Պատմություն
1971թ. – ուռուցքաբանության դասընթաց վիրաբուժության ամբիոնին կից (Մ.Խ. Հայրապետյան), բազան` Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ
1975թ. կազմակերպվել է ՈՒռուցքաբանության ամբիոն, բազան` Բժշկական ռադիոլոգիայի ինստիտուտ, ամբիոնի վարիչ` Մ.Խ. Հայրապետյան
1981թ.-ից ուռուցքաբանության ամբիոնը տեղակայվել է Բ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒռուցքաբանության գիտական կենտրոնում
1985թ. ռենտգենոլոգիայի, ռադիոլոգիայի և ուռուցքաբանության ամբիոնները միավորվել են, ամբիոնի վարիչ` Հ.Ա. Դանիելյան
1993թ.-ին ամբիոնը վերանվանվել է Ռադիացիոն դիագնոստիկայի, ռադիացիոն թերապիայի և ուռուցքաբանության անվանումով, ամբիոնի վարիչ` Վ.Ս. Բարսեղյան
2004թ. ամբիոնը վերաբաժանվել է` Ռադիացիոն ախտորոշման (վարիչ` Ա.Մ. Համբարձումյան) և ուռուցքաբանության (վարիչ` Վ.Ս. Բարսեղյան)
2009թ. ամբիոնը վերակառուցվել է, բազաները հանդիսացել են Մուրացան համալսարանական հիվանդանոցը և ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնը, ամբիոնի վարիչ` Ս.Հ. Դանիելյան
2016թ. նոյեմբերից ամբիոնի վարիչն է Ա.Հ. Տանանյանը
Ուսուցումը
Ուռուցքաբանության դասընթացը կազմակերպվում է Բ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, “Մուրացան” համալսարանային կլինիկայի Քիմիոթերապիայի բաժանմունքում` ցիկլային պարապմունքների և դասախոսությունների ձևով:
Գործնական պարապմունքների ժամանակ ուսանողները ծանոթանում են ուռուցքաբանության հիմնական դրույթներին, ուռուցքների ախտորոշման և բուժման առանձնահատկություններին, յուրացնում են ուռուցքային հիվանդությունների պատմագրերի լրացման առանձնահատկությունները, տարաբաժանում են չարորակ և բարորակ ուռուցքները: Նրանք կարողանում են տարբերել հիվանդության զարգացման փուլերը ըստ դասակարգման TNM համակարգի: Ուսանողներն ուսումնասիրում են ախտորոշման մորֆոլոգիական մեթոդներ (դաջվածք, քերուկ, պունկցիոն, էքսցիզիոն, ինցիզիոն և տրեպան բիոպսիաներ) և ախտորոշման այլ եղանակներ: Ամբիոնում ուսուցանում են ուռուցքաբանության ոլորտում կիրառվող բուժման հիմնական մեթոդները, ցուցումները և հակացուցումները՝ տարբեր տեղակայության ուռուցքային հիվանդությունների ժամանակ: Ուսանողները նաև ծանոթանում են ուռուցքային հիվանդների դիսպանսերիզացիայի առանձնահատկություններին:
Հետդիպլոմային ուսուցումը
Ամբիոնում հետդիպլոմային ուսուցումը՝ կլինիկական օրդինատուրան՝ ուռուցքաբանություն մասնագիտությամբ կազմակերպվում է 2 տարվա տևողությամբ, իսկ ասպիրանտուրան՝ 3:
Գիտահետազոտական աշխատանքները
Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներն ընդգրկում են տարբեր տեղակայումների չարորակ նորագոյացությունների բուժման առանձնահատկությունները: