Հանրային առողջության ֆակուլտետ

ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՊԲՀ-ի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից իրականացվող Հանրային առողջություն և առողջապահություն մասնագիտությամբ “Առողջապահության կազմակերպում և կառավարում” մագիստրոսական կրթական ծրագիրը հանդիսանում է պետականորեն լիցենզավորված Եվրոպական որակավորման շրջանակի 7-րդ մակարդակի ծրագիր, որը նպատակ ունի պատրաստել հանրային առողջապահության բարձրակարգ մասնագետներ՝ ունակ ղեկավարելու, կառավարելու և բարելավելու առողջապահական համակարգերը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում։

Ծրագիրն արձագանքում է Հայաստանի առողջապահական ոլորտի փոփոխվող պահանջներին՝ ձևավորելով բարոգիտական հիմնավորմամբ, վերլուծության կարողությամբ օժտված հմուտ մասնագետներ, ովքեր կարող են կիրառել ապացուցահեն պլանավորում, համակարգային մտածողություն և ռազմավարական առաջնորդություն՝ առողջապահական կազմակերպությունների և հանրային առողջապահության գործառույթների ամրապնդման համար։

Ուսանողները ձեռք են բերում հանրային առողջապահության հիմնական սկզբունքների վերաբերյալ ամուր գիտելիքներ՝ համադրված առողջապահական կառավարման, կազմակերպության աշխատանքի արդյունավետության և առողջապահական ծառայությունների մատուցման բարձր մակարդակի հմտությունների հետ։ Նրանք կարողանում են բացահայտել, գնահատել և լուծել առողջապահական համակարգի բարդ խնդիրները, մշակել և ներդնել ապացուցահեն ծրագրեր, ինչպես նաև մեկնաբանել բնակչության առողջության ցուցանիշները՝ հիմնվելով առողջության սոցիալական որոշիչների վրա։

Միջդիսցիպլինար մոտեցման շնորհիվ ծրագիրը զարգացնում է առաջնորդության, մարդկային ռեսուրսների կառավարման, արդյունավետ հաղորդակցության և առողջապահական քաղաքականության մշակման ունակություններ՝ պատրաստելով շրջանավարտներ, ովքեր կկարողանան ղեկավարել բազմապրոֆիլ թիմեր, կառավարել առողջապահական կազմակերպություններ և նպաստել հանրային առողջապահության կայուն զարգացմանը Հայաստանում և տարածաշրջանում։

Ծրագիրը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության որակավորման ազգային շրջանակին (ՀՀ ՈԱՇ) և ԵՊԲՀ-ի առաքելությանը՝ խթանել հետազոտության վրա հիմնված կրթությունը, մասնագիտական կատարելագործումը և բնակչության առողջության բարելավումը։

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ծրագրի առաքելությունն է կրթել ապագա առողջապահական առաջնորդների, ովքեր կարող են բարելավել բնակչության առողջությունը, ամրապնդել առողջապահական համակարգերը և բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը, արդյունավետությունը և արձագանքի արագությունը։

Ծրագրի նպատակներն են․

  • Զարգացնել առողջապահական կազմակերպությունների և համակարգերի կառավարման ու առաջնորդության առաջադեմ հմտություններ։
  • Խթանել վերլուծական, քննադատական մտածողության և խնդիրների լուծման կարողությունները հանրային առողջապահության և առողջապահական կառավարման ոլորտներում։
  • Շրջանավարտներին տրամադրել հմտություններ ռազմավարական պլանավորման, ծրագրերի իրականացման, հսկողության և գնահատման ոլորտներում ։
  • Խթանել ապացուցահեն որոշումների կայացումը և տվյալների կիրառումը առողջապահական քաղաքականության և կառավարման գործընթացներում։
  • Զարգացնել մասնագիտական էթիկան, հաշվետվողականությունը և շարունակական կատարելագործման հանդեպ պարտավորվածությունը

ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ավարտելուց հետո շրջանավարտները կկարողանան

Հանրայի առողջապահական հիմնական հմտություններ

  • Վերլուծել բնակչության առողջության տվյալներն ու օրինաչափությունները
  • Կիրառել համաճարակաբանական և կենսավիճակագրական մեթոդները
  • Հասկանալ առողջության որոշիչները և դրանց ազդեցությունը
  • Գնահատել առողջապահական համակարգերն ու ծառայությունները
  • Մշակել,իրագործել և գնահատել հանրային առողջության ծրագրերը
  • Արդյունավետ հաղորդակցվել մասնագիտական և ոչ մասնագիտական լսարանների հետ
  • Ցուցաբերել առաջնորդության, կառավարման և համագործակցության հմտություններ

Առողջապահության կազմակերպման և կառավարման հմտություններ

Շրջանավարտները կկարողանան

  • Կիրառել համակարգային մտածողություն առողջապահական կազմակերպություններում
  • Իրականացնել ռազմավարական պլանավորում և ռեսուրսների բաշխումը
  • Կառավարել մարդկային ռեսուրսներն ու կազմակերպության արդյունավետությունը
  • Վերլուծել առողջապահական ֆինանսավորումը և բյուջետավորումը
  • Կիրառել թվային առողջապահության գործիքները և առողջապահական տեղեկատվական համակարգերը
  • Ղեկավարել կազմակերպական փոփոխությունները և որակի բարելավման նախաձեռնությունները

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Դասընթացներն անցկացվում են շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Ծրագիրն առաջարկում է ուսուցման երկու հերթ․

• Առավոտյան՝ 09:00–14:00
• Կեսօրից հետո՝ 15:00–20:00

Ուսանողները կիսամյակի սկզբում ընտրում են նախընտրած հերթը, որը չի փոխվում տվյալ կիսամյակի ընթացքում։

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Մագիստրոսական ծրագիրը կազմված է երեք կիսմյակից և իրականացվում է հաջորդական երկշաբաթյա մոդուլներով։

 

1-ին ուսումնական տարի

Աշնանային կիսամյակ

հ/հ Դասընթաց ECTS
1 Հանրային առողջապահության խնդիրների լուծման հարացույց 3.0
2 Տվյալների կառավարում 3.0
3 Կենսավիճակագրություն I 3.0
4 Համաճարակաբանություն I 3.0
5 Որակական հետազոտության մեթոդներ 3.0
6 Քանակական հետազոտության մեթոդներ 3.0
7 Սոցիալական և վարքային գիտությունները հանրային առողջապահությունում 3.0
8 Շրջակա միջավայրի հիգիենա 3.0
9 Առողջապահության կազմակերպում 3.0
10 Առողջապահության կառավարում 3.0
Ընդամենը 30

 

