Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նորմալ անատոմիայի ամբիոն

Պատմություն

1922թ.-ի մարտի 15-ին Երևանի պետական  համալսարանում ստեղծվում է բժշկական ֆակուլտետ, որի բազայի վրա հիմնադրվում է բժշկական ինստիտուտը: Վ. Արծրունու նախաձեռնությամբ հիմնադրվում է անատոմիայի ամբիոնը: Անատոմիայի ամբիոնը տեղակայված է եղել նախկին լվացքատան երկու խարխուլ սենյակում, որոնք գտնվում էին ախոռատան կողքին: Դասերը տեղի էին ունենում լամպի լույսի տակ կամ ախոռատան բակում, չկային հայերեն լեզվով ձեռնարկներ և դասագրքեր: 1923թ հրատարակվեց Վ. Արծրունու անատոմիայի առաջին դասագիրքը, 1924թ-ին՝ <<Ռուսերեն–լատիներեն-հայերեն բժշկագիտական տերմինների բառարան>>-ը,  որը հայկական բժշկագիտական տերմինաբանության զարգացման հիմքը հանդիսացավ (Հ. Հովհաննիսյան, Հ. Հակոբյան, Ա. Բեկզադյան, Վ. Գրիգորյան)։ Մանկավարժական աշխատանքները, այդ թվում` դասախոսություններն ու գործնական պարապմունքները, ավելի բարձր մակարդակի հասան, երբ 1926թ.-ին Ա. Թամանյանի նախագծով կառուցվեց անատոմիկումի մասնաշենքը: Վ. Արծրունու նախաձեռնությամբ, ամբիոնը տեղափոխվեց և մինչև այսօր էլ գործում է անատոմիական մասնաշենքի երկրորդ հարկում:

Վ. Արծրունու նախաձեռնությամբ ամբիոնին կից ստեղծվել է անատոմիական թանգարան, որը հետագայում կոչվել է նրա անունով: Թանգարանը կարճ ժամանակում հարստացել է անհրաժեշտ ցուցանիշներով և հետագայում մեծ դեր է ունեցել ուսանողների ուսուցման և դաստիարակության գործում: Տարբեր տարիներին ամբիոնում աշխատել են՝ Ե. Թ. Շեկ-Հովսեփյանը, Ե. Ա. Բայրամյանը, Հ. Հակոբյանը, Լ.Վ. Վարդանյանը, Ա. Ա. Սարաֆյանը, Ք. Մ. Այվազյանը, Շ. Թ. Պետրոսյանը, Հ. Մ. Այնաջյանը, Լ. Սարգսյանը, Լ.Ա. Մանուկյանը, Գ.Պ. Քյալյանը և ուրիշներ:

  Անատոմիայի ամբիոնը ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով ապահովելու  նպատակով ունի համապատասխանող գիտամանկավարժական բազա՝ թանգարան, ցուցանմուշներով, նկարներով, մուլյաժներով հագեցված լսարաններ և դասասենյակներ: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը տիրապետում է առարկայի դասավանդման և գիտելիքների ստուգման արդիական մեթոդներին և բարձր մակարդակի դասավանդում է ապահովում համալսարանի բոլոր ֆակուլտետներում` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Ամբիոնի նոր ձեռքբերումներից է ինտերակտիվ ուսուցողական ծրագրեր պարունակող անատոմիական սեղանը, որը հնարավորություն է ընձեռնում ուսանողին մարդու մարմնի կառուցվածքը ուսումնասիրել եռաչափ պատկերով, նպաստելով ուսանողի մոտ տարածական պատկերացման ստեղծմանը:

Ուսուցում

Ամբիոնում իրականացվում է «Մարդու անատոմիա» առարկայի ուսուցում։ Առարկան դասավանդվում է ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների հայալեզու, ռուսալեզու, անգլալեզու I և II կուրսի ուսանողներին։ Առարկան ընդհանուր բժշկության ֆակուլտետում դասավանդվում է I, II, III կիսամյակներում, իսկ ստոմատոլոգիական ֆակուլտետում` I և II կիսամյակներում` գործնական պարապմունքների և դասախոսությունների ձևով: Առարկայի ուսումնառությունը և ատեստավորումը իրականացվում է մոդուլային ձևաչափով` գնահատման բազմաբաղադրիչ համակարգով: Յուրաքանչյուր մոդուլի գիտելիքների գնահատման համակարգում բաղադրիչների համամասնությունը (10 բալային համակարգ) հետևյալն է` կիսամյակային բաղադրիչ` 2  միավոր (20%) և քննական բաղադրիչ` 8 միավոր (80%): Մոդուլային համակարգում առարկան ուսումնառվում է  ռադիոլոգիայի, կլինիկական անատոմիայի, հյուսվածաբանության, ֆիզիոլոգիայի հետ համատեղ:

Կիսամյակային բաղադրիչը ձևավորվում է կիսամյակի ընթացքում բաղադրիչների միավորների գումարով (առավելագույնը 2 միավոր (20%)): Այն իր մեջ ներառում է  անատոմիական ատլասներից օգտվելու ունակության ստուգում նկար թեստերի ձևով, անատոմիական գոյացությունների ճանաչում (գործնական ունակության ստուգում)` բանավոր հարցման ձևով և ընթացիկ բանավոր հարցումներ: Քննական բաղադրիչը ձևավորվում է համակարգչային թեստային քննությունից ստացած միավորով (առավելագույնը 8 միավոր (80%)): Մոդուլի վերջնական գնահատականը ձևավորվում է առարկայական բաղադրիչների կիսամյակային բաղադրիչների և քննական բաղադրիչի գումարով:

Ամբիոնում ուսումնական գործընթացը իրականացնելու նպատակով օգտագործվում են անատոմիական նկարներ, ատլասներ, պատրաստուկներ, մոդելներ, որոնք անընդհատ նորացվում են և համալրվում: 2021թ. ամբիոնը համալրվեց Պիրոգովի անատոմիական սեղանով, որը նպաստում է մատուցվող նյութի հեշտ ըմբռնմանը և ստացած գիտելիքների ամբողաջացմանը:

Գիտահետազոտական աշխատանքներ

Վերջին տարիների ընթացքում ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները տարվել են միկրոշրջանառության հունի առանձնահատկությունների ուսումնասիրման ուղղությամբ՝ ինչպես կլինիկայում, այնպես էլ փորձարարական պայմաններում։ Հետազոտությունները կատարվում են կլինիկական բժշկության պահանջներից ելնելով և ստացված նոր փաստացի տվյալների գործնական կիրառման հեռանկարով։

Ամբիոնում կատարվում են հետևյալ գիտահետազոտական  աշխատանքները՝

  • Էքստրա և ինտրապինեալային մելատոնինի դերը ենթաստամոքսային գեղձի արտազատիչ և ներզատիչ ֆունկցիաների մոդուլյացիոն պրոցեսներում:
  • Մելատոնինի դերը միկոկարդի կծկման ակտիվության և միկոցիրկուլյատոր ուղիների թափանցելիության կարգավորման գործընթացներում:
  • Մարսողական խողովակի, բարակ աղիքների և որդանման ելունի լիմֆոիդ ապարատի կառուցվածքաֆունկցիոնալ բնութագիրը Կրաշ համախտանիշի ժամանակ:
  • Հիպոթալամոհիպոֆիզար, մակերիկամային համակարգի կառուցվածքային ֆունկցիոնալ փոփոխությունները երկարատև ճնշման համախտանիշի պայմաններում:
  • Պրե-, պերի-, նեոնատալ և ժառանգական ռիսկի գործոնների դերը աուտիկ խանգարումների առաջացման գործում:

Պրոֆեսորադասախոսական կազմ

 

Անուն,ազգանուն,հայրանուն Ամբիոնում զբաղեցրած

պաշտոն

Գիտական աստիճան Գիտական կոչում
1 Բարոյան Կարինե Մինասի ամբիոնի վարիչ,

դոցենտ

Բ.գ.թ. դոցենտ
2 Հարությունյան Աննա Ջոնիկի դոցենտ Բ.գ.թ. դոցենտ
3 Վարդազարյան Վարդան Մարտինի դոցենտ Բ.գ.թ.
4. Զարգարյան Անահիտ Լևոնի դոցենտ Բ.գ.թ.
5. Մինասյան Մարիաննա Արտավազդի դոցենտ Բ.գ.թ.
6. Խաչատրյան Ժուլիետա Ռուբենի դասախոս
7. Մկրտչյան Կարինե Գաբրիելի դասախոս
8. Դանիելյան Նաիրա Ստեփանի դասախոս
9. Աթոյան Անահիտ Գրիշայի դասախոս
10. Մխիթարյան Մերի Աշոտի դասախոս
11. Մխիթարյան Գայանե Կոնստանտինի դասախոս
12. Հովհաննիսյան Վիլենա Վալենտինի դասախոս
13. Բախշյան Սյունե Մյասնիկի ասիստենտ