և գյուտ-արտոնագրերի հեղինակ է: Նրա ղեկավարությամբ իրականացվում է Հայաստանի ֆլորայի արժեքավոր և հեռանկարային բուսատեսակների ֆարմակոգնոստիկ ուսումնասիրությունը, որի շրջանակներում տպագրվել և տպագրվում են բազում հետազոտական աշխատանքներ և պաշտպանվել 3 թեկնածուական ատենախոսություն «Դեղագիտություն» մասնագիտությամբ:

Ամբիոնը ակտիվորեն մասնակցում է ՀՀ ԲԿԳԿ-ի դրամաշնորհային ծրագրերին (2021-2024թթ., 2025-2028թթ): Ծրագրի, ինչպես նաև ամբիոնի գիտական թեմայի շրջանակներում իրականացվող գիտահետազոտական աշխատանքները տպագրվում են Web of science, Scopus, Taylor and Francis գիտական շտեմարանների հեղինակավոր ամսագրերում և պարբերաբար զեկուցվում հանրապետական, միջազգային տարբեր գիտաժողովներում: Ամբիոնում միաժամանակ կատարվում են ուսանողական հետազոտական աշխատանքներ (դեղաբուսական հումքից եթերային յուղերի անջատում, կենսաբանական ակտիվ նյութերի լուծամզում, դեղաբուսական հումքի ֆարմակոգնոստիկ անալիզ), որոնց արդյունքները պարբերաբար զեկուցվում են ուսանողական գիտաժողովներում:

Ֆարմակոգնոզիայի ամբիոնը համագործակցում է ԵՊԲՀ-ի մի շարք ամբիոնների՝ «Բժշկական մանրէաբանություն», «Բժշկական ֆիզիկա», համալսարանական գիտա-հետազոտական լաբորատորիայի հետ: Ամբիոնն ունի գիտագործնական կապեր ՀՀ ԳԱԱ Հիդրոպոնիկ պրոբլեմների ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի, Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ-ի հետ:

Ամբիոնը համագործակցում է նաև Աթենքի ագրարային համալսարանի, Խարկովի Ազգային դեղագործական համալսարանի «Բնական միացությունների քիմիայի», Թբիլիսիի բժշկական համալսարանի «Ֆարմակոգնոզիայի» ամբիոնների հետ:

Ուսուցում

Ամբիոնում երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) դասավանդվում են բուսաբանություն, ֆարմակոգնոզիա, դեղաբուսական հումքի ֆարմակոգնոստիկ վերլուծություն, դեղաբույսերի պաշարագիտություն և դեղաբուսական հումքի ապրանքագիտական վերլուծություն, ֆիտոթերապիա՝ ֆարմակոգնոզիայի հիմունքներով առարկաները դեղագիտական ֆակուլտետի բակալավր և մագիստրատուրա կրթական ծրագրերում, և ֆիտոթերապիա էլեկտիվ դասախոսություններ` բուժական և ստոմատոլոգիական ֆակուլտետների բակալավրի կրթական ծրագրում:

Ամբիոնի աշխատակազմ

Չիչոյան Նաիրա Բաբկենի ամբիոնի վարիչ, դ.գ.դ., պրոֆեսոր
Դումանյան Կարինե Հրանտի կ.գ.թ., դոցենտ
Մողրովյան Արմենուհի Վաչագանի դ.գ.թ., դոցենտ
Արշակյան Նաիրա Իշխանի դասախոս
Ալթունյան Աստղիկ Ալեքսանդրի դասախոս
Ղուկասյան Նելլի Հովհաննեսի դասախոս
Հովհաննիսյան Վահե Գերմանի դասախոս
Ղազարյան Արշալույս Մերուժանի ասիստենտ
Կլեկչյան Գայանե Հրանտի ԷՀՄ օպերատոր

Հասցե` ՀՀ, Երևան, 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Ֆարմակոգնոզիայի ամբիոն
Հեռ.` (+37460) 621 353
Էլ. փոստ` n.chichoyan@mail.ru