1-ին ուսումնական տարի

Գարնանային կիսամյակ

հ/հ Դասընթաց Կրեդիտ
1 Կենսավիճակագրություն II 3.0
2 Համաճարակաբանություն II 3.0
3 Բիոէթիկա 3.0
4 Առողջապահության քաղաքականություն և իրավունք 3.0
5 Առողջապահական ծրագրերի պլանավորում, իրականացում և գնահատում 3.0
6 Առողջապահության ֆինանսավորում և տնտեսագիտություն 3.0
7 Մարդկային ռեսուրսների կառավարում 3.0
8 Առաջնորդություն 3.0
9 Բուժօգնության որակի կառավարում 3.0
10 Բուժհաստատությունների կառավարում 3.0
Ընդամենը 30

2-րդ ուսումնական տարի

Աշնանային կիսամյակ

հ/հ Դասընթաց Կրեդիտ
1 Առողջապահական համակարգերի համեմատական վերլուծություն 3.0
2 Առողջության կրթում և քարոզում 3.0
3 Առողջապահության մարքեթինգ 3.0
4 Թվային առողջապահություն 3.0
5 Էլեկտիվ առարկա* 3.0
6 Հետազոտական սեմինար և թեզի նախապատրաստում 3.0
7 Մագիստրոսական թեզի պաշտպանություն 12,0
Ընդամենը 30
Ընդհանուր հանրագումար 90

* Էլեկտիվ առարկաներից պետք է ընտրել մեկը

  1. Գլոբալ առողջություն
  2. Առողջապահություն արտակարգ իրավիճակներում
  3. Վնասվածքների և բռնության կանխարգելում
  4. Առողջապահական համակարգի ամրապնդում

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հանրային առողջապահության խնդիրների լուծման հարացույց (3 կրեդիտ)

Այս դասընթացը ներկայացնում է հանրային առողջապահության բարդ խնդիրների վերլուծության և լուծման կառուցվածքային մոտեցումներ՝ շեշտելով համակարգային մտածողությունը, հիմնարար պատճառների վերլուծությունը և ապացուցահեն որոշումների կայացումը։ Ուսանողները սովորում են կիրառել վերլուծական գործիքներ, ինչպիսիք են՝ խնդիրների լուծման ալգորիթմները, տրամաբանական մոդելները և առաջնահերթությունների մատրիցները՝ խնդիրները սահմանելու, որոշիչները բացահայտելու և իրագործելի լուծումներ մշակելու համար։ Դասընթացը հիմնված է դեպքային ուսումնառության վրա՝ ներառելով օրինակներ Հայաստանի և գլոբալ առողջապահությունից։ Շեշտադրվում է շահագրգիռ կողմերի ներգրավումը, տարբերակների գնահատումը և ազգային քաղաքական առաջնահերթությունների ու տվյալների համակարգերի ներառումը որոշումների կայացման գործընթացում։ Դասընթացի ավարտին ուսանողները կարողանում են մշակել և ներկայացնել արդիական համատեքստով, էթիկակապես հիմնավորված և գործնական առաջարկություններ՝ հանրային առողջապահական կիրառելիությունը բարելավելու համար։

Տվյալների կառավարում (3 կրեդիտ)

Դասընթացը տրամադրում է հանրային առողջապահության տվյալների կառավարման ամբողջական ցիկլի (հավաքագրում, մուտքագրում, որակի ապահովում, պահպանում, արխիվացում) վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ։ Շեշտը դրվում է միջազգային ստանդարտների և հայկական առողջապահական տեղեկատվական համակարգերի (ARMED, ԱՆ հաշվետվական արձանագրություններ) կիրառման վրա։ Ուսանողները ձեռք են բերում գործնական հմտություններ Excel և SPSS ծրագրերի միջոցով՝ իրական տվյալների հավաքակազմերի մշակման, վերլուծության նախապատրաստման և հաշվետվությունների պատրաստման համար։ Դասընթացը ներառում է նաև տվյալների պաշտպանության, գաղտնիության և զգայուն տեղեկատվության անվտանգ մշակման էթիկական և իրավական հարցեր՝ ապահովելով պատասխանատու և արդյունավետ տվյալների կառավարում։

Կենսավիճակագրություն I (3 կրեդիտ)

Այս դասընթացը ներկայացնում է կենսավիճակագրության հիմնական հասկացությունները և մեթոդները՝ ուշադրություն դարձնելով հանրային առողջապահական տվյալների ամփոփման, ներկայացման և մեկնաբանման հմտություններին։ Ուսանողները սովորում են փոփոխականների դասակարգում, նկարագրական վիճակագրական չափանիշների հաշվարկ և վիճակագրական գործիքների կիրառում՝ հիմնվելով Հայաստանի առողջապահական վերահսկման և տեղեկատվական համակարգերի տվյալների վրա։ Շեշտը դրվում է առողջապահական համակարգի արդյունավետության ցուցանիշների կառուցման, տվյալների գծապատկերային ներկայացման և հավանականության ու վիճակագրական բաշխումների կիրառման վրա։ Դասընթացը հիմք է ստեղծում հետագա առաջադեմ վիճակագրական վերլուծությունների համար։

Համաճարակաբանություն I (Ոչ վարակիչ հիվանդություններ) (3 կրեդիտ)

Դասընթացը տրամադրում է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) համաճարակաբանության համապարփակ ներածություն՝ ընդգծելով դրանց տարածվածությունը, որոշիչները և հանրային առողջապահական ազդեցությունը Հայաստանում և աշխարհում։ Ուսանողները սովորում են կիրառել համաճարակաբանական հետազոտությունների ձևերը, հաշվարկել հիվանդության տարածվածության և կապի հիմնական չափումները՝ օգտագործելով ՈՎՀ տվյալներ։ Դասընթացն ընդգրկում է վարքագծային, շրջակա միջավայրի, մասնագիտական և գենետիկական որոշիչներ, ինչպես նաև ազգային վերահսկման համակարգերի, քաղցկեղի գրանցամատյանների և հիվանդությունների գլոբալ բեռի ցուցանիշները։ Քննարկվում են նաև ՈՎՀ հետազոտությունների էթիկական, իրավական և մեթոդաբանական հարցերը։

Որակական հետազոտության մեթոդներ (3 կրեդիտ)

Դասընթացը ներկայացնում է որակական հետազոտության տեսական հիմքերը և գործնական կիրառությունները հանրային առողջապահությունում։ Այն ընդգծում է որակական մոտեցումների կարևորությունն առողջապահական փորձառությունների, վարքագծերի և համակարգերի ընկալման մեջ՝ հատկապես այն իրավիճակներում, երբ քանակական մեթոդները բավարար չեն։ Ուսանողները ձեռք են բերում հարցազրույցների, ֆոկուս խմբերի և դիտարկման մեթոդների կիրառման հմտություններ, ինչպես նաև ծանոթանում են տվյալների կոդավորման և թեմատիկ վերլուծության համակարգված մոտեցումներին։ Դասընթացը շեշտադրում է նաև վստահության, հետազոտողի ազդեցության և էթիկայի հարցերը՝ օգտագործելով օրինակներ Հայաստանի հանրային առողջապահական հետազոտություններից՝ մեթոդաբանական և մշակութային առանձնահատկությունները լուսաբանելու նպատակով։

