Դեղագիտական ֆակուլտետ

Պատմություն

Երևանի բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը հիմնադրվել է 1972 թվականին: Այն իր մեծ ավանդն ունի Հայաստանի դեղագործական ծառայությանը բարձրորակ կադրերով ապահովելու գործում: Մինչ ֆակուլտետի ստեղծումը հանրապետությունում պատրաստվում էին միայն միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներ, իսկ բարձրագույն դեղագործական կրթություն ստանալու համար Հայաստանի երիտասարդները հիմնականում մեկնում էին Ռուսաստան և սովորում Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական կամ Պյատիգորսկի դեղագործական ինստիտուտներում: Ֆակուլտետի ստեղծման գործում անուրանալի է այդ ժամանակ Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր Է.Ս. Գաբրիելյանի ավանդը:

Դեղագործական ֆակուլտետի մասնագիտական ամբիոնների դասախոսական կազմի համալրումը իրականացվեց ինչպես բժշկական համալսարանի կադրերով, այնպես էլ հանրապետության այլ բուհերի համապատասխան մասնագետներով և Մոսկվայում, Պյատիգորսկում բարձրագույն դեղագործական կրթություն ստացած խոստումնալից երիտասարդներով:

1977թ. Ֆակուլտետն ավարտեցին առաջին 25 դեղագետ/պրովիզոր/-շրջանավարտները: Ֆակուտետի աշխատանքներն իր ստեղծման օրվանից մինչև 1998 թվականը անմիջականորեն ղեկավարվում էր միացյալ՝ մանկաբուժական-դեղագործական, սանիտարահիգիենիկ-դեղագործական, ստոմատոլոգիական-դեղագիտական դեկանատների կողմից: Այդ տարիներին ֆակուլտետը ղեկավարել են դոց. Լ.Խ. Մանուկյանը, դոց. Ջ.Ղ. Գևորգյանը, դոց. Ի.Բ. Ազիզյանը, դոց. Շ.Ա. Քոսյանը, դոց. Ա.Թ. Թադևոսյանը, դոց. Ա.Ձ. Համբարձումյանը, դոց. Ա.Դ. Քանքայանը: 1999 թվականից ֆակուլտետի դեկանատն առանձնացավ, որի առաջին դեկանը դարձավ Բագրատ Ենոքյանը: 2000 թվականից մինչև 2011 թվականը ֆակուլտետի դեկան է ընտրվել Հասմիկ Հասրաթյանը: 2011 թվականից առ այսօր ֆակուլտետի դեկանն է Բագրատ Ենոքյանը:

Ուսուցում

Դեղագիտական ֆակուլտետում ուսանողներն ստանում են Ֆարմացիա մասնագիտության բազային կրթություն, որն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով:

Ուսուցումը դեղագիտական ֆակուլտետում կազմակերպվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ֆակուլտետում սովորում են ինչպես տեղացի այնպես էլ օտարերկրացի ուսանողներ:

Ֆակուլտետը համագործակցում է հանրապետության դեղագործական, առողջապահական կազմակերպությունների, դեղատների, դեղագործական գործարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետ:

Ֆակուլտետի հազարավոր շրջանավարտներն աշխատում են հանրապետությունում և արտերկրում:

2006-2007 ուստարվանից ֆակուլտետն անցավ բուհական ուսուցման երկաստիճան՝ բակալավր/մագիստրոս համակարգին: 2010 թվականին ֆակուլտետն ավարտեցին առաջին բակալավր շրջանավարտները, իսկ 2012-ին մագիստրոսները:

Ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագիր

Մասնագիտությունը՝ Ֆարմացիա

Որակավորումը՝ Ֆարմացիայի բակալավր

Տևողությունը՝ 4 տարի 

Կրթական ծրագրի տեսլականն է ստեղծել ՀՀ-ում և միջազգային ասպարեզում ճանաչված ու վստահելի կրթական միջավայր, որտեղ պատրաստվում են «Ֆարմացիա» մասնագիտությամբ «Ֆարմացիայի բակալավր» որակավորմամբ համակողմանի գիտելիքներ, գործնական հմտություններ և էթիկական արժեքներ ունեցող իրազեկ, մրցունակ և արհեստավարժ մասնագետներ, ովքեր կարող են արդյունավետորեն ինտեգրվել տեղական և միջազգային առողջապահական համակարգերի համապատասխան աշխատաշուկաներում, ինչպես նաև շարունակել կրթությունը հաջորդ կրթական մակարդակում։ 

