Պատմություն
Հիմնադրվել է 1928թ.-ին։
Հայաստանում ակնաբուժության առաջին ամբիոնը 1928-ին բացվել է Հայկ Կանայանի ղեկավարությամբ, Երևանի Պետական Բժշկական ինստիտուտում։ Ամբիոնի վարիչներ են եղել անվանի հայ ակնաբույժներ Բաբկեն Մելիք-Մուսյանը և Սերգեյ Մալայանը: Այնուհետև ամբիոնը ղեկավարել են Տատյանա Հովսեփյանը, իսկ 1991-ից երկար տարիներ ղեկավարել է` պրոֆ. Ա. Ս. Մալայանը: Վերջին տարիներին այն ղեկավարում է բ.գ.թ. դոցենտ Լիլիթ Ալբերտի Ոսկանյանը:
Ուսուցում
Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական և ցիկլային պարապմունքների տեսքով:
Ամբիոնում առարկայի ուսուցումն անցկացվում է ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմատոլոգիական ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողների համար՝ 10-օրյա ցիկլային պարապմունքների տեսքով (60 ժամ): Այդ պարապմունքների ընթացքում ուսանողները ծանոթանում են ակնաբուժության սկզբունքներին և հիմնական մոտեցումներին:
Գործնական պարապմունքներին իրականացվում են դասախոսություններ և կլինիկական դեպքերի քննարկումներ հիվանդանոցներում: Ուսանողներն ուսումնասիրում են տեսողական օրգանի անատոմիան, ֆիզիոլոգիան, ռեֆրակցիան, աչքի հիվանդությունների ախտորոշման և բուժման եղանակները:
Վերջին տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ուսումնամեթոդական ձեռնարկներ՝ «Նեյրոօֆթալմոլոգիա» (2003թ.), «Անհետաձգելի ակնաբուժական օգնություն» (2003թ.), «Ակնաբուժություն» (2006թ.), «Աչքի հետազոտություն» (2006թ.), «Ակնաբանական ախտանիշների, ախանշահամալիրների ռուս-հայերեն բացատրական բառարան» (2010թ.)։
Հետդիպլոմային ուսուցում
Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով՝ 3 տարի և ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ:
Ամբիոնի կլինիկական բազաներն են Ս. Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնը (ամբիոնի վարիչ` բ.գ.դ.,պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայան), ԵրՊԲՀ-ի Համալսարանական ակնաբուժական կլինիկան (կլինիկայի ղեկավար` բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Աբրահամի Շաքարյան) և «Շենգավիթ» ԲԿ-ի ակնաբուժական բաժանմունքը (բաժանմունքի վարիչ` բ.գ.թ. Ա. Ա. Զիլֆյան), որտեղ առարկայի ուսուցման համար ստեղծված են բոլոր պայմանները:
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնում կատարվում են հետևյալ գիտահետազոտական աշխատանքները.
- ակնային վնասվածքների առանձնահատկությունների հետազոտություն և դրանց բարդությունների բուժումը,
- շաքարախտային ռետինոպաթիայի վիրահատական բուժումը,
- ուվեիտների էթիո-պաթոգենետիկ առանձնահատկությունների և տարածվածության հետազոտությունը,
- գլաուկոմայի վիրահատական բուժումը,
- ցանցենու անոթաային ախտահարումների էթիո-պաթոգենետիկ բուժումը,
- դեղին բծի դիստրոֆիայի բուժումն ինտրավիտրեալ ներարկումներով,
- անհասության ռետինոպաթիայի վաղ ախտորոշումը և լազերային բուժումը։
Համագործակցություն
ԵրՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի ակնաբուժության ամբիոնը գիտական սերտ կապերի մեջ է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի UCLA համալսարանի ակնաբուժության ամբիոնի, Doheney ակնաբուժության ինստիտուտի, Բոստոնի համալսարանի, Սան-Ֆրանցիսկոյի համալսարանի ակնաբուժության ամբիոնի հետ:
Ամբիոնի գիտական հիմնական ձեռքբերումներից են դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունները.
- «Բինօկուլյար համագործակցությունը նորմայում և ախտահարման դեպքում և նրա նշանակության համեմատ շլության դիպլոպտիկ բուժման ժամանակ» 1995թ.,
- «ՀՀ ազգաբնակչությանը մատուցվող ակնաբուժական ծառայության արդյունավետությունը բարձրացնող կազմակերպչական, կանխարգելիչ, բուժական և վերականգնողական միջամտությունների համալիր» 2000թ.,
- «Ցանցենու շերտազատումների բարդացած տեսակների վիրաբուժական բուժում» 2002թ.,
- «Ցանցենու երակների խցանման վաղ ախտորոշման, դեղորայքային թերապիայի և կանխարգելման նոր տեսանկյուններ» 2003թ.,
- «Հայաստանում գլաուկոմայի տարածվածության ուսումնասիրումը և սոցիալ-հիգիենիկ գնահատականը» 2005թ. և մի շարք թեկնածուական այլ ատենախոսություններ:
Ներկայացվել են բազմաթիվ շնորհանդեսներ հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովներում:
Հեռանկարային պլաններում նախատեսվում են՝
- քրոնիկ դակրիոցիստիտով հիվանդների մոտիֆիկացված վիրահատական բուժումը,
- համակարգային հիվանդություններով ուղեկցվող ուվեիտների դիֆերենցված բուժումը,
- առաջային խցիկի շունտավորումը որպես գլաուկոմայի այլընտրանքային բուժում,
- կատարակտով հիվանդների հետվիրահատական բորբոքային համախտանիշի առանձնահատկությունների ուսումնասիրումը և դրա դերի պարզաբանումը բարդությունների պաթոգենեզում։
Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են մոտ 25 գիտական աշխատանքներ:
Միջազգային գիտաժողովներ
Ամբիոնը բազմաթիվ միջազգային գիտաժողովներ է կազմակերպել նվիրված ակնաբուժության արդի խնդիրներին՝
- 1996թ. սեպտեմբեր-հոկտեմբեր, Երևան, հայ-ամերիկյան «Orbis» ծրագրի շրջանակներում,
- 1998թ. հոկտեմբեր,Երևան, հայ-ամերիկյան գիտաժողով,
- 2000թ. հունիս, Երևան, հայ-ամերիկյան գիտաժողով,
- 2002թ. սեպտեմբեր,Երևան, հայ-ամերիկյան գիտաժողով,
- 2003թ. հոկտեմբեր,Երևան, Ակնաբուժության գիտաժողով`
Համահայկական վիրաբուժական համագումարի շրջանակներում,
- 2005թ. հունիս,Երևան, արբանյակային գիտաժողով ավստրո-ամերիկյան կազմակերպության և Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ,
- 2007թ. հունիս, Երևան, հայ-ամերիկյան գիտաժողով,
- 2007թ. հունիս, Երևան, Ակնաբուժության գիտաժողով Հայաստանի 2-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում,
- 2007թ. սեպտեմբեր, Երևան, Հայ-գերմանական միջազգային գիտաժողով,
- 2009թ. հունիս, Երևան, հայ-ամերիկյան գիտաժողով,
- 2010թ. հունիս, Երևան, հայ-ամերիկյան գիտաժողով,
- 2011թ. հուլիս, Երևան, Ակնաբուժության գիտաժողով Հայաստանի
3-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում,
- 2011թ. հուլիս, Երևան, հայ-ամերիկյան գիտաժողով։