Քանակական հետազոտության մեթոդներ (3 կրեդիտ)

Այս դասընթացն ուսանողներին տրամադրում է քանակական հանրային առողջապահական հետազոտությունների նախագծման, իրականացման և վերլուծության համար անհրաժեշտ տեսական հիմքերն ու գործնական հմտությունները՝ հատուկ ուշադրությամբ Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթություններին և տվյալների աղբյուրներին։ Ուսանողները սովորում են կառուցել կառուցվածքային հարցաշարեր, կիրառել ընտրանքային ռազմավարություններ և հաշվարկել ընտրանքի ծավալներ՝ հիմնվելով ազգային ժողովրդագրական և առողջապահական ցուցանիշների վրա։ Դասընթացը շեշտադրում է խիստ հետազոտական նախագծման սկզբունքները՝ ներառյալ հատույթային, կոհորտային և դեպք-ստուգիչ մոտեցումները՝ անդրադառնալով վավերականության սպառնալիքներին, չափման սխալներին և գործիքի հուսալիությանը։ Վիճակագրական ծրագրերի միջոցով տվյալների նախապատրաստման և հետազոտական վերլուծության գործնական ուսուցումը հնարավորություն է տալիս ուսանողներին աշխատել ազգային հարցումների և ծրագրային մոնիթորինգի համակարգերի տվյալների հետ։ Հարցումների վրա հիմնված հետազոտություններում ներառված են նաև էթիկական և մշակութային նկատառումներ՝ ապահովելով համապատասխանությունը ենթակառուցցվածքային և ազգային նորմատիվ կարգավորումներին։

Սոցիալական և վարքային գիտությունները հանրային առողջապահությունում (3 կրեդիտ)

Այս դասընթացն ուսանողներին ներկայացնում է վարքային և սոցիալական գիտությունների տեսությունների կիրառումը հանրային առողջապահական խնդիրների հաղթահարման գործում՝ հաշվի առնելով Հայաստանի մշակութային և սոցիալական առանձնահատկությունները։ Ուսանողները վերլուծում են սոցիալական որոշիչների՝ աղքատության, տեղահանության, ծերացման ազդեցությունը առողջապահական վարքագծի, հավասարության և ծառայությունների մատչելիության վրա։ Դասընթացը շեշտադրում է մշակութային համատեքստում հիմնավորված միջամտությունների նախագծումն ու գնահատումը՝ ներառյալ հոգեկան առողջության խարանի, պատվաստումների նկատմամբ անվստահության և առողջապահական գրագիտության հետ կապված հարցերը։ Դեպքերի ուսումնասիրության և  մոտեցումների միջոցով ուսանողները զարգացնում են ռազմավարություններ, որոնք ուղղված են Հայաստանի խոցելի և մարգինալացված խմբերի՝ գյուղական, պատերազմից տուժած և փոքրամասնություն հանդիսացող բնակչության կարիքներին։

Առողջապահության կազմակերպում (3 կրեդիտ)

Այս դասընթացն ուսանողներին տրամադրում է առողջապահական պլանավորման սկզբունքների համապարփակ պատկերացում և դրանց կիրառումը Հայաստանի զարգացող ու ապակենտրոնացված առողջապահական համակարգում։ Ուսանողները սովորում են իրականացնել առողջության կարիքների գնահատում՝ կիրառելով համաճարակաբանական և վարչական տվյալներ, և օգտագործել ռազմավարական պլանավորման գործիքներ՝ SWOT վերլուծություն, խնդիրների ծառ, տրամաբանական շրջանակ։ Դասընթացը շեշտադրում է ապացուցահեն առողջապահական ծրագրերի մշակումն ու իրականացումը՝ ներառելով բյուջետավորում, ռեսուրսների բաշխում, ապահովագրական ծածկույթ և իրականացման ռազմավարություններ՝ համահունչ ազգային արտոնությունների փաթեթներին և ընթացիկ բարեփոխումներին։ Հատուկ ուշադրություն է դարձվում առողջական անհավասարություններին և սոցիալական որոշիչներին՝ կիրառելով մոտեցումներ մայրական ու մանկական առողջության, գյուղական և թերսպասարկվող բնակավայրերի, ինչպես նաև տեղահանված համայնքների համար։ Դասընթացի ավարտին ուսանողները կարողանում են նախագծել համապարփակ ու հարմարեցված առողջապահական ծրագրեր՝ ազգային առաջնահերթություններին, ֆինանսավորման մեխանիզմներին և կայուն զարգացման նպատակներին համահունչ։

Շրջակա միջավայրի հիգիենա  (3 կրեդիտ)

Այս դասընթացն ուսումնասիրում է շրջակա միջավայրի գործոնների և բնակչության առողջության փոխհարաբերությունները՝ ընդգծելով Հայաստանի համար կարևոր ռիսկերը, միջամտությունները և քաղաքականությունները։ Ուսանողները սովորում են գնահատել և կառավարել շրջակա միջավայրի և աշխատանքային միջավայրի վտանգները՝ ներառյալ օդի և ջրի որակը, սննդային համակարգերը, կացարանային պայմանները և կլիմայի փոփոխությունը՝ օգտագործելով ազգային հետազոտությունների տվյալներ և դեպքերի ուսումնասիրություններ։ Դասընթացն ընդգծում է շրջակա միջավայրի արդարության, երեխաների առողջության և սնուցման հարցերը՝ ներկայացնելով ռիսկի գնահատման, ազդեցությունների մոնիթորինգի և նորմատիվ կարգավորման շրջանակները։ Ուսուցանվում են նաև կլիմայի փոփոխության հարմարվողականության սկզբունքները, “Մեկ առողջությունը” մոտեցումը և մոլորակային առողջությունը՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին մշակել ապացուցահեն միջամտություններ և նպաստել Հայաստանում հանրային առողջապահական կայուն պլանավորմանը։

Առողջապահության կառավարման հիմունքներ (3 կրեդիտ)

Այս դասընթացը տրամադրում է առողջապահական կառավարման սկզբունքների համապարփակ տեսություն և դրանց կիրառումները բարդ ու զարգացող առողջապահական համակարգերում։ Այն ընդգրկում է կազմակերպական վարքագիծ, կառավարման մեխանիզմներ, առաջնորդություն և օպերատիվ կառավարում՝ շեշտադրելով արդյունավետության և ծառայությունների որակի բարելավումը։ Ուսանողները զարգացնում են հմտություններ ռազմավարական պլանավորման, փոփոխությունների կառավարման, աշխատանքի հոսքի վերլուծության ոլորտներում, ինչպես նաև սովորում են համակարգել միջգերատեսչական գործողությունները արտակարգ իրավիճակներում։ Կառավարման էթիկական, իրավական և հաշվետվողականության խնդիրները ինտեգրված են ամբողջ մոդուլում՝ օգտագործելով հայաստանյան և միջազգային դեպքերի ուսումնասիրություններ՝ գործնական խնդիրները բացահայտելու համար։ Դասընթացի ավարտին ուսանողները կարողանում են արդյունավետ ղեկավարել առողջապահական կազմակերպություններ, խթանել նորարարություն և ամրապնդել համակարգի դիմադրողականությունը։