Ուսումնական տարին բաղկացած է 8 կիսամյակներից, որոնցից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարեկան ծանրաբեռնվածությունը 60 ECTS կրեդիտ է, մեկ կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Կրթական ծրագրի ուսումնական պլանում ընդգրկված են ինչպես պարտադիր, այնպես էլ կամընտրական, այդ թվում մասնագիտական ուղղվածությամբ դասընթացները: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է համալսարանական մասնաշենքերում, համալսարանական կլինիկաներում, դեղատներում, դեղագործական գործարաններում, գիտահետազոտական հաստատություններում:

Բակալավրիատում դասավանդվող առարկաների ցանկն ըստ կուրսերի

I կուրս

Ընդհանուր և անօրգանական քիմիա, Օրգանական քիմիա, Բժշկական կենսաբանություն, Բարձրագույն մաթեմատիկա, համակարգչային գրագիտություն, Բժշկական և կենսաբանական ֆիզիկա, Նորմալ ֆիզիոլոգիա, անատոմիայի և հյուսվածքաբանության հիմունքներով, Լատիներեն լեզու, Օտար լեզու անգլերեն, Հայկական քաղաքակրթություն, Բժշկական և դեղագործական թերմինաբանություն, Առաջին օգնություն կլինիկական հմտությունների հետ, Ակադեմիական հայերեն, Դեղագիտության պատմություն, Ռազմական բժշկություն՝ Ընդհանուր զինվորական պատրաստություն ԸԶՊ, Ֆիզդաստիարակություն, Ինտեգրված մոդուլ՝ ներածություն ֆարմացիա մասնագիտություն, Մոլեկուլի կառուցվածքի հաստատման ֆիզիկաքիմիական եղանակներ (էլեկտիվ), Պարազիտոլոգիա (էլեկտիվ), Օտար լեզու ռուսերեն (էլեկտիվ), Օտար լեզու ֆրանսերեն (էլեկտիվ), Օտար լեզու գերմաներեն (էլեկտիվ), Օտար լեզու իսպաներեն (էլեկտիվ):

II կուրս

Ֆիզիկական և կոլոիդային քիմիա, Անալիտիկ քիմիա, Օրգանական քիմիա, Կենսաքիմիա, Դեղագործական բուսաբանություն, Բժշկական հոգեբանություն, Մանրէաբանություն, վիրուսաբանություն և իմունաբանություն, Նորմալ ֆիզիոլոգիա, անատոմիայի և հյուսվածքաբանության հիմունքներով, Բժշկական գույքով անձնակազմի կազմակերպում ԲԳԱԿ,
Ուսումնական պրակտիկա Բուսաբանություն առարկայից։

III կուրս

Ախտաբանություն, Առողջապահական իրավունք,
Մասնագիտական դասընթացներ՝ Ֆարմակոլոգիա, Ֆարմակոգնոզիա, Դեղերի քիմիա, Դեղագործական քիմիա, Դեղագործական տեխնոլոգիա, Դեղագործության կառավարում և էկոնոմիկա:

Ուսումնա-արտադրական պրակտիկա Դեղագործական տեխնոլոգիա, Դեղագործական քիմիա և Ֆարմակոգնոզիա առարկաներից,

 

IV կուրս

Ֆարմակոլոգիա, Կլինիկական ֆարմակոլոգիա, Դեղաբուսական հումքի ստանդարտավորում, Անհետաձգելի բժշկություն, Հիգիենա և Էկոլոգիա, Թունագիտություն,
Մասնագիտական դասընթացներ՝ Դեղագործական տեխնոլոգիա, Դեղագործական կենսատեխնոլոգիա, Դեղագործական քիմիա, Թունագիտական քիմիա, Դեղագործության կառավարում և էկոնոմիկա։

Ուսումնա-արտադրական պրակտիկա` Դեղագործության կառավարում և էկոնոմիկայից, Դեղագործական քիմիայից, Դեղերի տեխնոլոգիայից։

Կրթական ծրագրի վերջնարդյունքները հիմնված են ծրագրի նպատակի, խնդիրների, ոլորտի առանձնահատկությունների և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի հավատարմագրման չափանիշների վրա: Այդ վերջնարդյունքներն են`

 

  1. Ցուցաբերել ֆարմացիայի բնագավառում հիմնարար մասնագիտական տեսական և գործնական առաջադեմ գիտելիք և քննադատական ըմբռնում:
  2. Կիրառել մասնագիտական գիտելիքը և հմտությունները դեղերի ստեղծման, արտադրության, պահեստավորման, բաշխման, իրացման և կիրառման փուլերում` ստանդարտ փաստաթղթավորմամբ և անվտանգության կանոնների պահպանմամբ:
  3. Կիրառել որակի ապահովման սկզբունքները` դեղերի և դեղագործական հումքի և հարբժշկական ապրանքների արտադրության, պահեստավորման, բաշխման, պահպանման և օգտագործման փուլերում:
  4. Իրականացնել դեղերի և հարբժշկական նշանակության ապրանքների պահանջարկի վերաբերյալ շուկայի վերլուծություն և մանրածախ ու մեծածախ իրացման պլանավորում:
  5. Իրականացնել դեղերի, դեղահումքի, պարաֆարմացևտիկ արտադրանքի դեղագործական վերլուծություն:
  6. Իրականացնել դեղերի, պարաֆարմացևտիկ արտադրանքի անվտանգ կիրառման և պահպանման վերաբերյալ տեղեկատվական աշխատանք բուժառուների, գործընկերների, բժիշկների և հանրության շրջանում:
  7. Կատարել ֆարմացիայի և հարակից բնագավառներում հետազոտական աշխատանքներ:
  8. Վերլուծել և կիրառել ուսումնական, գիտական, նորմատիվ իրավական գրականություն (տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ)՝ մասնագիտական գործունեության և ինքնազարգացման նպատակով:
  9. Ցուցաբերել արդյունավետ հաղորդակցման, թիմային աշխատանքի, ստանդարտ, ոչ ստանդարտ իրավիճակներում որոշումներ կայացնելու և թիմակիցների համար պատասխանատվություն ստանձնելու հմտություններ, էթիկայի նորմերին համապատասխան գործունեություն և պատշաճ վարվելակերպ:

Ֆարմացիայի բակալավրի կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացները հաջողությամբ ավարտած, ուսումնական ծրագրերը լիովին կատարած ուսանողն անցնում է ամփոփիչ ատեստավորում, որը հնարավորություն է տալիս բացահայտելու ապագա մասնագետի տեսական և գործնական պատրաստվածությունը սույն կրթական ծրագրով սահմանված մասնագիտական խնդիրներին: Ամփոփիչ ատեստավորումը հաջողությամբ անցած շրջանավարտներին տրվում է բարձրագույն կրթության դիպլոմ՝ ֆարմացիայի բակալավր որակավորում ֆարմացիա մասնագիտությամբ: Ֆարմացիայի բակալավրն իրավունք ունի կրթությունը շարունակել մագիստրատուրայում: «Ֆարմացիայի բակալավր» որակավորում ստացած անձը կարող է իրականացնել մասնագիտական գործունեություն ֆարմացիայի ոլորտում:

Ֆարմացիայի մագիստրոսի կրթական ծրագիր

Մասնագիտությունը՝ ֆարմացիա

Որակավորումը՝ Ֆարմացիայի մագիստրոս

Տևողությունը՝ 1 տարի

Կրթական ծրագրի տեսլականն է նպաստել դեղագործական գիտության առաջընթացին՝ հետազոտական կարողությունները զարգացնող կրթական միջավայրում պատրաստելով «Ֆարմացիա» մասնագիտությամբ «Ֆարմացիայի մագիստրոս» որակավորմամբ, հմուտ, գիտակ, ինքնագործուն, մրցունակ մասնագետներ, ովքեր կարող են արդյունավետորեն ինտեգրվել տեղական և միջազգային առողջապահական համակարգերի համապատասխան աշխատաշուկաներում, ինչպես նաև շարունակել կրթությունը հաջորդող կրթական մակարդակում։

Մագիստրատուրա կարող են ընդունվել ֆարմացիայի բակալավրի դիպլոմ ունեցողները։ Ուստարին բաժանված է երկու կիսամյակներից, որոնցից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է, մեկ կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի։ Մագիստրատուրայում դասավանդվող առարկաների առավել խոր մասնագիտական ուղղվածությամբ են և դրանք հաղթահարելու համար պահանջվում է լուրջ մասնագիտական պատրաստվածություն։

Մագիստրատուրայում դասավանդվող դասընթացների ցանկ.

I կուրս 

Կլինիկական ֆարմակոլոգիա, Կլինիկական ֆարմացիա, Դեղագործական տեխնոլոգիա, Դեղագործական քիմիա, Դեղագործական մարքեթինգ և մենեջմենթ, Բժշկական և դեղագործական ապրանքագիտություն, Դեղաբույսերի պաշարագիտություն, Ֆիտոթերապիա, Ֆարմակոկինետիկա

Ուսումնաարտադրական պրակտիկա` Դեղաբույսերի պաշարագիտություն:

Կրթական ծրագրի վերջնարդյունքները հիմնված են ծրագրի նպատակի, խնդիրների, ոլորտի առանձնահատկությունների և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի հավատարմագրման չափանիշների վրա: Այդ վերջնարդյունքներն են`