Կենսավիճակագրություն II (3 կրեդիտ)

Այս dասընթացը հիմնվում է կենսավիճակագրական հիմնարար գիտելիքների վրա՝ զարգացնելու համար ուսանողների կարողությունները եզրահանգող վիճակագրության և հանրային առողջապահական հետազոտությունների համար կիրառական տվյալների վերլուծության ոլորտում։ Ուսանողները սովորում են կիրառել երկփոփոխական և բազմափոփոխական վիճակագրական մեթոդներ՝ ներառյալ ռեգրեսիոն վերլուծություն, քսի քառակուսի (chi-square) և ANOVA թեստերը՝ առողջական արդյունքների և կապերի ուսումնասիրության համար։ Դասընթացը հատուկ շեշտադրում է վիճակագրական մոդելների կառուցումը, մեկնաբանումը և քննադատական գնահատումը՝ ստուգելով նախադրյալները և սահմանափակումները։ SPSS ծրագրի կիրառման միջոցով ուսանողները սովորում են տվյալների նախապատրաստում, վերլուծություն և պատկերավորում։ Դասընթացի ավարտին ուսանողները կարողանում են մեկնաբանել բարդ վիճակագրական արդյունքներ և արդյունավետ ներկայացնել եզրակացությունները՝ ապացուցահեն որոշումների կայացմանը և առողջապահական համակարգի գնահատմանը նպաստելու համար։

Համաճարակաբանություն II (Վարակիչ հիվանդություններ) (3 կրեդիտ)

Այս dասընթացը տրամադրում է խորացված գիտելիք վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության, հետազոտությունների և վերահսկման վերաբերյալ՝ կիրառելով դրանք ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ առողջապահական համատեքստում։ Ուսանողները սովորում են վերլուծել ուսումնասիրությունների տվյալներ, հետազոտել բռնկումները և գնահատել կանխարգելման և վերահսկման ռազմավարությունների արդյունավետությունը։ Դասընթացը շեշտադրում է պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին, միջոլորտային համագործակցությունը և թվային ռիսկային հաղորդակցությունը՝ ապատեղեկատվության նվազեցման և հանրային վստահության բարձրացման համար։ Ուսանողները ուսումնասիրում են նաև “Մեկ առողջություն” շրջանակը՝ ընդգրկելով զոոնոզ հիվանդությունների համաճարակաբանություն և հակամանրէային կայունությունը։ Մոդուլը զարգացնում է առաջնորդական, էթիկական և հաղորդակցական հմտություններ՝ բռնկումներին արդյունավետ արձագանքելու և հանրային առողջապահական որոշումների կայացման համար։

Բիոէթիկա (3 կրեդիտ)

Այս dասընթացը ներկայացնում է հանրային առողջապահության, կլինիկական պրակտիկայի և առողջապահական քաղաքականության ձևավորման համար անհրաժեշտ բարոյագիտական սկզբունքները, տեսությունները և նորմատիվ շրջանակները։ Ուսանողները զարգացնում են կառուցվածքային էթիկական դատողություն անելու կարողությունը առողջապահական ծառայությունների մատուցման, հանրային առողջապահական ծրագրերի և կենսաբժշկական հետազոտությունների ընթացքում առաջացող երկընտրաների ժամանակ՝ հաշվի առնելով հայաստանյան իրավական և ենթակառուցվածքային շրջանակները։ Դասընթացը շեշտադրում է անհատի իրավունքների և բնակչության առողջության միջև հավասարակշռության պահպանումը՝ անդրադառնալով հավասարության, արդարության և հանրային վստահության հարցերին։ Ուսուցանվում են նաև մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների կիրառումը հանրային առողջապահական միջամտությունների նախագծման և մարդու վրա իրականացվող հետազոտությունների գնահատման գործընթացում։

Առողջապահական ծրագրերի պլանավորում, իրականացում և գնահատում (3 կրեդիտ)

Այս dասընթացն ուսանողներին տրամադրում է գիտելիք և հմտություններ առողջապահական ծրագրեր պլանավորելու, իրականացնելու և գնահատելու համար՝ տեղական, ազգային և միջազգային մակարդակներում։ Ուսանողները սովորում են կիրառել ապացուցահեն գործիքներ՝ տրամաբանական մոդելներ, խնդիրների ծառ, արդյունքների շրջանակներ՝ արդյունավետ միջամտություններ նախագծելու նպատակով՝ ներառելով շահառուների ներգրավում, ռեսուրսների պլանավորում և գործառական տրամաբանություն։ Դասընթացը շեշտադրում է մոնիթորինգի և գնահատման համակարգերի զարգացումը, քանակական և որակական տվյալների օգտագործումը ծրագրի արդյունավետության, ազդեցության և կայունության գնահատման համար։ Հայաստանի առողջապահական ծրագրերից բերված դեպքերի ուսումնասիրություններն ու գործնական վարժությունները նպաստում են քննադատական մտածողության և ապացուցահեն կառավարման հմտությունների զարգացմանը։

Առողջապահության ֆինանսավորում և տնտեսագիտություն (3 կրեդիտ)

Այս դասընթացը ներկայացնում է տնտեսագիտության սկզբունքների կիրառումը հանրային առողջապահությունում՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի առողջապահական համակարգին։ Ուսանողները ուսումնասիրում են տնտեսագիտական հիմնարար հասկացություններ՝ այլընտրանքային ծախսեր, արդյունավետություն, հավասարություն, սահմանային վերլուծություն, և կիրառում են տնտեսագիտական հիմնավորումներ՝ գնահատելու ռեսուրսների բաշխումը, առողջապահական շուկային վարքագիծը և ֆինանսավորման որոշումները։ Դասընթացն ընդգրկում է տնտեսագիտական գնահատման մեթոդներ՝ ներառյալ ծախսարդյունավետություն, ծախս-օգտակարություն և ծախս-օգուտ վերլուծությունները, ինչպես նաև ուսումնասիրում է առողջապահության ֆինանսավորման տարբեր մոդելների՝ պետական, մասնավոր և սոցիալական ապահովագրության նախագծման, կայունության և արդարության հետևանքները։ Հայաստանի առողջապահական բարեփոխումների և միջազգային համակարգերի դեպքերի ուսումնասիրությունները բտրամադրում են գործնական համատեքստ՝ ապացուցողական որոշումների կայացման և քաղաքականության վերլուծության համար։

Մարդկային ռեսուրսների կառավարում (3 կրեդիտ)
Այս դասընթացը տալիս է ուսանողներին խորքային պատկերացում մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) սկզբունքների, գործընթացների և շրջանակների՝ առողջապահական համակարգերում  կիրառելիության վերաբերյալ: Ուսանողները սովորում են արդյունավետ պլանավորել, հավաքագրել, պահպանել և զարգացնել առողջապահական անձնակազմը՝ հաշվի առնելով աշխատուժի բաշխումը, արդյունավետության գնահատումն ու ոգևորության ռազմավարությունները ազգային և ապակենտրոնացված առողջապահական համակարգերի համատեքստում: Դասընթացն ընդգծում է առաջնորդության, թիմային զարգացումների, կազմակերպական մշակույթի և աշխատանքային հարաբերությունների դերը անձնակազմի աշխատանքի արդյունավետության և համակարգի արդյունավետության ձևավորման գործում: Գործնական օրինակների և դեպքերի ուսումնասիրությունների միջոցով ուսանողները ձեռք են բերում հմտություններ՝ ձևավորելու և իրականացնելու ՄՌԿ միջամտություններ, որոնք համապատասխանում են հաստատությունների նպատակներին, բարձրացնում աշխատուժի արտադրողականությունը և աջակցում Հայաստանի առողջապահական համակարգի ընթացիկ բարեփոխումներին:

Առաջնորդություն (3 կրեդիտ)
Այս դասընթացն ապահովում է ուսանողներին գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են հանրային առողջապահության և առողջապահական համակարգերում  արդյունավետ առաջնորդության համար, հատկապես հաշվի առնելով Հայաստանի զարգացող առողջապահական կառավարման և բարեփոխումների համատեքստը: Ուսանողներն ուսումնասիրում են առաջնորդության հիմնական տեսությունները և զարգացնում թիմային կառավարման, փոփոխությունների խթանման, նորարարության և շահագրգիռ կողմերի ներգրավման հմտություններ: Դասընթացն ընդգծում է բարոյական, մշակութային զգայուն և հուզական ինտելեկտով օժտված առաջնորդությունը՝ համակարգային մոտեցումներ կիրառելով կազմակերպական արդյունավետությունը բարձրացնելու, ոլորտների միջև համագործակցությունն ընդլայնելու և առողջապահական արդարությունն ապահովելու նպատակով: Գործնական կիրառությունները ներառում են ճգնաժամային առաջնորդություն, դիմակայության ձևավորում և ռազմավարական որոշումների կայացում սահմանափակ ռեսուրսների, հետկոնֆլիկտային և կլիմայական փոփոխությունների ազդեցությամբ առողջապահական միջավայրերում:

Բուժօգնության որակի կառավարում (3 կրեդիտ)
Այս դասընթացը տրամադրում է ուսանողներին առողջապահական ծառայությունների որակի սկզբունքների, շրջանակների և մեթոդաբանությունների համապարփակ պատկերացում՝ ընդգծելով ինչպես միջազգային ստանդարտները, այնպես էլ Հայաստանի ազգային համատեքստը: Ուսանողները սովորում են գնահատել և կառավարել ծառայությունների որակը, գնահատել հավատարմագրման մոդելները և վերլուծել կարգավորող և համապատասխանության պահանջները: Դասընթացը պատրաստում է ուսանողներին նախագծել և իրականացնել տվյալների վրա հիմնված որակի բարելավման նախաձեռնություններ, որոնք բարձրացնում են հիվանդների անվտանգությունը, ծառայությունների և կազմակերպության արդյունավետությունը՝ հաշվի առնելով տեղական առողջապահական ծառայությունների կառուցվածքը, ռեսուրսների սահմանափակումները և հաստատությունների հաշվետվողականությունը: Գործնական դեպքերի ուսումնասիրությունները ներկայացնում են Հայաստանում առաջնային, հիվանդանոցային և մասնագիտացված առողջապահական միջավայրերում կիրառման օրինակներ:

Բուժհաստատությունների կառավարում (3 կրեդիտ)
Այս դասընթացը տրամադրում է ուսանողներին համապարփակ պատկերացում հիվանդանոցային վարչարարության, կառավարման և ծառայությունների մատուցման համակարգերի վերաբերյալ, հատկապես կենտրոնանալով Հայաստանի առողջապահական համակարգի վրա: Ուսանողներն ուսումնասիրում են կառավարման հիմնական սկզբունքները՝ ներառյալ բյուջետավորում, մարդկային ռեսուրսների կառավարում, գնումներ և լոգիստիկա, և կիրառում դրանք հիվանդանոցային և ամբուլատոր ծառայությունների գործունեության ընթացքում՝  Հայաստանի պետպատվերի (հիմնական ծառայությունների փաթեթ) համատեքստում: Դասընթացը ընդգծում է հիվանդանոցների աշխատանքի արդյունավետության գնահատումը՝ որակի ապահովման, հավատարմագրման և պացիենտակենտրոն անվտանգության նորմերի միջոցով, միաժամանակ ինտեգրելով իրավական, բարոյական և հաշվետվողականության մոտեցումներ: Ուսանողները նաև ուսումնասիրում են հիվանդանոցների դերը բուժօգնության շարունակականության, արդարության և արտակարգ պատրաստվածության ապահովման գործում:

Առողջապահության քաղաքականություն և իրավունք (3 կրեդիտ)
Այս դասընթացն ուսանողներին տրամադրում է առողջապահական քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման, ինչպես նաև հանրային առողջապահությունն ու առողջապահական ծառայությունները կարգավորող իրավական շրջանակների համապարփակ պատկերացում: Ուսանողները սովորում են վերլուծել կառավարման կառուցվածքների, քաղաքական գործիքների և շահագրգիռ կողմերի ազդեցությունը բնակչության առողջության, արդարության և համակարգի արդյունավետության վրա: Դասընթացն ընդգծում է քաղաքականության վերլուծության գործիքների կիրառումը, ազգային և միջազգային առողջապահական քաղաքականությունների քննադատական գնահատումը՝ ներառյալ Հայաստանի համատեքստին առնչվողները, ինչպես նաև հանրային առողջության օրենքների և կարգավորումների մեկնաբանումը: Ընդգծված ուշադրություն է դարձվում արտակարգ պատրաստվածության, աղետներին արձագանքման և առողջապահական համակարգի հաշվետվողականության իրավական հիմքերի վրա՝ ինտեգրելով բարոյականության և մարդու իրավունքների նրբությունները:

 