  1. Ցուցաբերել խորացված մասնագիտական գիտելիք և վերլուծական մտածողություն՝ ֆարմացիայի, առողջապահության և հարակից ոլորտներում։
  2. Դեղերի և հարբժշկական ապրանքների ստեղծման, արտադրության, որակի ապահովման և հսկման, գրանցման ու շրջանառության գործընթացներում ցուցաբերել ինքնուրույն որոշումներ կայացնելու և ձեռքբերված գիտելիքը գործնականում կիրառելու ունակություն։
  3. Ապահովել դեղերի, դեղահումքի և հարբժշկական ապրանքների որակը, արդյունավետությունն ու անվտանգությունը՝ արդիական մեթոդների, նորարարական տեխնոլոգիաների (այդ թվում տեղեկատվական) և սարքավորումների կիրառմամբ։
  4. Կիրառել ապացուցահեն գիտելիք՝ դեղերի և հարբժշկական ապրանքների անվտանգ և արդյունավետ օգտագործումը ապահովելու նպատակով` պահպանելով մասնագիտական գործունեության ազգային և միջազգային արդի պահանջները։
  5. Համագործակցելով մասնագիտական թիմերի հետ՝ ապահովել հանրության, բուժառուների դեղորայքային կարիքները` պահպանելով մասնագիտական էթիկայի կանոնները։
  6. Իրականացնել ֆարմացիայի և հարակից բնագավառներում գիտահետազոտական աշխատանքներ՝ զարգացնելով նոր գիտելիք ստեղծելու և այն մասնագիտական խնդիրների լուծման համար արդյունավետորեն կիրառելու և մասնագիտական ինքնազարգացում ապահովելու կարողություն

Ֆարմացիայի մագիստրոսի կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացները հաջողությամբ ավարտած, ուսումնական պլանները լիովին կատարած ուսանողն անցնում է ամփոփիչ ատեստավորում և պաշտպանում մագիստրոսական թեզ, որը հաջողությամբ ավարտած շրջանավարտներին տրվում է բարձրագույն կրթության դիպլոմ՝ «ֆարմացիայի մագիստրոս» որակավորում, «ֆարմացիա» մասնագիտությամբ։ Ֆարմացիայի մագիստրոսն իրավունք ունի իրականացնելու դեղագիտական ինքնուրույն գործունեություն, ինչպես նաև կարող է շարունակել կրթությունն ասպիրանտուրայում, ինչպես նաև շարունակական մասնագիտական կրթության և լրացուցիչ (նեղ) մասնագիտական կրթության համակարգերում։

Դեղագիտական ֆակուլտետի կառուցվածքը

Ֆակուլտետի հիմնական ուսումնական և գիտա-հետազոտական ստորաբաժանումներն ամբիոններն են: Ֆակուլտետի կառավարումն իրականացնում են ֆակուլտետի դեկանը և խորհուրդը: 

 Ամբիոնի անուն Վարիչի անուն
1. Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոն Լիդա Արշակի Սահակյան
2. Դեղագործության կառավարման ամբիոն Մարթա Հեկտորի Սիմոնյան
3. Դեղերի տեխնոլոգիայի ամբիոն Հակոբ Վարդանի Թոփչյան
4. Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոն Նարինե Ռուբենի Միրզոյան
5. Հայոց լեզվի ամբիոն Հենրիետա Վահրամի Սուքիասյան
6. Հասարակագիտական առարկաների ամբիոն Վահան Հենրիկի Մելիքյան
7. Օտար լեզուների ամբիոն Հասմիկ Ռազմիկի Հովհաննիսյան
8. Ֆարմակոգնոզիայի ամբիոն Նաիրա Բաբկենի Չիչոյան
9. Ֆարմակոլոգիայի ամբիոն Մարինե Գառնիկի Բալասանյան
10. Ֆարմացիայի ամբիոն Արուսյակ Գագիկի Ժամհարյան
11. Ֆիզիկական դաստիարակության ամբիոն Հարություն Շմավոնի Թամիրյան

Ֆակուլտետի դեկանատի կազմը

Ազգանուն Անուն Հայրանուն Զբաղեցրած պաշտոն
Բագրատ Ջանիկի Ենոքյան Դեկան
Խաչատուր Ռազմիկի Ավետիսյան Դեկանի տեղակալ
Աննա Պետրոսի Մանջիկյան Դեկանի տեղակալ
Լիլիթ Արամի Ղազարյան Առաջատար մասնագետ
Ռուզաննա Սերյոժայի Միրզոյան Ավագ Մասնագետ
Դեղագիտական ֆակուլտետի Ուսումնագիտական խորհուրդ 2025-2026