Առողջապահական համակարգերի համեմատական վերլուծություն (3 կրեդիտ)
Այս դասընթացը ներկայացնում է առողջապահական համակարգերի համեմատական ուսումնասիրություն՝ կենտրոնանալով դրանց կառուցվածքային, ֆունկցիոնալ և կառավարման առանձնահատկությունների վրա տարբեր երկրների համատեքստում, հատկապես ուշադրություն դարձնելով Հայաստանի հետխորհրդային առողջապահական համակարգին: Ուսանողները քննադատորեն ուսումնասիրում են քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային գործոնների ազդեցությունը առողջապահական համակարգի կազմակերպման, ֆինանսավորման և ծառայությունների մատուցման վրա: Դասընթացն ընդգծում է արդյունավետության գնահատումը միջազգային հասանելիության, որակի, արդարության և արդյունավետության ցուցանիշների միջոցով, ինչպես նաև առողջապահական համակարգերի բարեփոխման, դիմակայության և հետկոնֆլիկտային վերականգնման ռազմավարությունները: Բարձր, միջին և ցածր եկամուտ ունեցող երկրների դեպքերի ուսումնասիրությունները տրամադրում են գործնական պատկերացում համակարգի ամրապնդման և հանրային առողջության նոր մարտահրավերներին հարմարվելու վերաբերյալ:

Առողջության կրթում և քարոզում (3 կրեդիտ)
Այս դասընթացն ուսանողներին տալիս է առողջապահական կրթության և խթանման տեսությունների, շրջանակների և գործնական կիրառությունների համապարփակ պատկերացում: Ուսանողները սովորում են մշակել, իրականացնել և գնահատել միջամտություններ՝ հաշվի առնելով վարքային, սոցիալական և կառուցվածքային առողջության որոշիչ գործոնները՝ մասնակցային, փաստերի վրա հիմնված և մշակութային զգայուն մոտեցումներով: Դասընթացն ընդգծում է հաղորդակցության, պաշտպանողականության և առողջապահական գրագիտության ռազմավարությունների կիրառումը կայուն վարքագծային փոփոխություններ առաջացնելու համար, հատկապես ուշադրություն դարձնելով արդարությանը, իրավունքի վրա հիմնված մոտեցումներին և Հայաստանի բազմազան տարածաշրջանային, էթնիկ և սոցիալական համատեքստին: Ազգային և միջազգային դեպքերի ուսումնասիրությունները ցույց են տալիս բնակչության շրջանում առողջության խթանման գործնական կիրառությունները և բարոյական տարրերը:

Առողջապահության մարքեթինգ (3 կրեդիտ)
Այս դասընթացն ուսանողներին տալիս է առողջապահության մարքեթինգի սկզբունքների և հանրային և մասնավոր ոլորտներում դրանց կիրառման քննադատական պատկերացում: Ուսանողները սովորում են իրականացնել շուկայի հետազոտություններ, բնակչության սեգմենտավորում և մշակել ռազմավարական հաղորդակցային արշավներ, որոնք համապատասխանում են կազմակերպության նպատակներին և հանրային առողջության առաջնահերթություններին: Ընդգծվում է սպառողական վարքի վերլուծությունը, բրենդինգի և թվային շփման հնարավորությունների կիրառումը և մարքեթինգային ռազմավարությունների արդյունավետության գնահատումը՝ հաշվի առնելով Հայաստանի մշակութային, իրավական և ենթակառուցվածքային առանձնահատկությունները: Ազգային առողջապահական ծրագրերի գործնական օրինակները և հասարակական կազմակերպությունների գործունեությունը ցույց են տալիս մարքեթինգի ինտեգրումը փաստերի վրա հիմնված առողջապահական ծառայությունների մատուցման և բնակչության ներգրավման մեջ:

Թվային առողջապահություն (3 կրեդիտ)
Այս դասընթացն ուսանողներին տալիս է թվային առողջապահության տեխնոլոգիաների և դրանց կիրառությունների համապարփակ պատկերացում՝ առողջապահության և հանրային առողջության ոլորտներում, հատկապես հաշվի առնելով Հայաստանի e-health համակարգը: Ուսանողները քննադատորեն վերլուծում են թվային առողջության նախաձեռնությունների պլանավորումը, ֆինանսավորումը և կառավարումը, ինչպես նաև գնահատում՝ ինչպես են թվային գործիքները բարելավում ծառայությունների մատուցումը, մոնիթորինգը և բնակչության առողջության արդյունքները: Դասընթացն ընդգծում է բարոյական, իրավական և կարգավորող հարցերը՝ ներառյալ ազգային և միջազգային ստանդարտները, և ուսումնասիրում թվային գրագիտությունը, արդարությունը և ներառականությունը թվային առողջապահական ծառայություններին հասանելիության մեջ: Ուսանողները նաև ուսումնասիրում են ինֆոդեմիոլոգիայի սկզբունքները՝ առողջապահական ապատեղեկատվությանը հետևելու և արձագանքելու նպատակով՝ օգտագործելով փաստերի վրա հիմնված ռազմավարություններ և դեպքերի ուսումնասիրություններ՝ համակարգի արդյունավետությունը և հանրային ներգրավվածությունը բարձրացնելու համար:

Հետազոտական սեմինար և թեզի նախապատրաստում (3 կրեդիտ)
Այս դասընթացն առաջնորդում է ուսանողներին հանրային առողջության ոլորտում իրենց մագիստրոական թեզերի կառուցվածքային պատրաստման և զարգացման գործընթացում: Այն կենտրոնանում է հիմնական գիտելիքների, հետազոտական ապացույցների և մեթոդական սկզբունքների համակցման վրա՝ համահունչ, բարոյապես հիմնավորված և խիստ ակադեմիական ոճով թեզ ստեղծելու համար: Ուսանողները կիրառում են կենսավիճակագրական և համաճարակաբանական մեթոդներ՝ տվյալների վերլուծության, փաստերի վրա հիմնված եզրակացություններ անելու և արդյունքները հանրային առողջապահության քաղաքականության կամ պրակտիկայում կիրառելու համար: Դասընթացն ընդգծում է գիտական հաղորդակցությունը, ճիշտ ակադեմիական ձևաչափը, հղումների ցանկը և հաստատությունների ու միջազգային հետազոտական բարոյագիտական ձևաչափի պահպանումը: Ուսանողները պատրաստում են նախնական հաշվետվություն, որն ամփոփում է կատարված աշխատանքը, բացատրում է մշակման ենթակա բաժինները և տրամադրում հստակ ժամանակացույց՝ ամբողջական թեզի ներկայացման համար՝ ներառելով ղեկավարների առաջարկները բովանդակությունը, կառուցվածքը և վերլուծական դատողությունը կատարելագործելու նպատակով:

ԷԼԵԿՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Գլոբալ առողջություն (3 կրեդիտ)
Այս դասընթացն ուսանողներին ներկայացնում է գլոբալ առողջության և բարեկեցության բարդ, իրար կապված որոշիչ գործոնները՝ ուշադրություն դարձնելով կառուցվածքային, բնապահպանական, քաղաքական և տնտեսական գործոններին: Ուսանողները զարգացնում են միջառարկայական գիտելիքներ՝ ուսումնասիրելով, թե մի քանի ակադեմիական ոլորտներ ինչպես են նպաստում   հանրային գլոբալ առողջության մարտահրավերների ըմբռնմանը և լուծմանը: Դասընթացն ընդգրկում է գլոբալ առողջության բարոյական և մարդու իրավունքների սկզբունքները, գլոբալ կառավարման կառուցվածքները, սահմանային առողջական սպառնալիքները՝ պանդեմիաներ, հակամանրէային կայունության և կլիմայական ռիսկեր, ինչպես նաև առողջապահական ֆինանսավորման գլոբալ մեխանիզմները: Միջազգային դեպքերի ուսումնասիրությունների և շրջանակների քննադատական վերլուծության միջոցով ուսանողները ձեռք են բերում պատկերացում քաղաքականության, համակարգման և արդարության վերաբերյալ, որոնք ձևավորում են համաշխարհային հանրային առողջության ռազմավարությունները:

Առողջապահության կազմակերպում արտակարգ իրավիճակներում (3 կրեդիտ)
Այս դասընթացը տալիս է ուսանողներին համապարփակ պատկերացում մարդկային արտակարգ իրավիճակների հանրային առողջապահական կողմերի վերաբերյալ՝ ներառյալ բնական աղետներ, տեխնոլոգիական ճգնաժամեր և հակամարտության հետ կապված դեպքեր: Ուսանողներն ուսումնասիրում են արտակարգ իրավիճակների պատճառները, առողջական հետևանքները և բնակչության խոցելիությունը: Դասընթացն ընդգծում է մարդասիրական սկզբունքների, բարոյական շրջանակների և միջազգային գործառնական ստանդարտների (օրինակ՝ SPHERE, IASC) կիրառումը առողջապահական միջամտությունների գնահատման, պլանավորման և իրականացման ընթացքում: Ուսանողները զարգացնում են հմտություններ առողջական կարիքների գնահատում, միջամտությունների առաջնահերթություն սահմանելու և տվյալների վրա հիմնված ապացուցուցահեն ռազմավարություններ մշակելու ոլորտում՝ ներառյալ Հայաստանի և տարածաշրջանային համատեքստը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում համակարգման մեխանիզմներին և ազգային ու միջազգային դերակատարների մասնակցությանը՝ մարդասիրական առողջապահական արձագանքման գործում:

Առողջապահական համակարգի ամրապնդում (3 կրեդիտ)
Այս դասընթացն ուսումնասիրում է Հայաստանի առողջապահական համակարգի կառուցվածքը, զարգացումը և բարեփոխումները հետխորհրդային համատեքստում: Ուսանողները ձեռք են բերում համակարգային հիմնական բաղադրիչների քննադատական պատկերացում՝ ներառյալ կառավարումը, ֆինանսավորումը, աշխատուժը և ծառայությունների մատուցումը, և կարողանում են կիրառել ռազմավարական պլանավորման, մոնիթորինգի և գնահատման սկզբունքները՝ ազգային քաղաքականությունները և ծրագրերը գնահատելու համար: Դասընթացը պատրաստում է ուսանողներին իրականացման բացերը բացահայտելու, համակարգի մարտահրավերները վերլուծելու և հնգամյա տվյալների վրա հիմնված ռազմավարություն մշակելու՝ ուղղված առողջապահական համակարգի ամրապնդմանը՝ համահունչ ազգային առաջնահերթություններին և համաշխարհային հանրային առողջության շրջանակներին: Դեպքերի ուսումնասիրությունները, համեմատական վերլուծություններն ու գործնական վարժանքներն ուսանողներին տալիս են հմտություններ գնահատելու, պլանավորելու և հաղորդելու գործողությունների ռազմավարություններ՝ առողջապահական համակարգի բարելավման համար Հայաստանում և համանման միջավայրերում:

Բռնության և վնասվածքների կանխարգելում (3 կրեդիտ)
Այս դասընթացը ներկայացնում է վնասվածքների և բռնության համաճարակաբանական ռիսկային գործոնները և հանրային առողջության բեռը տեղական, ազգային և գլոբալ մակարդակներում: Ուսանողները քննադատորեն վերլուծում են ռազմավարություններ և քաղաքականություններ՝ կանխելու թե՛ դիտավորյալ (օրինակ՝ անձնական և սեռային բռնություն), և թե՛ ոչ դիտավորյալ վնասվածքներ (օրինակ՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ, աշխատանքային վնասվածքներ, անկումներ)՝ կիրառելով հանրային առողջության շրջանակներ՝ նախագծելու, իրականացնելու և գնահատելու միջամտությունները: Ընդգծվում են բարոյականության, արդարության և խոցելի բնակչության պաշտպանության հարցերը: Դասընթացը նաև ուսումնասիրում է օրենսդրության, համայնքային ներգրավվածության և ոլորտների միջև համագործակցության դերը վնասների նվազեցման գործում՝ հիմնվելով ազգային հաստատությունների, քաղաքականությունների և տվյալների վրա: Դեպքերի ուսումնասիրությունները, կիրառական վարժանքները և քաղաքականության վերլուծությունը ուսանողներին տալիս են գործնական հմտություններ՝ մշակելու տվյալների վրա հիմնված ռազմավարություններ վնասվածքների և բռնության կանխարգելման համար:

Ամփոփիչ ատեստավորում (12 կրեդիտ)
Ամփոփիչ ատեստավորումը մագիստրոսական ծրագրի վերջնակետն է, որի նպատակն է ցուցադրել ուսանողների կարողությունները, կիրառելու իրենց գիտելիքներն ու հմտությունները առողջապահության կառավարման և հանրային առողջության ոլորտներում: Այն բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից՝ մագիստրոսական թեզի գրավոր աշխատանք, միջառարկայական համակարգչային քննություն և մագիստրոսական թեզի բանավոր պաշտպանություն: Գործնականում բոլոր բաղադրիչների ավարտը պահանջվում է ավարտական կարգավիճակ ստանալու համար:

Մագիստրոսական թեզի գրավոր  աշխատանքը ներառում է ինքնուրույն հետազոտություն՝ որակավորված ղեկավարի առաջնորդությամբ: Ուսանողները մշակում են հետազոտական պլան, ստանում Էթիկայի հանձնաժողովի համաձայնություն, հավաքագրում և վերլուծում ենտվյալները և պատրաստում ամբողջական թեզ՝ հետևելով ԵՊԲՀ ակադեմիական և ձևաչափային ստանդարտներին: Թեզի ղեկավարները մշտապես տրամադրում են առաջարկություններ նախնական աշխատանքների, տվյալների վերլուծության և գրառման վերաբերյալ: Թեզերը գնահատվում են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կողմից՝ օգտագործելով ստանդարտացված չափանիշներ՝ ապահովելով հետևողականություն, խստություն և արդարություն:

Միջառարկայական համակարգչային քննությունն անցկացվում է վերջին կիսամյակի ավարտին և գնահատում գիտելիքները առողջապահության կազմակերպման, կառավարման և որակի բարելավման ոլորտներում: Քննության ժամանակ օգտագործվում են բազմակի ընտրությամբ՝ բանալի, մեկ ճիշտ պատասխանով և բացառման տիպի ձևաչափով հարցեր: Այս քննության հաջողումը պարտադիր է բանավոր պաշտպանությանը թույլատրվելու համար:

Մագիստրոսական թեզի բանավոր պաշտպանությունը թույլ է տալիս ուսանողներին ներկայացնել և պաշտպանել իրենց հետազոտությունը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի առջև: Պաշտպանությունը ներառում է կառուցվածքային ներկայացում, գրախոսականների ներկայացում և հանձնաժողովի անդամների հետ քննարկում: Ուսանողները ղեկավարների կողմից ստանում են խորհուրդներ՝ ներկայացումները պատրաստելու և պատասխանները գործնականում փորձելու համար: Պաշտպանությունը գնահատվում է և՛ բովանդակության, և՛ ներկայացման մակարդակով՝ օգտագործելով ստանդարտացված գնահատման չափանիշներ:

Լրացուցիչ մանրամասների համար մագիստրոսական թեզի պաշտպանության ընթացակարգի վերաբերյալ կարող եք ծանոթանալ ԵՊԲՀ պաշտոնական կայքում՝ https://ysmu.am/right/bardzraguyn-krtutyan-kanonakarger/

ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Ծրագիրը կիրառում է ինտերակտիվ, ուսանողակենտրոն ուսուցման մոտեցումներ՝

  • Դասախոսություններ և ինտերակտիվ քննարկումներ
  • Դեպքերի քննարկում և խնդիրահեն ուսուցում
  • Սիմուլյացիաներ և գործնական վարժություններ
  • Վիճակագրական ծրագրային գործնական պարապմունքներ (SPSS, Excel)
  • Խմբային նախագծեր և պրեզենտացիաներ
  • Քաղաքականության և կառավարման սցենարների վերլուծություն

Բոլոր մոդուլներում ինտեգրված է ձևաչափային գնահատում՝ շարունակական ուսուցման աջակցման նպատակով։

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Գնահատումը համապատասխանում է նախատեսված ուսուցողական արդյունքներին և Եվրոպական որակավորման շրջանակի 7 մակարդակի ստանդարտներին։

Մեթոդները ներառում են՝

  • Բազմակի ընտրությամբ՝ բանալի, մեկ ճիշտ պատասխանով և բացառման տեսակի թեստեր
  • Կարճ պատասխաններով և վերլուծական հարցեր
  • Գրավոր հանձնարարություններ և էսսեներ
  • Խմբային նախագծեր և պրեզենտացիաներ
  • Տվյալների վերլուծության գործնական առաջադրանքներ
  • Մագիստրոստրոսական թեզ և բանավոր պաշտպանություն
  • Միջառարկայական համակարգչային քննություն

Գնահատման չափանիշներն ու պահանջները ուսանողներին ներկայացվում են յուրաքանչյուր մոդուլի սկզբում։

ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շրջանավարտները պատրաստ են աշխատել հետևյալ ոլորտներում՝

  • Առողջապահության նախարարություն և ազգային առողջապահական կառույցներ
  • Հանրային առողջության գործակալություններ և գիտահետազոտական կենտրոններ
  • Հիվանդանոցներ և առողջապահական կազմակերպություններ
  • Առողջապահության ապահովագրական ընկերություններ
  • Հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպություններ
  • Համալսարաններ և ակադեմիական հետազոտություններ
  • Առողջապահական քաղաքականության և կազմակերպման բաժիններ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հայտատուները, ովքեր դիմում են հանրային առողջության մագիստրոսի ծրագրին, պետք է ունենան՝

  • Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան (կամ համարժեք) համապատասխան ոլորտում կամ ինտեգրված կրթական դիպլոմ
  • Թեկնածուները կարող են մասնակցել ընդունելության մրցույթին՝ ներկայացնելով ավարտած համալսարանի կողմից տրամադրված պաշտոնական տեղեկանք՝ դիպլոմի պաշտոնական տրամադրման ժամկետի վերաբերյալ։ Այդ դեպքում սահմանվում է ժամանակահատվածը, որի ընթացքում դիմորդը պետք է ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթեր։
  • Նվազագույնը 5/10 միավորանոց համակարգ կամ դրա համարժեքը դիմողի աստիճանի (բակալավր, մագիստրոս) համար
  • Մոտիվացիայի բարձր մակարդակը ծրագրի նկատմամբ, որը ներկայացվում է հարցազրույցի ընթացքում
  • Հայերենի գերազանց իմացություն

ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐ

Առողջապահության կազմակերպման և կառավարման մագիստրոսական ծրագրի տարեկան ուսման վճարը կազմում է 500,000 ՀՀ դրամ։

Ուսանողները կարող են ընտրել հետևյալ վճարման տարբերակներից մեկը՝

  • Կիսամյակային (ամեն կիսամյակ 250,000 ՀՀ դրամ), կամ
  • Ամսական վճարումներ, նվազագույնը 50,000 ՀՀ դրամ՝ մեկ ամսվա համար

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Դիմորդները պետք է ներկայացնեն հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ՝ ընդունելության ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը՝

  1. Լրացված դիմումի ձևը
  2. Նույնականացման քարտի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը
  3. Բարձրագույն կրթության դիպլոմի և ներդիրի բնօրինակը և պատճենը
  4. Ինքնակենսագրություն հայերեն լեզվով
  5. 4 լուսանկար (չափը 3×4)

ԿԱՐԵՎՈՐ ԺԱՄԿԵՏՆԵՐ

2026–2027 ուսումնական տարվա դիմորդների համար կարևոր ժամկետները՝

  • Դիմումների ընդունումը սկիզբ – 15 հունիսի 2026
  • Դիմումների ընդունման ավարտ – 26 օգոստոսի 2026
  • Հարցազրույցների օրեր – 26, 27 օգոստոսի 2026

 

ԲԻԶՆԵՍ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (MBA IN HEALTHCARE MANAGEMENT) ՈՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՈւՍԱՆՈՂԻ ՁԵՌՆԱՐԿ

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՐՑԱՇԱՐ

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ծրագրի էլ. փոստ: mph@ysmu.am

Հեռախոս՝ +374 301 000 (ներքին 308)

Հասցե՝ Կորյուն 2, Երևան 0025, Հայաստան

Ուսումնագիտական խորհուրդ 2024-2025